ԱՄՆ-ն հայտարարել է Ռուսաստանի 7 քաղաքացու և 17 ընկերության հանդեպ կիրառվելիք նոր պատժամիջոցների մասին:
Միաժամանակ, պատժամիջոցների ցանկն ընդլայնելու մասին հայտարարել է նաև Եվրամիությունը: Ամերիկյան պատժամիջոցների ցանկում են հայտնվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շրջապատի ներկայացուցիչները: Նրանց թվում է «Ռոսնեֆթի» ղեկավար Իգոր Սենչինը:
Հաշվի առնելով, որ «Ռոսնեֆթը» նախորդ տարի հայտարարեց «Նաիրիտ» գործարանում ներդրումներ անելու մասին, armlur.am-ը քաղաքագետ Ստեփան Սաֆարյանից հետաքրքրվեց` հնարավոր է՝ այս պատժամիջոցներից հետո ընկերությունը հրաժարվի Հայաստանում ներդրումներ անել: Սաֆարյանը դա չբացառեց:
-Պարո՛ն Սաֆարյան, բայց պատժամիջոցները միայն քաղաքական բնույթի են և ոչ տնտեսական:
-Դա կարևոր չէ: Այդ պատժամիջոցներն իրենց ազդեցությունը կունենան ՌԴ-ի տնտեսության վրա և այնպիսի պատժամիջոցներ չեն, որ միայն քաղաքական հետևանքներ հարուցեն: Դրանք անպայման մեր տնտեսության վրա բացասաբար ազդելու են: Ես ընդամենը մի օրինակի մասին եմ խոսում:
-Այսինքն` Մաքսային միության անդամակցությունից հետո մեր այն սպասելիքները, թե Ռուսաստանը Հայաստանում ներդրումներ կանի, հօ՞դս են ցնդում:
-Իհարկե, ՌԴ-ն հիմա հայտնվում է վատ վիճակում, նրա խնդիրն իր տնտեսության մասին մտածելն է, և ոչ թե Հայաստանի:
-Հայաստանն ինչպե՞ս կարող է խուսափել ՌԴ-ի վրա կիրառվելիք պատժամիջոցների ազդեցությունից:
-Հայաստանը կարող է խոսել հետևանքների մասին, բայց խուսափել այդ ամենից, դժվար թե կարողանա, քանի որ կախվածությունը ՌԴ-ից մեծ է: Հայաստանում պետք է ձևավորեն դիֆերենցված տնտեսություն:
-Այս ֆոնի վրա, հնարավո՞ր է, սրվեն Հայաստան-ԱՄՆ, Հայաստան-ԵՄ հարաբերությունները:
-Հայաստանն այս պայմաններում ստիպված կլինի վերանայել իր հարաբերությունները ԱՄՆ-ի և ԵՄ հետ: Եթե այսքանից հետո դասեր չքաղի և շարունակի, մենք կկանգնենք լուրջ խնդրի առջև:
Սոնա Դավթյան