«ՀՔԾ-ն մարտի 1-ի գործով որևէ կարևոր տեղեկություն չի տրամադրել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը 2013 թվականի տարեկան զեկույցում ներկայացրել է Հատուկ քննչական ծառայության իրավասության ոլորտում հայտնաբերված խնդիրներ, որի շրջանականներում անդրադարձել է 2008 թվականի Մարտի մեկին տեղի ունեցած սպանությունների նախաքննությանը:

«Արդեն 6 տարի է, ինչ շարունակվում է մարտի 1-ի 10 զոհերի վերաբերյալ նախաքննությունը:

Չնայած, որ նշված հարցը մշտապես գտնվել է հանրության ուշադրության կենտրոնում և ստացել լայն հնչեղություն, ծառայությունը 2013 թվականին հանրությանը չի ներկայացրել որևէ կարևոր տեղեկություն գործերի ընթացքի վերաբերյալ (ի տարբերություն 2012 թվականի):

Ծառայությունը պատճառաբանում է, որ նշված գործի շահերից ելնելով է, որ հանրությանը նշված հարցի վերաբերյալ այլ տեղեկություններ չեն տրամադրվում:

Սակայն հարկավոր է հաշվի առնել, որ այդ գործերով նախաքննությունը դեռևս չի ավարտվել և նույնիսկ գործերի նախաքննությունը չի կասեցվել:

Մեր կողմից նախկինում (2011 և 2012 թվականների տարեկան զեկույցներ) բարձրացվել էին 2008թ.մարտի 1-ի 10 զոհերի մահվան փաստով կատարվող նախաքննության վերաբերյալ մտահոգությունները:

Մահացած անձանց ընտանիքների անդամներն ու հարազատներն այն համոզման են, որ ծառայությունը բավարար արդյունավետությամբ չի կատարում իր գործառույթները: Նշված խնդրի առնչությամբ իր քննադատությունն էր հայտնել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը Հայաստանի Հանրապետությանը վերաբերող իր եզրակացությունում:

Այդ եզրակացությամբ անդրադարձ է կատարվել 2008 թվականիմարտի 1-ի իրադարձություններին և կարևորվել է այդ իրադարձությունների ժամանակ ուժի անհամաչափ կիրառման համար պատասխանատու իրավապահների և ղեկավարների հայտնաբերման և նրանց պատասխանատվության ենթարկելու համար արդյունավետ միջոցառումների իրականացումը:

Հարկավոր է հաշվի առնել, որ նման երկարատև նախաքննությունը կարող է հանգեցնել մահացած անձանց իրավահաջորդների իրավունքների խախտմանը: ՄԻԵԴ-ի մի շարք նախադեպային որոշումներով հստակ սահմանվել է, որ քրեական հետապնդում իրականացնող մարմինները մահվան ելքով գործերի դեպքում պարտավորվում են հնարավորինս սեղմ, ողջամիտ ժամկետներում իրականացնել արդյունավետ նախաքննություն: Ողջամիտ ժամկետի առնչությամբ կարևոր է այն, որ յուրաքանչյուր դեպքում պետք է հաշվի առնել կոնկրետ դեպքի առանձնահատուկ հանգամանքները, օբյեկտիվ պատճառները և այլն: Նախկինում ծառայությունը հանրությանը ներկայացրել էր թե կոնկրետ ինչ զարգացումներ էին տեղի ունեցել նշված քրեական գործերի շրջանակներում: Միաժամանակ, շուրջ 6 տարի ընթացող նախաքննությունը դեռևս չի հիմնավորվել առանձնահատուկ հանգամանքների և օբյեկտիվ պատճառների առկայությամբ, սակայն նույնիսկ, եթե ենթադրենք, որ առկա են նման հանգամանքներ, ապա դրանք չեն ներկայացվել շահագրգիռ կողմերին և/կամ հանրությանը:

Ավելին, 2013 թվականին ծառայությունը հանրությանը չի ներկայացրել թե ինչ նոր զարգացումներ են տեղի ունեցել նշված քրեական գործերով: Հարկավոր է հաշվի առնել, որ 2008թ. մարտի 1-ի 10 մահվան դեպքերի հնարավոր կանխարգելումը և սոցիալական արդարության վերականգնումը կարող է տեղի ունենալ միայն համապատասխան պատասխանատու անձանց հայտնաբերելու և օրենքով սահմանված պատժի նպատակները բավարարելու միջոցով»,- ասված է ՄԻՊ տարեկան զեկույցում։




Լրահոս