ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԴՐԱԾՈՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նելսոն Ոսկանյանը Գորիսի քաղաքապետն է, ինչպես այստեղ են ասում` Լիսկայի ստվերը, ով առանց գորիսեցի մարզպետի ոչ մի քայլ չի անում: Ոմանք անգամ ասում են, թե իսկական քաղաքապետը Լիսկան է, իսկ ահա Ոսկանյանը պարզապես զբաղեցնում է քաղաքապետի աշխատասենյակը, որպեսզի մեկ ուրիշը հավակնություններ չունենա:
Քաղաքապետի նախորդ ընտրություններում «Վարարակն» ՍՊԸ-ի սեփականատերն առաջադրեց իր թեկնածությունը, սակայն Գորիսի «տիրակալն» ամեն ինչ արեց, որպեսզի ընտրվեր Նելսոն Ոսկանյանը… Դեռ ընտրությունների ժամանակ Սուրիկ Խաչատրյանը հայտարարել էր, որ ձայն տալով Նելսոնին` իրեն են ձայն տալիս… Եւ ինչպե՞ս չասեր, երբ Գորիսում ամեն ինչ Սուրիկ Խաչատրյանն է որոշում, ամեն ինչ իր առանցքի շուրջ է պտտվում: Նելսոն Ոսկանյանին էլ մարզպետն առանց «բաժնի» չի թողնում. քաղաքապետը գրեթե աննշան գնով սեփականաշնորհեց նախկին «Գորիս» հյուրանոցը, ստեղծեց «Գլորիա»-ն, որը, բնականաբար, քաղաքապետի միակ սեփականությունը չէ այս քաղաքում: Անգամ քաղաքապետարանին պատկանող մեքենաներն այստեղ օգտագործվում են սեփականի պես: Գորիսում դեռ չեն մոռացել այն մասին, որ քաղաքապետի որդին վրաերթի էր ենթարկվել` վարելով քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող ավտոմեքենան: Տարօրինակն այն էր, որ հայր-քաղաքապետն արդարացրել էր կատարվածը` ասելով, թե ինքն էր որդուն հանձնարարել վարել համայնքային սեփականություն համարվող մեքենան…
Նա կարող էր արդարացնել նաեւ բոլոր նրանց, ովքեր այս քաղաքում գործում են քաղաքապետի հաստատած «օրենքներով»` ամեն ինչ հպատակեցնելով իրենց կամքին: Քաղաքապետն այնքան է իրեն տիրակալ կարծում, որ օգտագործում է նաեւ Վաղարշյանի անվան թատրոնի հաշվեկշռում գտնվող մի ահռելի տարածք, նրան են պատկանում տաքսի ծառայություն, մի քանի խանութ… Իսկ ահա Գորիսում աշխատատեղերի խնդիր կա, առկա է գործազրկությունը, շատերը չեն կարողանում լուծել սոցիալական խնդիրները: Բայց կարեւորն այն է, որ քաղաքապետը լավ է ապրում… Եւ ոչ միայն նա. Գորիսը բաժանված է երկու մասի` Սուրիկ Խաչատրյանի եւ Նելսոն Ոսկանյանի սեփականության, ամեն մեկն իր բաժինն ունի այստեղ, ինչն էլ շատերին ստիպում է լռել, չխոսել: Ասում են, որ Տաթեւի ճոպանուղու տարածքում Լիսկայի սեփականաշնորհած տարածքների մի մասն էլ քաղաքապետին է պատկանում:
Հարուստ չէ Նելսոն Ոսկանյանի կենսագրությունը, միշտ եղել է «երկրորդ պլանի» աշխատող` միակ թռիչքն ապրելով քաղաքապետ ընտրվելով: Ավարտել է Հայկական պետական գյուղատնտեսական ինստիտուտի հիդրոմելորացիայի ֆակուլտետն ու ստացել ճարտարագետ-հիդրոտեխնիկի մասնագիտություն: Աշխատել է Որոտանի ոռոգման եւ ջրարբիացման համակարգում որպես ավագ ճարտարագետ, տեղամասի պետ, «Հայկոոպշին»-ի Գորիսի շինվարչության պետ, Գորիսի ճանապարհաշինության եւ շահագործման ՊՓԲԸ տնօրեն, որտեղ ժամանակին, ինչպես խոսում էին, եղել են բազմաթիվ չարաշահումներ, որոնց մասին, սակայն, հրահանգվել էր լռություն պահպանել, հետո էլ անցել է սեփական բիզնեսին… Նրա բիզնեսի մասին կենսագրության մեջ ոչինչ չի գրվել, բայց ահա նշվում է, որ մասնակցել է հայրենիքի սահմանների պաշտպանությանը… 2000թ-ին դարձել է ՀՀԿ անդամ եւ ընտրվել քաղաքապետ: Ուրեմն, ամենաերկարակյաց քաղաքապետերից մեկն է, ով փոխարինել է Սուրիկ Խաչատրյանին եւ դարձել նրա «լիազոր-ներկայացուցիչը» Գորիսում:
Գորիսն իսկապես բարձիթողի մատնված քաղաք է, ուր գրեթե շինարարություն չի ծավալվում, մեր ամենագեղեցիկ քաղաքներից մեկում քաղաքապետարանը որեւէ ծրագիր չի իրականացրել, միայն մասնավոր նախաձեռնություններով կառուցվել են սրճարաններ, մի քանի խանութ… Մշակութային օջախները քաղաքապետարանի կողմից բացարձակ անտերության են մատնված, բայց ահա պաշտոնների նշանակելիս քաղաքապետն ակտիվանում է, ամենուրեք տեղավորում յուրայիններին: Հիշենք Ա.Բակունցի տուն-թանգարանի վարիչի նշանակման պատմությունը, երբ քաղաքապետն ու մարզպետն ամեն ինչ անում էին` պատահական մի մարդու այստեղ վարիչ նշանակելու համար:
Գորիսը երեկոյան ժամերին թաղված է մթության մեջ, իսկ ահա քաղաքապետի` անցուցանակ հյուրանոցը ողողված է լույսերի մեջ: Գորիսեցիները համակերպվել են ստեղծված կացության հետ, բայց վախենում են բարձրաձայն քննադատել քաղաքապետի գործունեությունը, որովհետեւ ամենակարող Լիսկայի ձեռքն ամենուրեք է, նա կարող է «գլուխ բարձրացնող» ցանկացած մեկին լռեցնել…
Գորիսեցիները չեն կասկածում, որ եթե իրավիճակ չփոխվի երկրում ու մարզում, եթե Սուրիկ Խաչատրյանը մնա մարզպետի պաշտոնում, ապա հաջորդ ընտրություններում դարձյալ Ոսկանյանն է դառնալու համայնքի ղեկավար: Ինչպես ասում են` նրան այդ պաշտոնը տրվել է որպես ճակատագրական ժառանգություն…

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս