«Պուտին»  անունով գրադարան կբացվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՊՀ  երկրների երիտասարդական միության խորհրդի ոչ անհայտ  նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը, ով մեր հանրությանն ավելի շատ հայտնի է որպես Հայաստանում բացված և այդպես էլ չգործած  «Պուտին» ակումբների նախագահ, հիմա էլ ակումբների փոխարեն նոր քաղաքական բիզնես ծրագիր է իրականացնում` ռուսական գրախանութներ է բացում:

Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին զանգվածաբար փակվում են գրախանութները: Փոխարենը փակված հայկական գրախանութներին արագորեն փոխարինելու են գալիս «ռուսական գրքի տուն» կոչվող գրախանութները: Սա նշանակում է, որ մեր երկրում մայրենի լեզվով գրականության  փոխարեն այլալեզու գրականություն է քարոզվում.  կապ չունի ռուսական, թե ցանկացած այլ լեզու: Սրանից երկու տարի առաջ  «Ռուսական գրքի տուն» գրախանութ բացվեց Արտաշատ քաղաքում, հետո՝ Գյումրիում, իսկ նախորդ տարի՝ ՀՀ Ազգային Ժողովում բացվեց «Ռուսական գրքի գրադարանը»:

Թե որքանով է նպատակահարմար, որ Արտաշատ քաղաքում հայկական գրախանութին փոխարինում է ռուսականը, «Ժողովուրդ»-ն այս թեմայի շուրջ զրուցեց Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանի հետ:

-Պարոն Մուրադյան, Արտաշատում քանի՞ գրադարան կա:

-Երկուսն են: Մի գրադարանը քաղաքապետարանի ենթակայության տակ է գտնվում, իսկ մյուսը՝ մարզայինն  է:

-Քաղաքապետարանն ի՞նչ քայլեր է ձեռնարկում գրադարանը  զարգացնելու ուղղությամբ: Ի՞նչ է արվում գրքային ֆոնդն ավելացնելու համար:

-Գրքային ֆոնդը ժամանակ առ ժամանակ ավելացվում է: Եվ այդ ամբողջ գործընթացը քաղաքապետարանի կողմից է ֆինանսավորվում: Երբ պահանջ են ունենում գրքային ֆոնդն ավելացնելու, դիմում են մեզ, մենք էլ ֆինանսավորում ենք:

-Իսկ քանի՞ գրախանութ կա:

-Գրքի խանո՞ւթ: Գրենական պիտույքների խանութ ունենք, որտեղ մի քանի գրքեր էլ են վաճառվում:

-Բայց Արտաշատում կա նաև «Ռուսական գրքի տուն» գրախանութ:

-Այո, ունենք, նման մի բան: Ռուսական գրքերի խանութ է:

-Հետաքրքրվե՞լ եք, թե ինչ հաճախելիություն ունի:

-Կա, մարդիկ գնում- գալիս են: Նորմալ է:

-Ինչքանո՞վ է ճիշտ, որ հայկական գրախանութի փոխարեն բացվել է ռուսականը:

-Դա վաղուց է բացվել: Թող մարդիկ ծանոթանան ռուս գրողների և գրականության հետ: Ի՞նչ վատ է:

-Վատ չէ, բայց ցավալի է, որ հայկական գրախանութ չկա Արտաշատում:

-Մենք քաղաքում ունենք ռուսական զորամաս, իրենք օգտվում են այդ գրախանութից: Մենք նման ծրագիր ունենք մշակած: Հույս ունենք, որ առաջիկայում քաղաքում մի հայկական գրախանութ էլ կունենանք: Տեսնենք, թե ինչպես կստացվի:

զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս