Դատական համակարգին շարունակում է մտահոգել ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով ակնհայտորեն սահմանափակվում են դատավորների անկախության երաշխիքները։ Մասնավորապես, նոր նախագծով առաջարկվում է դատավորների նկատմամբ վարույթ հարուցելու համար ընդամենը 4 կողմ ձայն՝ 11 անդամից։ Տեղեկացնենք, որ այս պահին հանձնաժողովը բաղկացած է 8 անդամից, որից 6-ը դատավոր են, 2-ը՝ ոչ դատավոր անդամներ, որոնք ընտրվում են Դատավորների ընդհանուր ժողովի կողմից։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ նոր նախագծով անդամների թիվը ավելացվում է՝ կազմված է լինելու 11 անդամից, որից 5-ը՝ ոչ դատավոր անդամ, 6-ը՝ դատավոր։ Մասնագետները համոզված են, որ նշվածը խոցելի է դարձնելու դատավորներին, քանի որ հասարակական սեկտորի ներկայացուցիչներով հանձնաժողովը փորձելու է հագեցնել, ճնշել և կարգապահական վարույթներ հարուցել դատավորների նկատմամբ, որովհետև ոչ դատավոր անդամներից 5-ից 4-ի կողմ քվեարկության պարագայում ցանկացած դատավորի նկատմամբ հարուցվելու է կարգապահական վարույթ։ Armlur.am-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել է Իրավաբանական գիտությունների թեկնածու, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանի հետ։
-Ձեր գնահատմամբ՝ արդյո՞ք դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու շեմի իջեցումը (11 անդամից ընդամենը 4 կողմ ձայն) համատեղելի է դատավորների անկախության սահմանադրական երաշխիքների հետ, հատկապես հաշվի առնելով, որ այդ ձայները կարող են ապահովվել ոչ դատավոր անդամների կողմից։ Ավելին, Արդյո՞ք ԲԴԽ-ին կից Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կազմի փոփոխությունը՝ ոչ դատավոր անդամների թվի ավելացման հաշվին, չի ստեղծում գործադիր կամ քաղաքական ազդեցության ռիսկեր դատական իշխանության նկատմամբ, և ինչպե՞ս է սա համադրվում իշխանությունների բաժանման սկզբունքի հետ։
-Նախագծով առաջարկվող փոփոխությամբ, որով ավելացվում է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամների թիվը ինքնին խնդրահարույց չէ։ Մտահոգիչ է այն, որ առաջարկվող փոփոխության համաձայն՝ ընդամենը չորս անդամների ձայներովհնարավոր է հարուցել կարգապահական վարույթ։ Վարույթի հարուցման շեմի իջեցումը մտահոգիչ է։ Ընդհանրապես, դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար վարույթ հարուցելը բարձր շեմ պետք է ունենա, քանի որ այն առաջին հերթին երաշխիք է դատավորների անկախության առումով։
-Ձեր կարծիքով, կարգապահական վարույթ հարուցելու և այն ԲԴԽ ուղարկելու շեմերը որքանո՞վ են իրավաչափ ու համաչափ, և արդյոք միջազգային պրակտիկայում ընդունված է նման ցածր շեմերով դատավորների նկատմամբ վարույթներ հարուցելը։
-Ըստ նախագծում բերված հիմնավորումների՝ չպետք է պաշտպանվի որևէ կորպորատիվ շահ։ Սակայն, եթե այս կանխավարկածից ելնելով դիտարկենք առաջարկվող կարգավորումը, ապա փաստացի հայտնվում ենք հակառակ ծայրահեղության մեջ․ առաջարկվող նախագծի արդյունքում ստեղծվում է մի իրավիճակ, երբ կարգապահական վարույթ կարող է հարուցվել միայն ոչ դատավոր չորս անդամների որոշմամբ։ Այսինքն՝ մի ծայրահեղությունից փաստացի անցում է կատարվում մյուս ծայրահեղության, երբ թե տեսականորեն, թե պրակտիկ առումով ոչ դատավոր անդամները մշտապես կարող են հաղթահարել մեծամասնություն կազմող անդամներին։
-Կարո՞ղ է արդյոք հասարակական սեկտորի ներկայացուցիչների միջոցով իրականացվել անուղղակի ճնշում դատավորների վրա, եթե կարգապահական վարույթ հարուցելու համար բավարար է ոչ դատավոր անդամների գրեթե միաձայն դիրքորոշումը։
-Հնարավոր է նման իրավիճակ և վարույթ հարուցելու շեմի իջեցումը հենց դրա ցուցիչն է։
-Հետադարձ ուժի և սահմանադրականության վերաբերյալ։ Նախագծով առաջարկվող այն դրույթը, ըստ որի՝ հանձնաժողովի ոչ դատավոր անդամը լիազորությունների ընթացքում չի կարող իրականացնել դատական ներկայացուցչություն, արդյո՞ք կարող է կիրառվել հետադարձ ուժով, ինչպես դա առաջարկվել է 14․01․2026թ․ պետաիրավական հանձնաժողովի նիստում։ Արդյո՞ք այս նորմին հետադարձ ուժ տալը չի հանդիսանում վատթարացնող իրավական կարգավորում, և արդյոք այն չի հակասում ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավական որոշակիության և վստահության սկզբունքներին։
-ԱԺ-ում պետաիրավական մշտական հանձնաժողովի քննարկման ժամանակ տվյալ նախագծի վերաբերյալ հնչեց դիրքորոշում, ըստ որի՝ անհրաժեշտ է հետադարձ ուժ տալ նախագծին, որպեսզի նոր իրավակարգավորումները տարածվեն նաև գործող ոչ դատավոր անդամենրի վրա։ Նախագծում ի սկզբանե նման դրույթ նախատեսած չէր։ Այս առումով անհրաժեշտ է դիտարկել արդյոք այդ փոփոխությունը և նման կերպ նոր կանոնակարգումների ուժի մեջ մտնելն իրենց էությամբ չեն հանդիսանում վատթարացնող։ Սա հատկապես կարևոր է այն անձանց, հանձնաժողովի այն ոչ դատավոր անդամների իրավունքների տեսանկյունից, որոնք հանձանժողովին անդամակցել են մինչև այս փոփոխությունների կատարումը։ Ստեղծվում է մի իրավիճակ, երբ նախագիծը նախատեսում է նոր կարգավորումներ, սահմանում է որոշակի սահմանափակումներ ոչ դատավոր անդամների նկատմամբ և միաժամանակ որոշում է կայացվում, որ այդ կարգավորումները ուժի մեջ մտնելուց հետո կկիրառվեն մինչ այդ ընտրված ոչ դատավոր անդամների նկատմամբ։ Եթե այդ սահմանափակումներն իրենց բնույթով չլինեին, օրինակ, վարձատրությանը վերաբերող, մասնագիտական գործունեությունը սահմանափակող, միգուցե լինեին տրամաբանական և չդիտարկվեին որպես վատթարացնող դրույթ։ Այս ամենը ասվում է մտքում ունենալով այն, որ նախատեսվող փոփոխությունը դեռ քննարկման փուլում է։ Եթե պայմանականորեն ընդունենք, որ առաջարկվող տարբերակը ունենալու է հետադարձ ուժ , ապա կունենանք մի իրավիճակ, երբ գործող ոչ դատավոր անդամների վիճակը փաստացի վատթարանում է, քանի որ նրանք կանգնում են ընտրության առաջ․ կամ լքել այդ պաշտոնը, կամ դադարեցնել իրենց մասնագիտական գործունեությունը։ Հետևաբար, իմ կարծիքով, հետադարձությունը պետք է լինի սահմանափակ և առավելապես վերաբերի ընտրության չափանիշներին կամ այնպիսի այլ սահմանափակումների, որոնք իրենց բնույթով չեն հանգեցնում մասնագիտական գործունեության կասեցման կամ անդամության դադարեցման։
-Միջազգային չափանիշների համատեքստում Ինչպե՞ս են նման կարգավորումները համադրվում Եվրոպական դատարանի, Վենետիկի հանձնաժողովի և այլ միջազգային կառույցների ձևավորած չափանիշների հետ դատավորների անկախության հարցում։ Ձեր գնահատմամբ՝ կարո՞ղ են այս փոփոխությունները ապագայում դառնալ միջազգային ատյաններում ՀՀ դեմ վարույթների հիմք, մասնավորապես՝ արդար դատաքննության իրավունքի խախտման տեսանկյունից։
-Միջազգային պրակտիկան կարող է տարբեր լինել, և միջազգային պրակտիկայում պետությունների հայեցողությանը թողնված է նման շեմերի սահմանումը։ Բայց ելակետն է կարևոր, թե ինչ շահ է հետապնդում նման կարգավորումը։ Նախագծով սահմանվում է դատավորների անկախության և անկախ դատական համակարգի ապահովման և դրան ուղված քայլերի կատարման անհրաժեշտությունը, որպես փոփոխության ելակետ։ Առաջարկվող տարբերակը մի կողմից հանդիսանում է ողջունելի քայլ՝ որով ավելացվում է հանձնաժողովի անդամների քանակը, սակայն դրան զուգահեռ՝ հարուցման ձայների շեմի նվազեցումը կարող է առաջ բերել լուրջ ռիսկեր։ Նախագծի հիմնավորման մեջ, որպես ռիսկ է նշվում դատավորների կորպորատիվ շահը, որի դեմ պայքարին ուղղված է հենց այս նախագիծը։ Մինչդեռ վարույթների հարուցման ցածր շեմ սահմանելով նախագիծն ինքը առաջ է բերում նոր ռիսկ, ինչպես վերևում արդեն նշեցի:
-Ինչ վերաբերում է միջազգային չափանիշներին, ապա պետք է նշեմ, որ ցանկացած միջամտություն կարող է օրինաչափ համարվել, եթե կա իրավաչափ նպատակ, այդ նպատակին հասնելու համար հավասարակշռված միջոցների կիրառում, և այդ կոնտեքստում՝ այո, կարգավորումը կարող է համահունչ լինել Հայաստանի Սահմանադրությանը։






























