Գործարարը դեռ համբերատար սպասում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՏՄՊՊՀ-ն պետգնումների ոլորտում խախտումներ կատարած երեք` «Սեար գրուպ», «Երեքնուկ» և «Ամարաս Յուս» ընկերությունների գործով առաջիկայում դիմելու է ՀՀ գլխավոր դատախազություն: Սրանք այն ընկերություններն են, որոնք  անընդմեջ  հաղթել են գրեթե բոլոր մրցույթներում և  մանկապարտեզներին, ծերանոցներին ու մանկատներին մշտապես մատակարարել են ապրանքներ` իրականից կրկնակի-եռակի  բարձր գներով: Այս կապակցությամբ «Ժողովուրդ»-ը զրուցել է  երեք օրինախախտ ընկերությունների տնօրեն Յուրի Ադյանի հետ:

-Պարոն Ադյան,  պետական գնումների ոլորտում Ձեզ պատկանող մատակարարող երեք  ընկերությունները` «Ամարաս Յուս»-ը, «Երեքնուկ»-ը և  «Սեար գրուպ»-ը հայտնվել են սև ցուցակում և զրկվել մրցույթներին մասնակցելու իրավունքից: Ըստ շրջանառվող լուրերի` այս ամենից հետո ստեղծել եք «Տիսա» ընկերությունը, որը շարունակում է նախորդների  օրինախախտ գործունեությունը` իրական գնից կրկնակի թանկ գնով սննդամթերք մատակարարելով մանկապարտեզներին և ծերանոցներին:

-Չէ, նման բան չկա: Ես«Տիսա»-ի հետ կապ չունեմ: և իմ ընկերությունները չեն հայտնվել սև ցուցակում, այլ մտցրել են: Ես չեմ ուզում մեկնաբանություններ անել այս առումով:

-Ձեզ պատկանող ընկերությունները խոշոր չափի խախտումներ են թույլ տվել, ինչի արդյունքում միլիոնավոր դրամների  վնասներ են պատճառվել պետբյուջեին: Առաջիկայում էլ` ՏՄՊՊՀ-ն  Ձեր ընկերությունների հարցով  դիմելու է ՀՀ գլխավոր դատախազություն:

-Մեր հանրապետությունում մի մրցույթին 10-15 կազմակերպություն է ներկայանում: Ինչպե՞ս կարող է դիտավորյալ մի տեղ էժան շահեմ, մյուսում` թանկ: Ես մասնակից եմ, կարող եմ մի տեղում մի դրամ աշխատել, մյուսում` 15 դրամ: Իսկ եթե մեկ ուրիշ կազմակերպություն գալիս է և ինքը 8 դրամ շահույթ է ուզում, ինքն է շահում:

Բայց անցյալ տարի այնքան արհեսատական սարքեցին, որ տպավորություն ստեղծվեց, թե ամբողջ դաշտին ես եմ միայն տիրապետում: Պատվիրատուն էլ եմ ես, մասնակիցն էլ: Էն ռուսի ասած` сам дневальный сам дежурний:

Իրականում այդպես չէ: Ես ընդամենը մեկն եմ այն 600 կազմակերպություններից, որ այս ոլորտում գործունեություն են ծավալում, բայց ներկայումս արդեն կարծես թե մենակ ես եմ և պատվիրատուն և գնումների կազմակերպիչը: Այդպիսի բան չի կարող լինել:

-Իսկապես, մեծ աղմուկ բարձրացավ:

-Ես համբերատար տանում եմ այդ ամենը, իմ նյարդերի հաշվին: Մեր սարերի նման լուռումունջ, համբերատարությամբ համակվեցի: Բայց սպասում եմ, որ մի օր, երբ կրքերը հանդարտվեն և որևէ մեկը հարց բարձրացնի, թե ինչպես կարող է մի մասնակիցը 600-ի մեջ կարողանա այնպես անել, որ իբր մյուս ընկերությունները չմասնակցեն մրցույթին, կամ պատվիրատուների փոխարեն ինքը մրցույթ հայտարարի կամ էլ` մասնակցի մրցույթին ու շահի: Այն, որ ասում են ցանկալին դնում են իրականության տեղ և այդպես մատուցում, դա հենց իմ դեպքում է եղել:

-Բայց, պարոն Ադյան, եթե դա իրոք այդպես է, ինչու հրապարակավ չեք պաշտպանում Ձեր շահերը, ինչու չեք հերքում Ձեր ընկերություների հասցեին հնչեցված մեղադրանքները:

-Ես ոչ վերևներ ունեմ, ոչ էլ` տանիքներ,, որ զանգեմ ու ինձ համար ասեն: Ես իմ քրտինքով կարողացել եմ իմ աղուհացը վաստակել: Այն էլ` որոշ մարդկանց դուր չեկավ: Ես ինձ այս ոլորտում անարդար մրցակցության զոհ եմ համարում, որ այդքան տուգանեցին:

-Խոսակցություններ պտտվեցին, որ Ձեր տանիքը Զորի Բալայանն էր: 

-Հենց կանխամտածված դա արվեց: Որպեսզի այդ ազնիվ հայորդին ինձ լավ ճանաչելով հանդերձ անգամ չփորձի միջամտել իմ դեմ ծավալված արշավին: Արհեստական մտածված քաղաքակունթյուն էր: Այսինքն` տուգանելուց ավելի մեծ պատիժ են իրենք ակնկալում գտնել: Առաջին անգամ Հանձնաժողովը 16 մլն դրամի չափով տուգանեց, երկրորդ անգամ՝ յուրաքանչյուր ընկերությանը՝ 15 մլն դրամով:

Ուրեմն, տուգանողը այնքան պետք է չարությամբ լցված լինի, որ օրը ցերեկով 61 մլն դրամի չափով տուգանի: Մի հատ էլ ուզում են դատախազություն դիմել: Եթե դու ասում ես, որ Յուրայինն է, ու ոչ մի բանով չես ապացուցում, համոզված ես, որ նրանն է, այդքանով չես բավարարվում, մի հատ էլ դատախազություն ես դիմում: Հետո՞: Ոչնչացնո՞ւմ եք մարդուն:

Բա ես գնամ փողոցում նստեմ ձեռքս տնկեմ օդ ու մուրա՞մ: Քսան տարի է, ինչ ես այս դաշտում եմ: Նախկինում, որ ես մանկապարտեզներին իմ ուսերին շալակած պեսոկ էի տանում, այն ժամանակ այսպիսի մեծածախ գնումներով խանութներ չկային: Այդքան ես փորձեցի, մաքառելով փորձեցի քաղաքակիրթ դարձնել մատակարարումը, հետո էլ` ընկա այս օրը:

-Ո՞վ է գցել Ձեզ այս օրը:

-Չեմ կարող ասել: Չգիտեմ:

-Պարոն Ադյան, ՏՄՊՊՀ-ի ստուգումների արդյունքում պարզվել էր,  որ ապրանքները մանկապարտեզներին, մանկատներին մատակարարվել են իրականից կրկնակի,  եռակի բարձր գնով, մինչդեռ շուկայական գինն ավելի ցածր էր:

-Որպես այդ ոլորտի ապրանքների գիտակ, ես Ձեզ ասեմ. ֆիքսել մի գին և ասել, թե ձավարեղենի գինը կոնկրետ դա է, սխալ է: Ես համոզված եմ, որ 300 դրամանոց հաճարը որակապես չես կարող նույնացնել 700 դրամանոց հաճարի հետ: Ինչքան էլ, որ բնութագրով նույն բանը գրած լինի: Ես իմ աշխատանքային փորձից եմ ասում, որ կան մանկապարտեզների տնօրեններ, որոնք չէին ցանկանում 300 դրամանոց ձավարով կերակրել սաներին:

Ասում էին` չեմ տա, պետք է լավը լինի: Բնութագիրը ոչ միշտ է, որ համընկնում է ապրանքի հետ: Վարունգը մի տեսակ չի լինում, չէ՞: և ընդհանրապես գյուղմթերքների վերաբերյալ կոնկրետ գին սահմանելը, սխալ է: Կարտոֆիլ կա, որն արժե 100 դրամ, կա նաև 300 դրամանոց: Իսկ մանկապարտեզի վարիչը պահանջում է բերել լավ կարտոֆիլ: Ու դու չես կարողանում ասել, չէ բա 100 դրամանոցը: Այսինքն` նրբություններ կան այս աշխատանքի մեջ, որ տեղյակ չեն, ավելին` չեն էլ ուզում տեղեկանան: Ամեն դեպքում, ոչ ոք չի գնահատում մատակարարին:

զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս