Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությունը որոշել է ամենավերջին ձեւով ծաղրել ու ստորացնել սոցիալապես անապահով խավին: Եւ սա այն բանից հետո, երբ նույն Տիգրան Սարգսյանի կառավարության վարած ապաշնորհ քաղաքականության պատճառով, ըստ պաշտոնական վիճակագրության, ՀՀ յուրաքանչյուր երրորդ բնակիչը պարզապես աղքատ է: Վարչախմբի ցինիզմի գագաթնակետը կառավարության երեկվա նիստն էր, որտեղ Տիգրան Սարգսյանը հայտարարեց աղքատ ընտանիքներին Ամանորի կապակցությամբ 3-ական շիշ ձեթ տրամադրելու մասին:
Այստեղ խնդիրը միայն այն չէ, որ Նոր տարվա առթիվ վարչապետն աղքատներին որոշել է բուսական յուղ նվիրել: Դա ընդամենն այսբերգի երեւացող մասն է: Շատ հետաքրքրական է, թե կառավարությունը հատկապես ինչ ձեթ է նվիրելու սոցիալապես անապահով ընտանիքներին:
Եթե անկեղծ, ապա վարչապետի ելույթից հետո մտածում էինք, թե հավանաբար կառավարությունը ցանկանում է օգնություն տրամադրվելիք բուսական յուղը գնել Սամվել Ալեքսանյանին պատկանող Երեւանի ձեթ-օճառի գործարանից. այդպես մի կողմից եկամուտ էր ապահովում հայտնի օլիգարխին, մյուս կողմից էլ պետբյուջեի գումարները լվանալու հրաշալի միջոց էր ստեղծվում: Սակայն կառավարության որոշմանը ծանոթանալուց հետո հերթական անգամ համոզվեցինք, որ վարչախմբի երեւակայությունը չունի սահմաններ:
Եւ այսպես. կառավարության երեկվա որոշումը նիստի օրակարգում է ընդգրկվել լրացուցիչ հարցերի շարքում՝ ոչինչ չասող, բավական անմեղ մի ձեւակերպմամբ. «ՀՀ կառավարության՝ 2011 թվականի հուլիսի 14-ի N 1013-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»: Իսկ այս տարվա հուլիսի 14-ի N 1013-Ա որոշումը վերաբերում էր «Հայաստանի Հանրապետություն ներկրված արեւածաղկի ձեթի իրացմանը»: Պարզվում է՝ դեռ 3 տարի առաջ՝ 2009թ., ՌԴ կառավարությունը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության միջոցով Հայաստանին որպես հումանիտար օգնություն է տրամադրել 1000 տոննա արեւածաղկի ձեթ: Դրա մի մասը՝ 160 տոննան, հատկացվել է ՀՀ պաշտպանության նախարարությանը։ Որոշում է կայացվել դրանից 840 տոննան իրացնել աճուրդային կարգով, իսկ ստացված գումարն էլ փոխանցել ՀՀ պետական բյուջե: Ի դեպ, սա հաստատել է նաեւ ՀՀ սոցապնախարարը:
Ու հիմա, երբ իշխանություններին չի հաջողվել 2009թ. հատկացված հումանիտար օգնությունը վաճառել, կառավարությունը որոշել է փոփոխություններ կատարել իր որոշման մեջ ու այդ բուսական յուղը` որպես օգնություն, տրամադրել աղքատներին: Այսինքն՝ կառավարությունը տեսել է, որ դեռ երեք տարի առաջ հատկացված օգնությունը չի կարող աճուրդով վաճառել, որոշել է խմբագրել դրա քանակը. ըստ կառավարության երեկվա որոշման՝ 1 մլն 86 հազար 960 շիշ: Ու հիմա պետք է այն ուղղակի «նաղդել» աղքատների վրա: Թե ինչու Տիգրան Սարգսյանի կառավարությանը չի հաջողվել ժամանակին վաճառել որպես հումանիտար օգնություն ստացված ձեթը, մնում է միայն ենթադրել: Հիմնավոր կասկածներ կան, որ այն պարզապես ժամկետանց է, եւ դա է եղել աճուրդով չվաճառելու պատճառը:
Այս տեսակետն են ապացուցում հետեւյալ փաստերը. ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ ՌԴ կառավարությունը հատկացրել է դեռ 2009թ.: Հասկանալի է, որ հումանիտար օգնությունը դժվար թե հենց նոր արտադրված լիներ: Այսինքն՝ ՌԴ-ն ՀՀ է ուղարկել իր պահեստներում գտնված բուսական յուղը, որի պիտանելիության ժամկետը դեռ 2009թ. պետք է մոտենար ավարտին: Իսկ հիմա Հայաստանում էլ դեռ 2009թ. հատկացված օգնությունը ՀՀ իշխանությունները 3 տարի անց որոշում են որպես բարեգործություն, որպես օգնություն տալ սոցիալապես ամենաանապահով խավին:
Երեկ շրջեցինք Երեւանի տարբեր խանութներում եւ պարզեցինք, որ այստեղ վաճառվող բուսական յուղերի պիտանելիության ժամկետն առավելագույնը 1,5-2 տարի է: Իսկ վաճառվող ձեթերի մեծամասնության համար պիտանելիության ժամկետ է նշված 1 տարին: Ավելին, խանութներում վաճառվող բոլոր ձեթերը 2011թ. արտադրության են:
Այսքանից հետո դժվար չէ ենթադրել, որ կառավարության կողմից աղքատներին տրամադրվող օգնությունը պարզապես ժամկետանց է: Սա, թերեւս, ոչ այլ ինչ է, քան ծաղր աղքատ մարդկանց նկատմամբ: Եթե այս ամենին գումարենք վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ հարցազրույցի ժամանակ «հումորով» արած հայտնի խոստովանությունը. «Ամեն ինչ անենք, որպեսզի մարդիկ չփախչեն, որ մնան ու իրականացնեն հեղափոխությո՞ւն», ապա վարչախմբի իրական պատկերը կամբողջանա: Հավանաբար, իշխանություններն աղքատության դեմ պայքարում են աղքատներին վերացնելու ճանապարհով:
Երեկ փորձեցինք մեկնաբանություններ ստանալ նաեւ վարչապետի մամուլի խոսնակ Արամ Անանյանից: Վերջինս, սակայն, ողջ օրվա ընթացքում այդպես էլ հարկ չհամարեց պատասխանել մեր հեռախոսազանգերին:
ԺԱՄԿԵՏԱՆՑ ՁԵԹԸ՝ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ