2011թ. պետական բյուջեից հրատապ համայնքային խնդիրների լուծման համար Տավուշի մարզին հատկացվել է 632 միլիոն դրամ: Եւս այդքան գումար հատկացվեց նաեւ այս տարվա աշնանը: Այդ գումարով նախկին ծրագրից կիսատ մնացած 2-3 օբյեկտների շինարարությունը շարունակվեց, նաեւ գումարներ հատկացվեցին Այգեձոր համայնքում բնական գազի ներքին ցանցի, Բարեկամավանում խմելու ջրագծի կառուցման, մի քանի դպրոցական շենքերի տանիքների նորոգումների համար: Այժմ բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգումներ են կատարվում Նոյեմբերյանում, Դիլիջանում, Բերդում, Այրումում եւ Ազատամուտում: Իսկ ինչպե՞ս են ընտրվել աշխատանքներն իրականացնող շինարարական կազմակերպությունները: Տավուշի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Վոլոդյա Սարգսյանը մարզային «Տավուշ» հեռուստաընկերությամբ հայտարարեց, որ կառավարության որոշմամբ նախատեսված է մրցույթի այնպիսի կարգ, որ առանց հայտարարություն տալու, շինարարական կազմակերպությունների հետ բանակցություններ են ընթացել: Ըստ նրա` այդպես է արվել, որովհետեւ շինարարական աշխատանքները շատ կարճ ժամկետում պետք է իրականացվեին: Հարց է ծագում` ինչո՞ւ: Մրցույթի համար ժամկետը չի՞ բավարարել, մի՞թե պետական բյուջեի միջոցներով համայնքներում իրականացվող ծրագրերն անակնկալ էին: Չէ՞ որ արդեն ավանդույթ է դարձել, որ համապետական յուրաքանչյուր ընտրություններից առաջ կառավարությունը մեծ միջոցներ է ուղղում համայնքային խնդիրների լուծմանը: Կարելի է մտածել, որ հայրենի իշխանությունը դրանով փորձում է շահել համայնքներում ապրող բնակիչների, ավելի ճիշտ` ընտրողների համակրանքը:
Մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետն ասաց, որ իրենք առաջարկով դիմել են շինարարական կազմակերպություններին, որպեսզի պարզեն, թե դրանցից որը ցանկություն ունի այդ աշխատանքները կատարելու եւ ով ավելի ցածր գնային առաջարկ կներկայացնի: Նկատենք, որ նման ձեւով շինարարական կազմակերպություններ ընտրելը պարունակում է կոռուպցիոն ոչ փոքր ռիսկեր:
ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ