ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Իմ բարեկամը մասնակցեց «Շանթ» հեռուստաընկերությամբ իրականացվող «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստաշոուին: Երբ հարցին չկարողացավ պատասխանել, առաջարկվեց զանգ ընկերոջը: Զանգահարեց իր ծանոթին, բայց 30 վայրկյանի ընթացքում չկարողացավ անգամ կարդալ հարցը, որպեսզի ընկերը պատասխաներ: Վերջինս ասում էր, որ ձայնը կտրատվում է, դրա համար էլ անգամ հարցը չլսեց: Այդ դեպքում ումի՞ց պետք է պահանջենք արդարությունը: Նա կարող էր խոշոր գումար շահել, բայց հեռախոսային օպերատորի պատճառով պարտվեց: Ինչո՞ւ «Շանթ»-ը չի հետեւում մրցույթի արդարությանը:

Տաթեւիկ Պապյան, 25 տարեկան, մանկավարժ

ՊԱՏԱՍԽԱՆ. Մինչեւ այդ 30 վայրկյանի տրվելը, օպերատորը ճշտում է` արդյո՞ք լավ է լսվում, եթե պատասխանում են, որ այո՛, լավ է լսվում, ապա հեռախոսը փոխանցում են Ավետ Բարսեղյանին, նա էլ նորից հարցնում է` լա՞վ եք լսում, այնուհետեւ հաղորդում է, որ հեռախոսը փոխանցում է ընկերոջը եւ նրանք ունեն խոսելու ընդամենը 30 վայրկյան: Նման բան չկա, որ միանգամից զանգահարեն ու առանց ճշտելու հարցն ուղղեն:
Մենք ընդհանրապես մասնակիցների հետ կապված այնպիսի խաղ ենք կազմակերպում, որ ոչ ոք դժգոհ չլինի: Եթե նման տիպի խնդիրներ առաջանային, ապա շատերը կբողոքեին: Եւ հաստատ ամեն ինչ արվում է, որպեսզի մենք բարձր մակարդակով կարողանանք խաղն անցկացնել:

«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»
հեռուստախաղի կազմակերպիչ
Լիլիթ Ծատուրյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տվյալ պահին կարող է լավ լսվել, իսկ հաջորդ վայրկյանից հնարավոր է` կապի որակը կտրուկ վատթարանա: Այս պարագայում մեղավորը ո՛չ խաղի կազմակերպիչներն են, ո՛չ էլ առավել եւս կապի որակի պատճառով զգալի գումար կորցրած հեռուստաշոուի մասնակիցը: Թեեւ եթե նման խնդիր էր ծագել, արժեր տեխնիկական պատճառներով խոշոր շահումից զրկված պոտենցիալ միլիոնատիրոջը եւս մեկ անգամ ընկերոջը զանգելու հնարավորություն տալ:




Լրահոս