Գտել են պատանիների հետ աշխատելու բանալին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թաթարստանի մայրաքաղաք Կազանում ավարտվեց ԱՊՀ երկրների դպրոցականների մարզական 2-րդ խաղերի բասկետբոլի մրցաշարը: Ավարտական մրցափուլում Հայաստանի աղջիկների պատանեկան հավաքականը 77:47 հաշվով պարտության մատնեց Բելառուսի ընտրանուն: Այս հաղթանակը հնարավորություն տվեց հայ մարզուհիներին գրավել պատվավոր 3-րդ հորիզոնականը:

Մեկնարկային խաղերում մեր բասկետբոլիստուհիներն առավելության էին հասել Մոլդովայի եւ Թաթարստանի հավաքականների նկատմամբ, այնուհետեւ պարտվել էին Ռուսաստանի եւ Ղազախստանի ընտրանիներին:

Հայաստանի պատվիրակության ղեկավար, մարզաձեւի ֆեդերացիայի փոխնախագահ Վահագն Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, մասնավորապես, ասաց. «Ռուսաստանի թիմին հաղթելը պարզապես հեքիաթի նման կլիներ. գերազանց պատրաստված թիմ էր, ճիշտն ասած, աղջիկներն էլ տարիքով մի քիչ մեծ էին երեւում: Իսկ Ղազախստանին պարտվելը մեր բացթողում էր. աղջիկները չխաղացին, քանի որ Երեւանում այդ թիմին 20 միավորի առավելությամբ հաղթել էինք: Չեմ ուզում մեղադրել նրանց. առաջին անգամն էր, որ Հայաստանի աղջիկների հավաքականը դուրս էր եկել միջազգային խաղերի»:

Մեր զրուցակիցը երրորդ տեղ զբաղեցնելը համարում է ձեռքբերում թե՛ թիմի, նրա մարզիչների, թե՛ ֆեդերացիայի համար, իսկ Բելառուսի հավաքականին 30 միավորի տարբերությամբ հաղթելը՝ լուրջ հայտ: Մարզչական շտաբը հենց օդանավակայանում որոշել է, որ թիմը պետք է անպայման ներկայացնեն Եվրոպայի առաջնությանը, առայժմ՝ C դիվիզիոնում, ու լավ կլինի, որ նաեւ Եվրալիգայի մրցաշարին մասնակցեն:

Իսկ կանանց մարզիչների պակասի խնդիր կա՞: «Ես ֆեդերացիայի փոխնախագահն եմ ու երեւի եզակիներից մեկը, ով նաեւ մարզիչ է աշխատում: Ընդ որում, արդեն քանի տարի՝ աղջիկների հետ: Եվ հիմա արդեն տղաների հետ չեմ կարող աշխատել: Թիմի գլխավոր մարզիչը Լիանա Բաղդասարյանն է, մարզչի օգնականը՝ Վերոնիկա Մանուկյանը, եւ մենք երեքով գալիս ենք ընդհանուր հայտարարի, ապա նոր միայն կատարում քայլը: Պետք է սեմինարներ անցկացվեն մարզիչների համար, որ նրանք կատարելագործվեն, բայց դա չի վերաբերվում արդեն փորձված մարզիչներին՝ Վարդան Խաչատրյանին, Արեգ Վաթյանին… Կարող եմ 7-8 անուն թվարկել, որոնք համապատասխանում են նորմալ մարզչի որակներին»:

Ըստ մեր զրուցակցի. «Տղաները շուտ աճում են, բայց ինչ-որ ժամանակ աճը նրանց մոտ կանգ է առնում, եւ արդեն շատ է կարեւորվում մարզիչների աշխատանքը: Աղջիկների մոտ ամեն ինչին դանդաղ ենք գնում, օրինակ, եթե տղաներին գնդակի պարզունակ վարում 10 օրում ենք սովորեցնում, ապա աղջիկներին՝ մեկուկես ամսում: Բայց աղջիկների մոտ տեխնիկան դրվում է հիմնավոր, նրանց պատասխանատվության զգացումն է ավելի բարձր: Աղջիկների հետ դժվար է. շուտ նեղանում, վիրավորվում են, բայց մենք գտել ենք նրանց հետ աշխատելու բանալին, եւ մի բանը երկրորդ անգամ չենք ասում»:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս