ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՆ ՏԱԼԻՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս «Ժողովուրդ»-ի խմբագրությունը Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ, երկրորդ խմբի հաշմանդամ Համլետ Հայկարամի Հարությունյանից նամակ էր ստացել, որով վերջինս խնդրում է օգնել իրեն` պարզելու, թե ինչու ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը չի բավարարում իր` հայրական տան ժառանգությունը ստանալու օրինական պահանջը:  
Նամակում նա  նշում է, որ ծնվել, մեծացել եւ մինչ օրս ապրում է  հայրական տանը:  1955թ-ին` մոր մահից հետո, հայրը երկրորդ անգամ է ամուսնացել, սակայն  1991թ-ին` ծնողների մահից հետո, ինքն է բնակվում այդ բնակարանում: Նա 2009թ-ի ապրիլին դիմել է նոտարին հայրական տունը որպես ժառանգություն ստանալու խնդրանքով, սակայն վեց ամիս շարունակ փաստաթղթեր պահանջելուց հետո նոտարը մերժել է քաղաքացուն` նշելով, որ թղթերի մեջ բացակայում է քաղաքացու մոր ծննդյան վկայականը:  
Նոտարի կողմից մերժում ստանալուց հետո Համլետը ստիպված դիմել է  փաստաբան Լուսինե Ավագյանի օգնությանը, որի միջոցով էլ առաջին անգամ հայցով դիմել է  դատարան  եւ ստացել մերժում: Այնուհետեւ  քաղաքացի Հ.Հարությունյանը դիմել է տեղական թեժ գծին, որի  սրտացավ եւ ջերմ վերաբերմունքի համար հայտնում է իր խորին շնորհակալությունը: Առաջին ատյանի կողմից առաջին անգամ մերժում ստանալուց հետո փաստաբան Լ.Ավագյանի օգնությամբ Համլետը երկրորդ եւ երրորդ անգամ է դիմել առաջին ատյանի դատարան եւ երկու անգամ էլ ստացել մերժողական պատասխան: Երեք անգամ առաջին ատյանի կողմից  մերժողական պատասխան ստանալուց հետո նա փաստաբանի հետ հայցով դիմել է  Վերաքննիչ դատարան, որտեղ կրկին մերժում է ստացել: Ապա նրանք դիմել են Գեղարքունիքի մարզպետարան, որտեղից էլ ստացել են հետեւյալ պատասխանը.
«Ձեր 20.04.2011թ.-ի թիվ 100/2259-11 դիմումն ուսումնասիրելուց հետո հայտնում ենք, որ  ձեր դիմումում բարձրացված հարցի  կապակցությամբ (հայրական տան ժառանգությունը ստանալուն միջնորդելու խնդրանքով) Ձեր կողմից հայցապահանջ է ներկայացվել ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանին: Եւ դատարանի 13.04.2011թ.-ի թիվ ԳԴ 00089/02/11 վճռի համաձայն` ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Թամրազյանը, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության 48.6  հոդվածի, մերժել է քաղաքացի Համլետ Հայկարամի Հարությունյանի հայցը»:
Նշենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության 48.6 հոդվածում ասվում է. «Եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում  փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետեւանքները կրում է այդ փաստի ապացուցման  պարտականությունը կրող կողմը»:
 Գեղարքունիքի մարզպետարանից քաղաքացի Հ. Հարությունյանին ուղղված պատասխանում նշել են նաեւ, որ  համաձայն  ՀՀ քաղաքացիական  դատավարության օրենսգրքի  205 հոդվածի` նա  կարող է դեռեւս օրինական ուժի  մեջ չմտած  վճիռը բողոքարկել  ՀՀ վերաքննիչ դատարանում:  
Դատական ատյաններում իր երկարատեւ եւ ապարդյուն պայքարից հիասթափված քաղաքացին մեզ ուղղված նամակի վերջում գրել է. «Ինչո՞ւ մարդը  գործով եւ հույսով  դիմում է  ինչ-որ կառույցի եւ հիասթափվում: Սա հարց է, որ պետք է բարձրացվի եւ վերջնականապես լուծում ստանա:  Այսօր կամ վաղը չէ, քանի տարի է պետք, որ  մարդը կարողանա ապացուցել, որ ինքը մարդ է եւ լիարժեք հասարակության անդամ»:

ՄԵՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆ




Լրահոս