ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հրապարակման առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ խնդրի վերաբերյալ մարդու իրավունքների պաշտպանին Երևանի քաղաքապետարանի կողմից սպառիչ պարզաբանում է տրամադրվել դեռ 28.03.2014թ.-ին: Պարզաբանման մեջ հստակորեն նշվել է, որ վերը նշված հարցի, ինչպես նաև նմանատիպ մյուս հարցերի կարգավորումը պետք է դիտարկել բացառապես իրավական հարթությունում, մասնավորապես մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ընթացող բակային տարածքների բարեկարգման լայնամասշտաբ ծրագրերի և դրանցից բխող իրավական ակտերի համատեքստում:
Բարեկարգման ծրագրով նախատեսված աշխատանքները պատշաճ իրականացնելու անհրաժեշտությունից ելնելով, Երևանի քաղաքապետարանը որդեգրել է քաղաքականություն՝ բակային տարածքներն ազատել ինքնակամ կառուցված և ժամանակավոր շինություններից՝ այդ հարցում ակնկալելով նաև բնակչության օժանդակությունը։ Պետք է նշել, որ ցավոք մայրաքաղաքի դեռևս ոչ բոլոր բակային տարածքներում են հստակեցված գոտեվորման սխեմաները: 2009թ. Երևանի կարգավիճակի փոփոխությամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել բնակավայրերի ծրագրային փաստաթղթերը համապատասխանեցնել գործող օրենսդրության պահանջներին։
Մասնավորապես՝ ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմինները, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, կազմում և հաստատում են համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը, քաղաքաշինական գոտիավորման նախագիծն ու հողերի օգտագործման սխեման։ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի համաձայն՝ Երևան քաղաքի ավագանին է որոշում ընդունում Երևան քաղաքի գլխավոր հատակագծին համապատասխան մշակված՝ Երևան քաղաքի առանձին տարածքների գոտիավորման նախագծերի, ինչպես նաև նախագծային առաջադրանքների վերաբերյալ։ ՀՀ հողային օրենսգրքի 11-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ քաղաքաշինական նպատակներով համայնքի վարչական սահմաններում ընդգրկված հողերը օգտագործվում են գլխավոր հատակագծերով, քաղաքաշինական գոտիավորման նախագծերով, հողերի օգտագործման սխեմաներով սահմանված նպատակներով և փուլերով։
Բնակավայերի ծրագրային փաստաթղթերի, այդ թվում՝ գոտիավորման նախագծերի մանրամասն հատակագծման և կառուցապատման սխեմաների բացակայության դեպքում կառուցապատումը կամ ինքնակամ կառույցի օրինականցումը քաղաքաշինական նորմերի լուրջ խախտում է, որի կարգավորումը հետագայում գործնականորեն անհնարին կլինի, քանի որ այն բացասական ազդեցություն կունենա Երևան քաղաքի կայուն զարգացման վրա։ Արաբկիր վարչական շրջանում քաղաքացիների կողմից շենքերի բակային տարածքներում Երևան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերում առանց իրավահաստատող փաստաթղթերի ժամանակին ավտոտնակներ են կառուցվել, որոնք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի համաձայն՝ հանդիսանում են ինքնակամ կառույցներ:
Դրանց նկատմամբ օրենքի ուժով ճանաչվում է Երևան համայնքի սեփականության իրավունքը։ Ինքնակամ կառույցների օրինականացման կարգը հաստատված է ՀՀ կառավարության 18.05.2006թ. հ. 912-Ն որոշմամբ, որի 33-րդ կետի համաձայն համայնքի ղեկավարը սեփական նախաձեռնությամբ ընդունում է որոշում՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցներն օրինականացնելու կամ քանդելու մասին։ Նշված կարգի 2-րդ կետի համապատասխան ինքնակամ կառույցը ենթակա չէ օրինականացման, եթե այն խախտում է այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, կամ հակասում է քաղաքաշինական նորմերին։
Երեւանի քաղաքապետարան