«ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԷԼ ԵՆՔ ԲԱՐՁՐԱՁԱՅՆԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի ներդրման հարցում ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն եւս իրենց մեղքի բաժինն ունեն: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2008թ., երբ իշխող կոալիցիան կազմված էր չորս կուսակցությունից` ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ-ՕԵԿ, կառավարության նոյեմբերի 13-ի նիստում ընդունվել էր 1487-Ն որոշումը, որով հաստատվել էր «ՀՀ կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը եւ կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը»: Այդ ծրագիրը ենթադրում էր նաեւ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրում: Իսկ այն ժամանակ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը զբաղեցնում էր ՀՅԴ-ական Արսեն Համբարձումյանը: «Ժողովուրդ»-ը զրուցեց նրա հետ՝ պարզելու, թե ինչու են ժամանակին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին կողմ եղել, իսկ այժմ հայտարարում են, թե պայքարելու են դրա ներդրման դեմ:

-Բարեփոխումների ծրագրի մշակումը սկզբնավորվել է շատ ավելի վաղուց՝ 2003 թվականից ի վեր, Կենտրոնական բանկի կողմից: Ու այս ամբողջ գործընթացն ավելի քան 10 տարվա պատմություն ունի: Բնականաբար գրել, թե այդ ծրագիրը մշակվել էր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միջոցով, կարծում եմ՝ ճիշտ չէ: Այդ ծրագիրն ի սկզբանե մշակվել է Կենտրոնական բանկի կողմից, հետագայում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը՝ իբրեւ շահագրգիռ գերատեսչություն, մասնակից է դարձել գործընթացին, եւ դաշնակցական նախարարների, այդ թվում՝ իմ պաշտոնավարման ժամանակ փորձել ենք անել առավելագույնը` նախկինում մշակված ծրագիրն էապես բարեփոխելու համար: Եվ ասեմ` լուրջ հաջողություններ ենք արձանագրել այս առումով:
-Բայց կառավարության բոլոր անդամները, այդ թվում՝ ՀՅԴ-ական ու ԲՀԿ-ական նախարարները, հավանություն են տվել այս նախագծին: Եթե այն ի սկզբանե վտանգավոր էր, ինչո՞ւ կառավարության նիստում չեք ընդվզել դրա հաստատման դեմ:
-Օրենսդրական փաթեթը, որն իր մեջ ներառում էր ավելի քան 50 օրենքների նախագծեր, դաշնակցական նախարարների օրոք չէ, որ բերվել է խորհրդարան: Գործընթացին մասնակից եղել ենք, բայց օրենքներն այն տեսքով, ինչ տեսքով որ բերվել են ԱԺ, մեր ստորագրությամբ չէ, որ բերվել են, եւ այն ռիսկերը, այն վտանգները, որ կան, դրանց մասին պաշտոնավարման ժամանակ էլ ենք բարձրաձայնել: Այսինքն՝ այն ժամանակ էլ ենք մեր մտահոգությունները հայտնել եւ փորձել ենք նաեւ դերակատար լինել, որ այդ փոփոխությունները տեղի ունենան: Այդ ամբողջ փաթեթի մշակման վրա աշխատել են մի քանի գերատեսչություններ՝ ֆինանսների նախարարություն, էկոնոմիկայի նախարարություն, Կենտրոնական բանկ ու նաեւ սոցնախարարություն, ու կողմերը, բնականաբար, շատ ու շատ հարցերի հետ կապված, ունեցել են տարբեր մոտեցումներ: Քննարկումների արդյունքում որոշ հարցերում ընդհանուր հայտարարի ենք եկել, որոշ հարցերում էլ՝ ոչ:
-Իսկ ինչո՞ւ այն ժամանակ չեք բարձրաձայնել, որ այդ օրենքը «վատն» է, ինչո՞ւ չեք արել այն հայտարարությունները, որոնք հիմա անում է Ձեր կուսակցությունը:
-«Դաշնակցություն»-ը միշտ էլ այն կարծիքին է եղել, որ կենսաթոշակային բարեփոխումներն անհրաժեշտություն են, այսինքն` որ գործող համակարգը հեռանկար չունի, դա միանշանակ է: Բայց թե բարեփոխումներն ինչ հունով պետք է տանեն, այդ բարեփոխումներն ինչպիսին պետք է լինեն այստեղ, եղել է տեսակետների տարբերություն: Մեր մոտեցումը եղել է այն, որ պետք է լինի պայմանական կուտակային համակարգ:
-Խնդրում եմ կոնկրետ նշել, թե որպես նախարար՝ այդ ժամանակ խնդրո առարկա նախագծում ինչի՞ն էիք դեմ:
-Օրինակ՝ գործող «Եկամտահարկի մասին» օրենքով ամրագրված է այն սկզբունքը, որ նվազագույնը հարկվող եկամուտ չկա, այսինքն՝ նախկին օրենքի համաձայն՝ մարդը եթե ստանում էր նվազագույն աշխատավարձ, եկամտահարկով չէր հարկվում: Արդեն ընդունված եւ 2014թ. հունվարից ուժի մեջ մտնելիք օրենքներով նախատեսված է, որ անկախ նրանից՝ մարդն ինչքան եկամուտ է ստանում, արդեն հարկվելու է: Այն փաթեթում, որի մասին գրել եք, հստակ որոշված էր, որ կենսաթոշակները պետք է ամեն տարի բարձրանան, ընդհուպ մինչեւ սահմանված նշագիծ կար, ինչն այս անցնող տարիների ընթացքում չի արվել: Եվ, ի վերջո, կենսաթոշակային բարեփոխումներն այնքան լուրջ բարեփոխումներ են յուրաքանչյուր երկրի համար, որ առանց հասարակական վստահության, առանց քաղաքական կոնսենսուսի այդ բարեփոխումները պարզապես դատապարտված են ձախողման: Ու այս հանգամանքն է, որ շատ կարեւորել ենք, ու պետք է արձանագրեմ, որ տարիների ընթացքում այս խնդիրն այդպես էլ լուծում չստացավ:
-Այդուամենայնիվ, ստացվում է, որ երբ ՀՅԴ-ն կոալիցիայի մեջ էր, այդ ժամանակ լռել է, իսկ հիմա…
-Ես ասում եմ, որ մեր մտահոգությունների մասին մենք ոչ միայն բարձրաձայնել ենք, այլեւ փորձել այդ մտահոգությունների լուծման բանալիներ գտնել: Կան անկյունաքարային կարեւոր հարցեր, որոնք այսօր էլ են մեզ մտահոգում:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս