ՇՔԵՂՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բազմաթիվ վարորդներ, որոնք ունեն արտասահմանյան մակնիշի մեքենաներ, անհանգստացած են գործնական բնույթի մի շարք հարցերով. այն է` ԱԺ վերջին քառօրյայում ընդունված «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխությունները  եւ լրացումները, որոնք  հայտնի են որպես ավտոմեքենաների շքեղության հարկ, տարածվելո՞ւ են իրենց մեքենաների վրա, թե՞ ոչ: Նաեւ` ե՞րբ, ինչպե՞ս, որտե՞ղ, ի՞նչ շարժիչի, հզորության ու արժողության պարագայում:
Նշենք, որ օրենքը գործելու է 2012 թվականի հունվարի մեկից եւ տարածվելու է 25 միլիոն դրամից (մոտ 65 հազար ԱՄՆ դոլար)  ավելի թանկ կամ երկու տարվա  4,5 լիտր աշխատանքային ծավալ ունեցող շարժիչով մեքենաների վրա: Նոր օրենքը մեկանգամյա ռեժիմով տարածվելու է միմիայն սահմանի վրա մեքենաների ներկրման ժամանակ` մեքենայի արժեքի 20 տոկոսի չափով: Այլ խոսքով` որպես «ռաստամոժկա»:
Թանկարժեք մեքենաներ ունեցողների համար եւս մի լավ լուր. օրենքը ոչ միայն հետադարձ ուժ չունի, այլեւ չի տարածվում արդեն վաճառքում գտնվող մեքենաների վրա: Այնպես որ, օրենքի կարգավորման առարկան, ինչպես կձեւակերպեր վարչապետը, «միտված է ապագային»:
Սակայն հենց սա էլ ի ցույց է դնում, որ չնայած սոցիալական արդարության տեսանկյունից «բարեհունչ» անվանմանը, դրանով կառավարությունը ոչ թե սկզբունքային, այլ  իրավիճակային լուծումներ է ակնկալում: Սա կարող է առնչվել  նախընտրական տարում շուրջ 100 միլիարդ դրամով լրացուցիչ հարկային եկամուտներ հավաքագրելու կառավարության մտադրությանը: Դեռ օրենսդրական քննարկումների ժամանակ ակնհայտ էին լուրջ բացերը եւ հարցականները. ինչո՞ւ շքեղության  մեկանգամյա հարկում, եթե կարելի էր օրենքի կարգավորման առարկան տանել դեպի գույքահարկի դաշտ եւ հարկել ամեն տարի: Կամ` ինչպես նշեց  դաշնակցական պատգամավոր Արա Նռանյանը, շատ ավելի տրամաբանական կլիներ  մեքենաներից շքեղության հարկը գանձել ոչ թե ըստ արժողության, այլ ըստ քանակի.  եթե օրինակ մեկ իրավաբանական կամ ֆիզիկական անձն ունի ոչ թե մեկ հատ  70-80-90 հազար դոլար արժողությամբ մեքենա, այլ` 8 հատ 30-50-60 հազարանոց մեքենա: Սա, ի դեպ, վերաբերում է ոչ միայն մեքենաներին, այլ շքեղության մյուս ատրիբուտներին, որոնք կային այս նախագծի «սկզբնօրինակում»` Վիկտոր Դալլաքյանի «Շքեղության հարկի» մասին նախագծում:
Այսինքն` շքեղության չափանիշ պետք է դիտվեր ոչ թե միայն  որակը, այլեւ  քանակը: Ի վերջո, Դալլաքյանն ինքը դժգոհում էր, որ կառավարությունն իր օրենքի նախագծին անդրադարձել է «ֆրագմենտար». վերցրել է միայն մեքենաները, իսկ մյուս առարկաներին` առանձնատներին, հողամասերին, շքեղ բնակարաններին եւ այլն,  խոստացել է անդրադառնալ 2012-ին:
Մյուս կողմից, որքան մեզ հայտնի է` Ռուսաստանում այս հարկը` էլի մեքենաների մասով,  ներդրվեց երկրում մեքենաշինությունը խթանելու նպատակով: Բայց որքան մեզ հայտնի է` Հայաստանում մեքենաշինությունը` որպես արդյունաբերության ճյուղ, գոյություն չունի: Ինչը կրկին վկայում է նախընտրական տարում իրավիճակային լուծումներ գտնելու, այն է` հնարավորինս շատ հարկեր հավաքագրելու մասին: Ինչպես հայտարարվեց` կառավարությունը, աչքի տակ ունենալով մաքսային վիճակագրությունը,  շքեղության հարկից  ակնկալում է տարեկան մոտ 1 մլրդ դրամի կամ շուրջ 2,5 միլիոն դոլարի եկամուտ: Իսկ մաքսային վիճակագրությունը հետեւյալն է. Հայաստանը մինչեւ 2007-2008 թվականները տարեկան 30 հազար դոլարից ավելի արժողությամբ 1800-2000 մեքենա էր ներմուծում, ճգնաժամից հետո` 2009-2010 թվականներին, այդ թիվը նվազեց մինչեւ 1000-1100, իսկ այս տարվա 9 ամիսներին արդեն ներմուծվել է 1112 թանկարժեք մեքենա: Եւ ներմուծված թանկարժեք մեքենաների միայն 10 տոկոսից պակասն է, որ ունի 90 հազար եւ ավելի դոլար արժողություն:
Ի վերջո, չմոռանանք, որ մեքենաների արժեքը, ինչպես սիրում են արտահայտվել խորհրդարանական քննարկումների ժամանակ, «հորս արեւների» շարքից է կամ ավելի քաղաքակիրթ լեզվով ասած` սուբյեկտիվ կատեգորիա: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց ՀԱԿ անդամ, ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը, այս նախագծով կառավարությունը կոռուպցիոն փայլուն հիմքեր է ստեղծում: Նա վկայակոչում է մեքենաների մաքսազերծման պրակտիկան, երբ մեքենան ձեւակերպվում է ոչ թե այն արժեքով` հաշիվ ապրանքագրով, որով ներկրվում է, այլ Հայաստանի գներով: Իսկ թե ինչպես է դրա մեխանիզմը, գիտի արտասահմանյան միջին արժողության մեքենայի յուրաքանչյուր սեփականատեր. մաքսավորը մեքենա ներկրողին ասում է, որ մեքենան իրականում ավելի թանկ է, քան ցույց է տրվում հաշիվ-ապրանքագրում եւ հետեւաբար, մաքսազերծման գինը պայմանական x խիստ բարձր թիվ է: Պայմանավորվում են, որ այդ  x թվի կեսը գնում է մաքսավորին` ավելի պակաս արժեքով ձեւակերպվելու դիմաց, էժան գնով ձեւակերպված մեքենայի մաքսազերծման մի մասը գնում է բյուջե, իսկ մյուս մասն էլ մնում է ներկրողի մոտ, որը գոհ ու երջանիկ է մնում տնտեսած մի քանի հազար դոլարի համար:  Հետեւաբար, ի՞նչ երաշխիք, որ նույնը չի լինի նաեւ թանկարժեք մեքենաների պարագայում:

ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս