ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ԷՍՊԵՍ Է, ԱԽՊԵ՛ՐՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քննչական, վեցերորդ վարչություն, ուր ասես տարել-բերել են, նպատակը ճնշման ենթարկելն է եւ էս շարունակությունը, ուղղակի ես չէի կարող պատկերացնել, որ կարող էին այդ աստիճան անարդար վարվել, այդ աստիճան անարդար վերաբերմունք ցույց տալ: Շատ-շատ տաօրինակ էր»,-ՊԵԿ քննչական բաժանմունքում կալանքի տակ պահվող, ապա անսպասելի  քաղաքից չբացակայելու ստորագրությամբ ազատ արձակված «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր նախագահ Նարեկ Հարթունյանը երեկ պատմում էր «Նարեկացի» կենտրոնում մեկ բաժակ գինու եւ շամպայնի գավաթով դիմավորելու եկած ընկերներին, ազգականներին ու համակիրներին:
Մտավորական Նարեկ Հարթունյանը, որին ՊԵԿ-ը մեղադրում է «Ջի Էյջ Ստորիջ Էնթրփրայզս»-ը ղեկավարելիս չարամտորեն առանձնապես խոշոր չափերի հարկեր պետական բյուջե չվճարելու, պետությանը շուրջ 109 միլիոն դրամի վնաս հասցնելու մեջ, կալանավայրում անցկացրած չորս օրերի ընթացքում հասցրել էր նկատել, որ էլի բազմաթիվ մարդիկ անարդար են նստած: «Ճնշումները շարունակվում են, որ երեւի ես հանձնվեմ, ասեմ` ամեն ինչ առե՛ք-տարե՛ք, ես էլ գնացի, բայց ես այն մարդն եմ, որ  ծառայում եմ մշակույթին… so պետք է դիմանալ ու դիմադրել չարին»,-խոսքը Ռուբեն Հախվերդյանի երգերից մեկի բառերով ավարտելով` արվեստագետն, այնուամենայնիվ, խուսափեց կոնկրետ անուններ հնչեցնելուց: Նա ասում էր հավաքական մի բառ՝ «չարը»:
-Պարո՛ն Հարթունյան, ինչո՞ւ կոնկրետ անուններ չեք հնչեցնում, ո՞վ էր Ձեր դեմ իրականացված այս ակցիայի թիկունքում:
-Կոնկրետ անձինք կան, միանշանակ, բայց անուններ տալն իմաստ չունի: Իսկ նպատակը… Նպատակը ճնշելն էր:
-Ճի՞շտ են լուրերը, որ այս ճնշումները վերջնանպատակ ունեն Ձեզնից խլել «Ֆրանկ Մյուլեր»-ի բաժնետոմսերը:
-…Այստեղ կանգ ենք առնում արդեն (մինչ սպասում էինք հարցի պատասխանին,  մոտենում է Նարեկ Հարթունյանի ընկերներից մեկը եւ առաջարկում դադարեցնել, քանի որ  հոգնած  է):
-Տեղեկություն ունե՞ք` ՊԵԿ-ի նախագահը, որ մեր երկրի խոշոր գործարարներից ու ներկրողներից է, ներկրո՞ւմ է ժամացույցներ:
-Չէ՛:
-Ասում եք, որ գործը սարքված է նաեւ կեղծ ցուցմունքների հիման վրա, ո՞ւմ նկատի ունեք:
-Հինգ օր առաջ, երբ դատարանում էինք, գոնե մի երկու հատ կեղծ ցուցմունքներ կային, որ ես իբր բաներ եմ ասել, որ տենց բան չի եղել: Ահագին մարդիկ դեռ հունիսից, երբ քրեական գործ էր հարուցված, գնացել եւ ցուցմունքներ են տվել: Հին տնօրենը («Ջի Էյջ Ստորիջ Էնթրփրայզս»-ի), որ իբր ես իրեն տեսել եմ, ինչ-որ բաներ եմ ասել, բայց ո՛չ տեսել եմ, ո՛չ ասել:
-Այնուամենայնիվ, հարյուր միլիոնից ավելի դրամի հարկեր թաքցնելու մեջ եք մեղադրվում:
-Այո՛, այս վերջին 110 միլիոն ակտը, որ գրեցին, էլի անհիմն է: Այսինքն` չափազանցված թվեր են: Կարող է` էնտեղ լինի ինչ-որ մի փոքրիկ գումար, որ ինձ էլ է հետաքրքիր: Եւ ես պատրաստ ասում եմ, եթե արդար գտնվի, որ կա ինչ-որ գումար, որ չի վճարվել, սիրով մենք կվճարենք, բայց իրենց ներկայացրած թիվն ահավոր չափազանցված թիվ է:
Հարցազրույցը շարունակեցինք Նարեկ Հարթունյանի պաշտպան Լեռնիկ Հովհաննիսյանի հետ:
-Ի՞նչն էր պատճառը, որ երկամսյա կալանքը փոխվեց այլ խափանման միջոցով:
-Ուրեմն այդ հարցի պատասխանը կարող է տալ քննիչը, քանի որ կալանքի վերաբերյալ ներքին համոզմունքն էլ իր մեջ ձեւավորվել եւ չգիտեմ… Երեք օր հետո գտել է, որ այն պետք է փոխվի:
-Հնարավո՞ր է` քննիչի վրա ազդեցին «Ֆրանկ Մյուլեր»-ի բաժնետոմսերի մասին դուրս սպրդած լուրերը:
-Ինձ թվում է` քննիչը կա՛մ պատկերացում չուներ գործի վերաբերյալ ու էս վերջին լուսաբանումներից պատկերացում կազմեց, կա՛մ էլ պատկերացում ուներ, փորձում էր կեղծիք իրականացնել, եւ ի վերջո, հնարավոր չեղավ: Եւ փառք Աստծո, էս պահից սկսած` ինձ թվում է` գործը նորմալ կգնա:
-Որքան հայտնի է` Նարեկին պատկանող ընկերությունը նրա հորն է եղել, այդ դեպքում ինչո՞ւ է նա մեղադրվում:
-Ուրեմն Նարեկ Հարթունյանը Հայաստանում որեւէ ընկերություն չունի, որեւէ բաժնեմաս, բաժնետոմս: Այդ ընկերությունը պատկանել է նրա հորը, որը մահացել է, եւ այն կանցնի Նարեկի եղբորը, քանի որ դրա վերաբերյալ կտակ կա: Ասեմ նաեւ, որ այս պահին մենք Վարչական դատարանում վիճարկում ենք ՊԵԿ-ի մեղադրանքների հիմքերը: Բայց քանի որ մեզ փաստաթղթերը չի ներկայացվել, մենք չենք կարող ասել` դա ընդունելի է, թե անընդունելի, միգուցե էդ գումարներից մի մասը ենթակա է վճարման. միգուցե, եթե քննությամբ ինչ-որ խախտում հայտնաբերվի: Բայց չարամտությունն այն է, թե ընկերությունն ունի գումարներ եւ հրաժարվում է դրանք վճարել, տվյալ դեպքում նման փաստ չկա:  Լինել չի կարող:
-Այնուամենայնիվ, ի՞նչ հիմքով պաշտոնապես ազատ արձակվեց Հարթունյանը:
-Պաշտոնականն այն է, որ քննիչը գտել է, որ կալանավորումը տեղին չէ, եւ փոփոխել է ստորագրությամբ:  Այստեղ դատարանի որոշում պետք չէ, որովհետեւ դա բացարձակապես քննիչի իրավունքն է:

ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս