Եւ այսպես` լավ, թե վատ անցկացրինք նաեւ 2011 թվականը: Ընդհանուր առմամբ, իշխանությունների համար այն 2008թ. թույլ տված սխալները սրբագրելու տարի էր: Նախ` ներքաղաքական իմաստով. շուրջ երեք տարվա ազատազրկումից հետո վերջապես ազատ արձակվեցին քաղբանտարկյալները: Սա այս տարվա ընթացքում Սերժ Սարգսյանի թեեւ ուշացած, սակայն այնուամենայնիվ, ամենակարեւոր քայլն էր: Հաջորդն ընդդիմության հետ երկխոսությունն էր, որը չնայած այդպես էլ լիարժեք չկայացավ, այնուամենայնիվ, որոշակիորեն փոխեց երկրում առկա ծայրահեղ ատելության մթնոլորտը: Սխալների սրբագրման շարքից կարելի է առանձնացնել նաեւ Սերժ Սարգսյանի կողմից մարտի 1-ի քննությունը վերանայելու հրահանգը, որը, սակայն, ինչպես ցույց տվեց ժամանակը, զուտ ձեւական բնույթ էր կրում: Այդուհանդերձ, իր այդ քայլով եւս Սերժ Սարգսյանը կարողացավ թեպետ եւ չնչին, սակայն նկատելի փոփոխություն մտցնել երկրի իշխանության ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ընկալման մեջ: Բացի այդ, դրանով նա կատարեց իր համար թերեւս ամենակարեւոր սրբագրումներից մեկը` կրկին մարտական պատրաստության վիճակի բերեց «մարտի 1-ի քաղաքական մահակը», որպեսզի անհրաժեշտության դեպքում այն օգտագործի Ռոբերտ Քոչարյանի դեմ:
Տարին եթե ոչ հաջողված, ապա ոչ էլ ձախողված էր նաեւ արտաքին քաղաքականության տեսանկյունից: Նախ` հունիսին Կազանում կայացած կարեւոր հանդիպման ընթացքում հայկական կողմին հաջողվեց Ղարաբաղի հարցում ոչ միայն չզիջել, այլեւ որոշակիորեն ամրապնդել հայկական կողմի դիրքերը: Տապալված հայ-թուրքական արձանագրություններից հետո, երբ մտավախություն էր հնչում, թե այդ գործընթացն արգելակեց Ցեղասպանության միջազգային ճանաչումը, Նիկոլա Սարկոզիի երեւանյան ջերմ ելույթը, ապա նախօրեին Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը լիովին ստվերեցին հայկական դիվանագիտության` մինչ այդ ունեցած ձախողումները, թեպետ հասկանալի է, որ այստեղ վերջինի դերակատարությունն ամենեւին էլ որոշիչ չէր: Փոխարենն այն կարող էր որոշիչ լինել Ադրբեջանի` ՄԱԿ ԱԽ ոչ մշտական անդամակցությանը խոչընդոտելու հարցում, ինչը, բնականաբար, հայրենի իշխանությունները չկարողացան:
Տարին առանց ցնցումների էր նաեւ սոցիալ-տնտեսական իմաստով. իշխանություններին առայժմ հաջողվեց թույլ չտալ գազի սակագնի բարձրացում, որոշակի քայլեր արվեցին նաեւ գնաճի զսպման ուղղությամբ: Սակայն արդեն բոլորի համար պարզ դարձավ, որ մեր երկրի տնտեսությունը գտնվում է «կայուն ծանր» վիճակում, որից դուրս գալու հույսերն այս կառավարության եւ Տիգրան Սարգսյանի հետ կապելն այլեւս լուրջ չէ:
Չցանկանալով այս տարվա վերջին խմբագրականն ավարտել բացասական նոտայով` ուզում ենք հավատալ, որ գալիք` նախընտրական տարում թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունն ավելի իմաստուն ու հանդուրժող կլինեն, եւ հաջորդ տարին ամփոփելիս մենք կխոսենք առավելապես ձեռքբերումների մասին:
ԱՆՑՆՑՈՒՄ ԷՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ