Արմավիրի հաշմանդամների դպրոցը ֆինանսական խնդիրներ ունի, ինչը կարող է հանգեցնել դպրոցի փակմանը: Արդյունքում բազմաթիվ հաշմանդամ երեխաներ կարող են մնալ առանց կրթության: Իսկ տեղական իշխանություններին դա կարծես առանձնապես չի հուզում:
Արմավիր քաղաքի հաշմանդամների դպրոցն այս տարի նշում էր իր հիմնադրման 10-ամյակը: Այստեղ հաճախում են Արմավիր քաղաքի եւ մերձակա գյուղերի հաշմանդամ երեխաները` մյուսների նման կրթություն ստանալու, ընկերներ ձեռք բերելու համար:
Հաշմանդամների դպրոցի տասնամյա պատմությունը հագեցած է խոչընդոտներով ու դժվարություններով: Դպրոցի տնօրեն Սվետլանա Հակոբյանն ասում է, որ իրենց գլխավոր խնդիրը, թերեւս, ֆինանսական օժանդակության բացակայությունն է:
«Իր ողջ պատմության ընթացքում մեր դպրոցը գոյատեւել է սեփական ուժերով: Անցած տարիների ընթացքում միայն ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն է եկել, նվերներ ու նաեւ անվասայլակներ հատկացրել երեխաներին»,-ասում է տիկին Հակոբյանը:
Դպրոցը գտնվում է Արմավիր քաղաքի ծայրամասային փողոցներից մեկում: Այն փոքրիկ սենյակը, որտեղ հավաքվում են քաղաքի մոտավորապես 30 տարբեր կարգի հաշմանդամ երեխաները, վաղուց վերանորոգման կարիք ունի: Եւ այդ տարածքի համար որպես վարձավճար դպրոցը սեփականատիրոջն ամսական տալիս է 250 հազար դրամ: «Մեր եւ ծնողների կողմից տարածքի սեփականատիրոջն ուղղված խնդրանքը` պակասեցնել ամսական վճարը` հաշվի առնելով դպրոցի առաքելությունը, այդպես էլ մերժվեց»,-ասում է տիկին Հակոբյանը: Ու որպեսզի այս դպրոցը կարողանա գոյատեւել, ուսուցումը ստիպված կազմակերպում են վճարովի հիմունքներով` ամսական մոտ 3000 դրամի սահմաններում: «Դեռ 2010թ. դպրոցի տնօրինությունը դիմել էր Արմավիրի քաղաքապետարան` խնդրելով դրամական օգնություն ընդամենը 50 հազար դրամի չափով: Բայց դիմումը «հարգելի» պատճառներով մերժվեց»,-պատմում է այդ դպրոցում սովորող երեխաներից մեկի մայրը` Աննա Օհանջանյանը: Իսկ նպատակը երեխաների համար փոքրիկ ամանորյա միջոցառում կազմակերպելն էր: «Ստիպված մենք հավաքեցինք այդ գումարը` նրանց Ամանորի նախաշեմին հաճելի պահեր պարգեւելու` համատեղ միջոցառում կազմակերպելու համար»,-ասում է տիկին Օհանջանյանը:
Այս խնդրի շուրջ Արմավիրի մարզպետարանի կամ քաղաքապետարանի պատասխանը ստանալու մեր փորձերն անցան ապարդյուն: Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը «Ժողովուրդ»-ի հարցը լսելուց հետո անջատեց հեռախոսն ու դարձավ անհասանելի: Իսկ մարզպետարանի սոցիալական ապահովության վարչությունից ընդամենը փոխանցեցին, որ այդ հարցով իրենք չեն զբաղվում: Ավելին, նրանք չգիտեին, թե ով է պատասխանատու, եւ ում կարելի է դիմել:
Փաստորեն, մի կողմից կառավարությունը խոսում է սոցիալական պաշտպանվածության մասին, մյուս կողմից անտեսում ու արհամարհում է ծերերի, երեխաների եւ հաշմանդամների խնդիրները: Ուզում ես ակամայից բղավել. «Մարդու նկատմամբ մա՛րդ եղեք, մարդի՛կ»:
ԴՊՐՈՑԻ ՀԱՄԱՐ ՓՈՂ ՉԿԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՆԻ ՂԱՆԴԻԼՅԱՆ