Armenian text to speach

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱԿՏԻՎ ԵՎ ՀԱՍԱՆԵԼԻ ՌԵՍՈՒՐՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը պաշտոնապես հայտարարում է Հայկական մշակութային ժառանգության ինստիտուտի մեկնարկի մասին, ինչը կարեւոր քայլ է հայկական ժառանգության փաստագրման, պահպանման եւ ստեղծագործական ակտիվացման համար։

 

Ինստիտուտը հիմնադրել է Թումոյի գլխավոր տնօրեն Մարի Լու Փափազյանը` այն ձեւավորվելով 2020 թվականին Թումոյի` Հայկական ժառանգության սկանավորման ծրագրից:

Ինստիտուտի նպատակն է հայկական ժառանգությունը վերածել ակտիվ եւ հասանելի ռեսուրսի ոչ միայն անցյալը պահպանելու, այլեւ մշակութային նոր արտահայտչաձեւեր խրախուսելու համար։ Ինստիտուտը ղեկավարելու է Հյուլէ Քէշիշեանը։

Կարեւոր ձեռքբերում է նաեւ նորաբաց Ինստիտուտի բաց հարթակը՝ armenianculturalheritageinstitute.org-ը:

Հարթակը բաց է լայն հանրության առջեւ։ Այստեղ հնարավոր է լիովին հասանելի եռաչափ մոդելների միջոցով ուսումնասիրել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ժառանգությունը, բացահայտել դրանց պատմությունները եւ մանրամասնորեն զննել յուրաքանչյուր դետալ՝ հետազոտության, կրթության եւ ստեղծագործական ոգեշնչման համար։

Ժառանգության թվայնացմանն ուղղված աշխատանքներին զուգահեռ ինստիտուտը ձեւավորում է ժառանգության վերաբերյալ նախաձեռնությունների ընդգրկուն էկոհամակարգ. հավաքագրում է հուշարձանների եւ համայնքների հետ կապված բանավոր պատմությունները, գրանցում է ավանդույթները եւ պահպանում ձայնային եւ երաժշտական ժառանգությունը՝ միաժամանակ պատրաստելով ժառանգության հետ աշխատող հաջորդ սերնդին։

Ինստիտուտի առաքելությունն է ապահովել մշակութային հիշողության կենսունակությունը, արդիականությունը եւ հասանելիությունը արտահայտման նոր ձեւերի համար։

Հայկական մշակութային ժառանգության ինստիտուտը նպատակ ունի վերամտածելու՝ ինչպես է ժառանգությունը պահպանվում եւ նոր շունչ ստանում եւ ապահովելու, որպեսզի ժառանգությունը հանդիսանա համընդհանուր ռեսուրս, մշակութային իրավունք եւ նոր ստեղծարարության հիմք:

Այս նախաձեռնությունն անչափ կարեւոր քայլ է հայկական մշակույթի ապագայի համար։ Այն ոչ միայն կապահովի մեր պատմության պահպանությունը, այլեւ համաշխարհային մշակութային հարստության մեջ կհամախմբի հայկական ինքնությունը։ Արժե արձանագրել, որ այսպիսի ծրագրերը միայն հետազոտության ու պահպանման մակարդակում չեն ավարտվում, դրանք, սկսելով անցյալի տարրերից,  իրենց հերթին հաղորդակցվում են ապագայի հետ։

Հուսանք, որ Հայկական մշակութային ժառանգության ինստիտուտը կդառնա մշակութային նորարարությունների սերմ, իսկ դրա գործիքներն ու ռեսուրսները՝ հանրության լայն շրջանակների համար մշակութային ոգեշնչման աղբյուր։

Սա լավ հնարավորություն է հատկապես երիտասարդների համար, ովքեր կարող են այս հարթակով համաշխարհային դիտանկյունից նոր հնարավորություններ բացահայտել։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

ԱՆԳԼԵՐԵՆ Է ԹԱՐԳՄԱՆՎԵԼ ԲԱԿՈՒՆՑԻ «ՄԻՐՀԱՎ»-Ը

Հասմիկ Հովակիմյանն անգլերեն է թարգմանել Ակսել Բակունցի «Միրհավ» պատմվածքը՝ նպատակ ունենալով Բակունցի խոսքի նրբությունն ու զգայական հարուստ աշխարհը հասանելի դարձնել նաեւ օտարալեզու ընթերցողին։

«Միրհավ»-ը Բակունցի լիրիկական պատմվածքներից է, որում բնությունը դառնում է մարդու ներաշխարհի հայելին։

Պատմվածքի կենտրոնում են գյուղական պարզ մարդիկ՝ իրենց լռությամբ, սպասումով ու չասված զգացմունքներով։

Միրհավ թռչունը հանդես է գալիս որպես խորհրդանիշ՝ հիշողության, կորստի եւ անցնող ժամանակի։ Կերպարներն ապրում են բնության հետ ներդաշնակ, իսկ նրանց ապրումները փոխանցվում են մեղմ, բայց խոր հուզական լեզվով։

Գիրքը կարելի է ձեռք բերել տարբեր գրախանութներից:

 

 

 

ՀԱՃԵԼԻ ԱՆԱԿՆԿԱԼ՝ ՓՈՔՐԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանն Ամանորի տոներին՝ դեկտեմբերի 19-ից հունվարի 4-ը, փոքրիկ այցելուներին եւ նրանց ծնողներին հրավիրում է «Լույսի ծածկագիրը» ինտերակտիվ տիկնիկային ներկայացմանը։

Ներկայացումը ստեղծվել է վարպետի մանկական ստեղծագործությունների հիման վրա եւ միավորում է գիտությունը, կրթությունը, սերը, իմաստությունն ու ճշմարտությունը։

Միջոցառումն իրականացվում է Ավետիք Իսահակյանի 150-ամյակի հոբելյանական ծրագրի շրջանակում։

Ներկայացումը հանդիսատեսին կտեղափոխի Իսահակյանի հեքիաթային աշխարհ՝ ստեղծելով տոնական, ջերմ եւ կախարդական մթնոլորտ։ Փոքրիկներն ու մեծերը միասին կպարզեն՝ որն է «Ամենապիտանի բանը», կփորձեն հասնել «Արեւի մոտ» եւ կհանդիպեն «Նուկիմ քաղաքի խելոքներին»։

Ինտերակտիվ ձեւաչափը երեխաներին հնարավորություն կտա դառնալու ներկայացման անմիջական մասնակից։

 

Ներկայացումների ժամանակացույցը

Դեկտեմբերի 19՝ ժամը 16:00

Դեկտեմբերի 20-21՝ 14:00

Դեկտեմբերի 26՝ 16:00

Դեկտեմբերի 27-28՝ 14:00

Դեկտեմբերի 29-30՝ 16:00

Հունվարի 3-4՝ 14:00

Տարիքային խումբը՝ սկսած 3 տարեկանից։

Ներկայացման սցենարիստն եւ ռեժիսորը Քրիստինե Ասրյանն է, դերասանուհի, վարող՝ Ալլա Սահակյան, բեմանկարիչ՝ Սուսաննա Հախվերդյան, տիկնիկագործ՝ Նանե Զորաբյան, երաժշտությունը՝ Էլլադա Սայադյանի:

 




Լրահոս