«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գործարար Աշոտ Արսենյանից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվել է, թե ինչ է կատարվում «Ջերմուկ Գրուպ» ընկերության շուրջ։
«Հորդորում եմ խնայել սեփական ջանքերն ու թողնել հայկական ամենահեղինակավոր բրենդի վրա ցեխ շպրտելու խղճուկ փորձերը։ Մշուշոտ ենթադրությունների ետևում պարզ նշմարվում են ոմանց ականջները»,– արձագանքելով վերջին հրապարակումներին՝ ասաց Աշոտ Արսենյանը։
Հիշեցնենք, որ ընկերության իրավաբանական բաժինը տարածել է հետևյալ հայտարարությունը։
«Քրեական գործի հարուցման պահից մինչ օրս քննչական մարմինների կողմից որևէ պահանջ (կամ կասկած) չի արտահայտվել հանքային ջուր «Ջերմուկ» արտադրողի նկատմամբ։ «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի որևէ աշխատակից չի ներգրավվել քրեական գործում որպես կասկածյալ կամ մեղադրյալ, մեղադրանքներ չեն առաջադրվել, ինչը վկայում է այն մասին, որ քննչական մարմինների կողմից որևէ պահանջ կամ կասկած չկա «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի կամ նրա աշխատակիցների նկատմամբ։
Բացի այդ, Գուսովների ընտանիքի կողմից «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի դեմ ներկայացված հայցով դատական գործ է քննվում 2025 թվականի հունվարի 23-ից Հյուսիսային Օսիայի Վլադիկավկազ քաղաքի Սովետական շրջանային դատարանում։ 2025 թվականի դեկտեմբերի 8-ին դատարանը մերժել է Գուսովների ընտանիքի հայցային պահանջները ամբողջությամբ։ Չհամաձայնելով նշված որոշման հետ՝ Գուսովների ընտանիքը ներկայացրել է վերաքննիչ բողոք դատարանի որոշման դեմ։ 2026 թվականի ապրիլի 9-ին և 10-ին Հյուսիսային Օսիայի Գերագույն դատարանը քննեց Գուսովների վերաքննիչ բողոքը։ Գործի վերաքննիչ ատյանում քննության արդյունքներով՝ Վլադիկավկազ քաղաքի Սովետական շրջանային դատարանի որոշումը թողնվել է անփոփոխ, իսկ Գուսովների վերաքննիչ բողոքը՝ առանց բավարարման։ Վերաքննիչ ատյանի դատարանի որոշումը ուժի մեջ է մտել դրա կայացման օրը՝ 2026 թվականի ապրիլի 10-ին։
Դատարանում գործի քննության ընթացքում պատասխանող «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ն իր դիրքորոշումը՝ Գուսով Օ. Տ.-ի առողջությանը պատճառված վնասին իրեն չառնչվելու վերաբերյալ հիմնավորելու նպատակով, ներկայացրել է № 2025/զ/է/804, 2025 թվականի օգոստոսի 14-ի փորձագետի եզրակացություն՝ Ռոսստանդարտի Հյուսիս-Կովկասյան դաշնային շրջանի «Ստանդարտացման, չափագիտության և փորձարկումների պետական տարածաշրջանային կենտրոն» դաշնային բյուջետային հիմնարկի (ՖԲՀ «Հյուսիս-Կովկասյան ՑՍՄ»)։
Փորձաքննությունը կատարվել է փորձագետի կողմից անմիջապես «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի արտադրական օբյեկտներում՝ Հայաստանի Հանրապետությունում (ք. Երևան, ք. Ջերմուկ, հորատանցք № IV-կ), ինչպես նաև «Ջերմուկ» հանքային ջուր» ՍՊԸ-ի (ՌԴ դիստրիբյուտորի) պահեստային և գրասենյակային տարածքներում՝ Ռոստովի մարզի Նովոչերկասկ քաղաքում։
Արտադրական հզորությունների համակողմանի ուսումնասիրության, տեխնոլոգիական և նորմատիվ փաստաթղթերի վերլուծության, քիմիական նյութերի օրգանոլեպտիկ գնահատման, ինչպես նաև շշալցման գծում իրականացված փորձարարական փորձի արդյունքներով՝ փորձագետը եկել է հետևյալ եզրակացությունների»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

























































































