Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրապարակել է նոր Սահմանադրության տեքստը, որի 85-րդ հոդվածը վերաբերում է դատավորների մեկանգամյա վերագնահատմանը։ Հոդվածի մի շարք դրույթներ, մասնավորապես՝ երկրորդ կետը, հարցեր են առաջացնում դատական իշխանության անկախության և դատավորների պաշտոնավարման կայունության վերաբերյալ։
ArmLur.am-ը արձանագրեց ,որ նախագծի համաձայն՝ Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգ տարվա ընթացքում, պետք է իրականացվի այդ պահին պաշտոնավարող դատավորների մեկանգամյա վերագնահատում։ Գործընթացը վերաբերելու է Վճռաբեկ դատարանի, վերաքննիչ դատարանների, առաջին ատյանի ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների դատավորներին, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի՝ դատավոր չհանդիսացող անդամներին։
Սակայն առավել ուշագրավ է 85-րդ հոդվածի երկրորդ կետը։ Դրանով սահմանվում է, որ Սահմանադրության ուժի մեջ մտնելու պահից գործող դատավորները շարունակելու են իրականացնել իրենց լիազորությունները՝ արդեն որպես դատավորի ժամանակավոր պաշտոնակատարներ։ Այս կարգավիճակը պահպանվելու է մինչև վերագնահատման արդյունքներով նրանց դատավորի պաշտոնում նշանակելը կամ ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունների դադարեցումը։
Փաստորեն, նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո գործող դատավորները, անկախ իրենց ներկայիս պաշտոնավարման հանգամանքներից, հայտնվելու են ժամանակավոր կարգավիճակում։ Ընդ որում՝ նախագծի երրորդ կետով նրանց վերապահվում է դատավորների համար Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված լիազորությունների ամբողջ ծավալը։ Այսինքն՝ դատավորները շարունակելու են արդարադատություն իրականացնել լիարժեք լիազորություններով, սակայն առանց դատավորի վերջնական կարգավիճակ ունենալու։
2. Սահմանադրության ուժի մեջ մտնելու օրվանից սույն հոդվածի 1-ին մասում նշված դատավորները շարունակում են իրականացնել դատավորի լիազորությունները՝ որպես դատավորի ժամանակավոր պաշտոնակատարներ, մինչև օրենքով սահմանված կարգով նրանց վերագնահատման արդյունքների հիման վրա դատավորի պաշտոնում նշանակումը կամ դատավորի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունների դադարեցումը։
Այս դրույթը խնդրահարույց է հատկապես այն առումով, որ դատավորների պաշտոնավարման հարցը փաստացի կապվում է վերագնահատման գործընթացի ավարտի հետ։ Թեև առաջին կետով ամբողջ գործընթացի համար նախատեսվում է հինգ տարվա ժամկետ, երկրորդ կետը չի հստակեցնում, թե կոնկրետ յուրաքանչյուր դատավոր որքան ժամանակ կարող է մնալ ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակում։
Արդյունքում կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ դատավորները երկար ժամանակ շարունակեն իրականացնել իրենց լիազորությունները՝ չունենալով պաշտոնավարման վերջնական և կայուն կարգավիճակ։ Սա դատական իշխանության անկախության տեսանկյունից էական հարց է, քանի որ դատավորի պաշտոնավարման երաշխիքները նրա անկախության կարևոր բաղադրիչներից են։
Վերագնահատումն ինքնին նախատեսում է դատավորների բարեվարքության, մասնագիտական կարողությունների և գույքային դրության համապատասխանության ստուգում։ Գործընթացն իրականացնելու է հինգ անդամից կազմված Դատավորների վերագնահատման հանձնաժողովը, որի անդամներին ընտրելու է Ազգային ժողովը՝ նախագահի, Մարդու իրավունքների հանձնակատարի և Կառավարության առաջարկությունների հիման վրա։
Հանձնաժողովը ներկայացնելու է դրական կամ բացասական եզրակացություն, որի հիման վրա Հանրապետության նախագահը պետք է որոշում կայացնի դատավորին պաշտոնում նշանակելու կամ նրա լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ։
Հատկանշական է, որ նախագծով վերագնահատման հանձնաժողովի եզրակացությունները դատական կարգով վերանայման ենթակա չեն։ Միաժամանակ դատավորի ժամանակավոր պաշտոնակատարը կարող է Սահմանադրական դատարանում բողոքարկել իրեն պաշտոնում չնշանակելու և լիազորությունները դադարեցնելու որոշումը։
«Ժողովուրդ» օրաթերթը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ առաջարկվող կարգավորումների պայմաններում գործող դատավորները կարող են հայտնվել երկարատև անորոշության մեջ՝ շարունակելով արդարադատություն իրականացնել ժամանակավոր կարգավիճակով։ Իսկ դատական իշխանության անկախության տեսանկյունից առանցքային է ոչ միայն դատավորների լիազորությունների ծավալը, այլև նրանց պաշտոնավարման հստակ և կայուն երաշխիքների առկայությունը։
Ա․ Վարդանյան

























