Շուրջ երկու տարի առաջ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Ս.Արամյան) հապճեպորեն լուծարել է ԱՄՆ-ի քաղաքացիներ Մարտին Ասրաթյանի եւ նրա կնոջ` Նունե Ասրաթյանի ամուսնությունը, որը 1990թ. գրանցված է եղել Երեւանի Արաբկիրի տարածքային բաժնի ՔԿԱԳ ամուսնության ակտերի գրքում:
Ամուսիններն ունեցել են երեք երեխա, հետո ընտանիքով մեկնել են Հայաստանից եւ բնակություն հաստատել ԱՄՆ-ում: Երկուսն էլ ընդունել են ԱՄՆ-ի քաղաքացիություն: 2008-ից լարված հարաբերությունների պատճառով այլեւս միասին չեն ապրել:
Նունեն դեռեւս 2009-ի մայիսին դիմել է Բելգիայի Անտվերպեն քաղաքի 1-ին ատյանի դատարան` ամուսնալուծվելու հայտով: Դատական ակտերի կատարածու Է. Լիբրեխտը Մարտիկ Ասրաթյանի անվամբ ծանուցագիր է ուղարկել ըստ նրա փաստացի բնակության վայրի` կրկնօրինակը հանձնելով Անտվերպենի 1-ին ատյանի դատախազին: Պատասխանողի համաձայնության դեպքում 2-րդ նիստը նշանակվում է նախնական նիստին հաջորդող 3 ամսվա ընթացքում: Մեզ համար անհայտ է պատասխանողի (Մարտինի)` ծանուցագիրը ստանալու փաստը, քանի որ վերջինս մեկ ամիս անց` 18.06.09., նույն հայտով դիմում է ՀՀ Քանաքեռ-Զեյթունի 1-ին ատյանի դատարան, որտեղ հենց նույն օրն էլ գործը վարույթ է ընդունվում` առանց ձգձգումների, եւ 16.07.09թ. նշանակված դատաքննությունից մեկ շաբաթ հետո ամուսնալուծության վճիռ է կայացվում Ս.Արամյանի կողմից:
Եւ սա այն դեպքում, երբ ՀՀ-ում գործերի քննության այլ պրակտիկա է ձեւավորված` ձգձգումներ, որոնք ամեն անգամ բացատրվում են դատարանների գերծանրաբեռնվածությամբ:
Ինչեւէ, տեսնելով, որ դատարանը հակված է առանց պատասխանողի փաստարկների վճիռ կայացնել, պատասխանողի ներկայացուցիչ Օլգա Սաֆարյանը միջնորդություն է ներկայացնում դատարան` կարճելու վարույթը մի շարք պատճառներով, մասնավորապես, նույն հայցը մինչ այդ լսվել է այլ դատարանում, եւ որ ամենակարեւորն է, կողմերից 2-ն էլ ԱՄՆ-ի քաղաքացիներ են: Օ.Սաֆարյանը սխալ է համարել դատարանի այն հիմնավորումը, թե Նունե Ասրաթյանը ՀՀ քաղաքացի է՝ ըստ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության կողմից 08.06.09-ին տրված գրության եւ ներկայացրել է ՀՀ ոստիկանության 002-ի կողմից 03.11.2004-ին Նունե Գուրգենի Ասրաթյանի անվամբ տրված անձնագրի տիրոջ` ԱՄՆ-ի քաղաքացի լինելը: Սակայն դատարանը սա հիմք չի ընդունել` պատճառաբանելով, որ այն բնօրինակը չէ: Մի՞թե ընդամենը տեղեկանքն ավելի համոզիչ է, քան ինքը` անձնագրի պատճենը: Տրամաբանական է, որ դատարանը հակված էր շուտափույթ ամուսնալուծության որոշում կայացնելու` համարելով, որ կողմերից մեկը (Նունեն) ՀՀ քաղաքացի է: Այլ դեպքերում ՀՀ դատարանն իրավասու չէ լուծելու ոչ ՀՀ քաղաքացիների (օտարերկրացու) ամուսնությունը: Փաստաբանը միջնորդել է մի քանի օրով հետաձգելու դատաքննությունը, քանի որ հուլիսի 25-ից հետո պատասխանողն ինքն էր գալու Երեւան, եւ բնական է, որ նա իր հետ կբերեր նաեւ իր անձնագրի բնօրինակը: Սակայն միջնորդությունը հակառակ ազդեցություն է ունեցել դատավոր Ս.Արամյանի վրա, որը ոչ թե 2 օրով հետաձգել, այլ 2 ժամ առաջ է կայացրել վճիռը: Այդ մասին է խոսում հենց այն փաստը, որ մինչեւ խորհրդակցական սենյակ հեռանալը, դատարանը գնահատել եւ նախապատվություն է տվել միայն Մ.Ասրաթյանի ներկայացրած տեղեկանքին: Դա ակնհայտ է դառնում դատանիստի ձայնային վերարտադրությունից, որտեղ Ս.Արամյանն արտահայտվում է այսպես. «Չէ՞ որ հայցվորը ներկայացրեց ապացույց այն մասին, որ պատասխանողը ՀՀ քաղաքացի է…»: Բայց չէ՞ որ ըստ գործող օրենքի` դատարանի համար որեւէ ապացույց նախապես հաստատված ուժ չպետք է ունենա (Թ.Ա.):
Ինչեւէ, գալով Հայաստան` Նունեն վերաքննիչ բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան` փաստերով հիմնավորելով Քանաքեռ-Զեյթուն համայնքների 1-ին ատյանի դատարանի աչառու լինելու հանգամանքը եւ խնդրել բեկանել վճիռը` պատասխանատվության ենթարկելով դատավորին: Սակայն Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել 1-ին ատյանի դատարանի վճիռը: Հետաքրքիր է, թե դատավոր Արամյանն ում թողտվությամբ է դարձել «բեզ պրեդել» եւ որ արժանիքի համար:
ՀԱՊՃԵՊ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԹԵՐԵԶԱ ԱՍԱՏՐՅԱՆ