Եվ այսպես` ԱԺ ամենամեծ` թվով 70 պատգամավոր ունեցող ԱԺ Հանրապետական խմբակցության նոր ղեկավարը Վահրամ Բաղդասարյանն է: Այս ընտրությունը բավականին ուշագրավ է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարոն Բաղդասարյանն, ըստ էության, երբեք աչքի չի ընկել կուսակցական մտածողության դրսևորմամբ և ոչ միայն հանրության, այլև հենց խորհրդարանի ներսում առանձնապես չի ընկալվել որպես վառ արտահայտված ՀՀԿ-ական գործիչ:
Ավելին` պարոն Բաղդասարյանը ՀՀԿ-ի շարքերն է ընդգրկվել ընդամենը երեք տարի առաջ` 2011թ-ին,այն էլ` որպեսզի այդպիսով 2012-ի ԱԺ ընտրություններում պատգամավորական մանդատ ձեռք բերելու հնարավորություն ստանա:
Վահրամ Բաղդասարյանի քաղաքական կենսագրության առավել հիշարժան փուլը կապված է ներկայումս ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանի հետ 2006թ. «Միավորում հանուն Հայաստանի» անվանումով նոր քաղաքական ուժ ստեղծելու չստացված փորձի հետ:
Իսկ մինչ այդ Բաղդասարյանը անկուսակցական էր: Չստացված կուսակցաշինությունից հետո նա տարիներ շարունակ քաղաքականությունից օտարված էր, և միայն վերջին խորհրդարանական ընտրություններից առաջ, երբ ՀՀԿ-համամասնական ցուցակը լցվեց տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող բազմաթիվ վարկաբեկված գործիչներով և ճամբարափոխ երիտկարիերիստներով, այդ ցուցակում տեղ բացվեց նաև Բաղդասարյանի համար: Թեև Վահրամ Բաղդասարյանի դեպքում չի կարելի խոսել ոչ ճամբարափոխության, ոչ էլ վարկաբեկված լինելու մասին: Պարզապես ՀՀԿ խմբակցության նորընտիր ղեկավարը, այսպես ասած, այնքան էլ ՀՀԿ-ական չէ:
Եվ ամենևին պատահական չէր, որ նրա ընտրությունը ՀՀԿ խմբակցության ներսում հարուցեց բազմաթիվ հնաբնակ ՀՀԿ-ականների դժգոհությունը, որոնք երեկ մեզ հետ զրույցներում չէին թաքցնում իրենց զարմանքն ու հիասթափությունը:
Բաղդասարյանի ընտրությունը զարմացրել էր նաև Աժ մնացած քաղաքական ուժերի ներկայացուցիչներին: Թե ինչու ՀՀԿ ղեկավարությունը նման ընտրություն արեց, այս հարցի հետ կապված երեկ հնչում էին ամենատարբեր բացատրություններ` սկսած Բաղդասարյանի` ներկա և նախկին տարբեր պաշտոնյաների (Աղվան Հովսեփյան) հետ ունեցած կապերի մատնանշումից, ավարտած կոնկրետ Աժ նախագահ Գալուստ Սահակյանի ցանկությամբ:
Իրականում, սակայն, պատճառն այն է, որ ՀՀԿ խմբակցությունում պարզապես համապատասխան թեկնածուներ չկային: Հովիկ Աբրահամյանի` վարչապետ, իսկ Դավիթ Հարությունյանի` նախարար նշանակվելուց հետո,ՀՀԿ-ականները դժվարությամբ կարողացան «լցնել» առաջացած վակուումը: Փաստորեն` 70 պատգամավոր ունեցող խմբակցությունից ընդամենը երկու հոգու հեռացումն այնպիսի ցնցում առաջացրեց, որ խմբակցության ղեկավարի պաշտոնում նշանակվեց եռամյա կուսակցական կենսագրությամբ գործիչ: