ՁՈՒ ԱՐՏԱԴՐՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ԾԱՆՐ ՎԻՃԱԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ձու ներկրող ընկերությունների թիվն ավելացել է: Այժմ նախկին 9-ի փոխարեն ձու ներկրելու թույլտվություն է ստացել 11 ընկերություն: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայությունն արդեն մոտ երկու ամիս է, ինչ գյուղատնտեսության նախարարության (ԳՆ) եւ ՀՀ թռչնաբույծների միության հետ համատեղ ուսումնասիրություններ է անցկացնում ձվի շուկայում:

Այս տարվա հոկտեմբերին ՀՀ է ներկրվել 3 մլն 760 հազար հատ սննդային ձու, իսկ նոյեմբերի առաջին տասն օրերին այդ թիվը կազմել է 1 մլն 150 հազար: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից (ՍԱՊԾ) տեղեկացանք, որ 2013թ. հունիս-նոյեմբեր ամիսներին Վրաստանից, Ուկրաինայից, Իրանից, Բուլղարիայից, Բելառուսից  եւ  Թուրքիայից ՀՀ է ներմուծվել 6.8 մլն հատ ձու: Մասնագետների կարծիքով՝ ֆինանսական առումով ավելի մատչելի է ձու ներկրելը, քան արտադրելը: Սակայն արդյոք անվտանգ է ներկրված ձուն: Ըստ մասնագետների` դրա համար գործում են հատուկ թույլատրելի նորմեր, որոնցից առաջինը վերաբերում է տեղափոխմանը. ձուն սովորական մեքենայով չի կարելի տեղափոխել, քանի որ անհրաժեշտ է պահպանել համապատասխան ջերմային ռեժիմ:
ՍԱՊԾ-ից վստահեցնում են, որ ներկրված սննդային ձվի բոլոր խմբաքանակները ենթարկվել են սահմանային հսկողության, եւ խախտումներ չեն հայտնաբերվել, ուստի ներկրման արգելք եւս չի եղել: Այս տարվա հոկտեմբերի 24-ին եւ 25-ին ծառայության համապատասխան աշխատակիցները Երեւանի Ավան եւ Էրեբունի վարչական շրջաններում կատարել են դիտարկում, որի արդյունքում ներկրված սննդային ձվի շուկայում որեւէ խախտում չի հայտնաբերվել: Ուշագրավ է, որ գնալով աճում է ձու ներկրող ընկերությունների թիվը: Ներկայումս ձվի ներկրմամբ են զբաղվում հետեւյալ ընկերությունները՝ «Սալպի», «Լուսակերտ», «Փյունիկ» ՏԹՖ, «Վիոքսի գրուպ», «Արաքս» թռչնաֆաբրիկա, «Թերո», «Սինգլենիքս Լիմիթեդ», «Արաս ֆուդ», «Էկոֆուդ», «Մանչո գրուպ», «Արամ-Գ»:
Պարզվում է, որ ձու ներկրողների ցանկում տեղ գտած «Էկոֆուդ»-ը «Էլիտ Շանթ» ընկերության դուստր ձեռնարկությունն է, որը ձուն ներմուծում է միայն «Էլիտ շանթ»-ի հրուշակեղենի, այլ ոչ թե վաճառքի համար:
«Արաքս»-ի տնօրեն Ցոլակ Մազմանյանն էլ «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ ընկերությունը քիչ քանակությամբ է ձու ներկրում. «Կա սպառողների մի զանգված, որը պահանջում է շագանակագույն կեղեւով ձու: Եվ քանի որ այն մենք չենք կարող արտադրել, այդ պատճառով էլ ներմուծում ենք, բայց քիչ քանակությամբ»:
«Ժողովուրդ»-ը ներկրող ընկերություններից տեղեկացավ, որ Ուկրաինայում ձվի մեծածախ վաճառքով զբաղվող տնտեսվարողները, հաշվի առնելով Հայաստանում ներկրման ծավալների աճը, բարձրացրել են ձվի գները:
Ի դեպ, գյուղնախարարն օրեր առաջ այցելել էր ՀՀ-ում գործող երեք խոշոր` «Արաքս», «Լուսակերտ» եւ «Արզնի» ընկերություններ՝ թերեւս ցույց տալու, որ մտահոգ է տնտեսվարողների խնդիրներով: Սակայն ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի խոսքով՝ ձվի արտադրությամբ զբաղվող ընկերություններն այս պահին գտնվում են ծանր վիճակում, ունեն վարկային մեծ պարտավորություններ. «Վերաֆինանսավորման միջոցով են վառեկներ ձեռք բերել: Ավելին, վերաֆինանսավորումն իրականացվել է բարձր տոկոսադրույքով: Հիմա էլ ձմեռելու խնդրի առաջ են կանգնած. մինչեւ հիմա գազ չէին օգտագործում, բայց դեկտեմբերից ստիպված են լինելու օգտագործել: Շատ ծանր է լինելու: Ու այս վիճակով էլ ընկերությունները դեռ շարունակում են ձու արտադրել, հույսով, որ մի օր պետության կողմից աջակցություն են ստանալու»:
Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ ձու արտադրող ընկերությունները դիմել են ՀՀ կառավարությանը պահանջով` մեկ տարով ազատել ավելացված արժեքի հարկից: Սակայն դեռ արձագանք չկա:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Խաչատուր Քոքոբելյանի կարծիքով՝ այս ամենը կառավարության հերթական բացթողումն է. «Ցավոք սրտի, ոչ միայն այս, այլեւ մնացած այլ բնագավառներում տեղական արտադրողը պաշտպանված չէ, եւ կան բազմաթիվ ոլորտներ, որտեղ խոշոր խաղացողները հենց սկսում են զբաղվել ներկրումով, այդ ոլորտի տեղական արտադրողները հայտնվում են նմանատիպ իրավիճակում: Այս էլ որերորդ դեպքն է, որ նախատոնական շրջանում սննդամթերքի եւ մասնավորապես ձվի շուկայի առումով Հայաստանում ստեղծվում է նման իրավիճակ, որտեղ տուժում են միայն ՀՀ քաղաքացին եւ տեղական ոչ խոշոր արտադրողները: Գաղտնիք չէ, որ թռչնամսի արտադրությամբ զբաղվողներից շատերը բողոքում են, որ ներմուծման գներն այսօր այնպիսի մակարդակի են, որ արտադրությունն արդեն իսկ ձեռնտու չէ: Ու եթե այս տեմպերով շարունակվի, մենք ստիպված կլինենք ՀՀ-ում չունենալ այնպիսի կարեւորագույն արտադրություն, ինչպիսին տեղական թռչնամսի եւ ձվի արտադրությունն է»:
Ըստ ԳՆ-ի` վերջին 2-3 ամիսների ընթացքում ՀՀ է ներկրվել 373 հազար վառեկ, որոնց ձեռք են բերել «Արզնիի տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ն, «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա»-ն, «Արաքս թռչնաֆաբրիկա» ԲԲԸ-ն եւ «Աշտարակ ձու» ՍՊԸ-ն: Ներկրված վառեկների 30%-ի ձվատվությունը սկսվել է նոյեմբերից, 60%-ը կձվարկի դեկտեմբերի սկզբից, ինչի շնորհիվ ընթացիկ տարվա նոյեմբերի 20-ից ձվի օրական արտադրությունը կավելանա 70 հազարով, իսկ դեկտեմբերի սկզբից` արդեն 190-200 հազարով եւ կհասնի 950-955 հազարի: Դա հնարավորություն կընձեռի օրական սպառումից 200 հազարով ավել ձու արտադրել, ինչի շնորհիվ ամբողջությամբ կբավարարվի ամանորյա տոների համար անհրաժեշտ ձվի ողջ պահանջարկը: Ընկերությունների տնօրենները նախարարին խոստացել են, որ նախատոնական օրերին հավկիթի թանկացում չի սպասվում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս