Armenian text to speach

Ով էր ԱՄՆ փոխնախագահ Վենսի խոսքը սխալ թարգմանած թարգմանիչը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստանյան այցի ընթացքում հնչեցված հայտարարության սխալ թարգմանությունը լայն արձագանք ստացավ հանրային և մեդիա դաշտում՝ հատկապես, որտեղ խոսք էր գնում Հայաստան հոսող ներդրումների մասին, որոնք չեն լինելու փաստացի:

ArmLur.am-ը թեմայի շուրջ իրականացրել է ճշտումներ և պարզել մի շարք կարևոր հանգամանքներ։

Ով էր թարգմանիչը

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ԱՄՆ փոխնախագահի խոսքը սխալ թարգմանած անձը՝

. չի հանդիսանում Հայաստանի կառավարության կողմից հրավիրված թարգմանիչ,

. կապ չունի ԱՄՆ դեսպանատան հետ,

. չի ներկայացնում որևէ հայկական կամ տեղական թարգմանչական ընկերություն։

ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ տվյալ անձը Հայաստան է ժամանել ԱՄՆ փոխնախագահի պատվիրակության կազմում, նրա հետ է մասնակցել միջոցառումներին և նույն կերպ փոխնախագահի հետ միասին լքել է Հայաստանը։

Հարկ է նշել, որ «Ստուգված է»-ի (media.am) մեր գործընկերներն արդեն հրապարակել են Վենսի խոսքերի ճշգրիտ թարգմանության վերաբերյալ փաստերի ստուգման հոդվածը։

Վենսը մասնավորապես ասել է․ «Մենք նաև շատ հպարտ ենք հայտարարելու, որ մեր երկրները ավարտել են բանակցությունները «1, 2, 3 քաղաքացիական միջուկային համագործակցության» համաձայնագրի շուրջ։ Երբ դա ամբողջությամբ կարգավորվի, ճանապարհ կհարթի ամերիկյան և հայկական ընկերությունների համար՝ գործարքներ կնքելու քաղաքացիական միջուկային նախագծերի շուրջ։ Դա նշանակում է նախնական մինչև 5 միլիարդ դոլարի ամերիկյան արտահանում, գումարած լրացուցիչ 4 միլիարդ դոլարի երկարաժամկետ աջակցություն վառելիքի և սպասարկման պայմանագրերի միջոցով։ Սա դասական փոխշահավետ գործարք է և՛ Հայաստանի, և՛ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար»։

Անգլերեն՝ «That means up to $5 billion in initial US exports, plus an additional 4 billion in long-term support through fuel and maintenance contracts»։

Մինչդեռ համաժամանակյա թարգմանիչը «արտահանում» բառը թարգմանել է որպես «ներդրում», ինչի վրա հիմնվելով՝ հայաստանյան ԶԼՄ-ները գրել են, որ ԱՄՆ-ն այս ոլորտում «իրականացնելու է 9 միլիարդ դոլարի ներդրում»։

Ստացվում է, որ թարգմանչական սխալի համար ո՛չ կառավարությունն է մեղավոր, ո՛չ ԱՄՆ դեսպանատունը, այլ հենց ԱՄՆ պատվիրակությունը։

Հարկ է նշել, որ հայկական կողմի թարգմանիչը երկարամյա «Թարգմանչաց վարպետ» կոչումը ստացած Խաչատուր Ադումյանն է։

Էմմա Միքայելյան




Լրահոս