Այս հայտարարությունը իր բնույթով շատ հեռու է Հայոց ցեղասպանության ճանաչումից և միաժամանակ նոր մակարդակներ է ավելացնում այն ժխտմանը, որ սկիզբ է առել պաշտոնական Անկարայից:
Այս մասին ասվում է Ամերիկայի Հայկական Համագումարի արձագանքում՝ ի պատասխան՝ Էրդողանի Հայոց Ցեղասպանության վերաբերյալ արված հայտարարությանը. «Հայոց Ցեղասպանության 1.5 մլն զոհերի հիշատակի նախօրյակին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հանդես եկել է հայտարարությամբ:
Սակայն այս հայտարարությունը իր բնույթով շատ հեռու է Հայոց ցեղասպանության ճանաչումից և միաժամանակ նոր մակարդակներ է ավելացնում այն ժխտմանը, որ սկիզբ է առել պաշտոնական Անկարայից: Թուրքիայի Հանրապետության՝ Հայոց ցեղասպանության զոհերի հետնորդներին ուղղված հայտարարությունը խնդրի հանգուցալուծմանը չի բերի` առանց իր ցեղասպան ժառանգության լիարժեք ընդունման:
«Հայոց ցեղասպանության զոհերը չեն կարող խաղաղությամբ ննջել, քանի դեռ Թուրքիան շարունակում է ցեղասպանության ժխտողականության իր քարոզարշավը»,-հայտարարել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին` հավելելով. «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը խոչընդոտելու համար միլիոնավոր դոլարներ ծախսելու փոխարեն, թուրքական կառավարությունը պետք է անդրադառնա ցեղասպանության հետևանքներին և իր ժխտողականության 99 տարիներին»:
Համագումարը քաջալերված է նրանով, որ անշրջելի միտում է նկատվում Թուրքիայի հասարակության մեջ, որը սկսել է հարցականի տակ դնել թուրքական պաշտոնական թեզերը և ձգտում է տեղեկանալ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ճշմարտության մասին: Թուրքիայում գիտնականների և լրագրողների թիվը գնալով աճում է. Օրհան Փամուքից մինչև Էլիֆ Շաֆաք, Ռագըփ Զարաքոլուից մինչև Հրանտ Դինք խիզախորեն խոսում են Հայոց ցեղասպանության մասին»: