Սիրված երգչուհի Մարիետա Բադալյանը վերջին շրջանում համերգների չի մասնակցում, հեռուստաէկրաններին չի երեւում: Նրան ավելի շատ հանդիպում ենք ֆեյսբուքյան քննարկումների ժամանակ։ Ո՞րն է այդ լռության եւ մեկուսացման պատճառը։ Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց երգչուհու հետ:
-Պալատական երգչուհի չեմ, դրա համար էլ չեմ երեւում։ Միակ հեռուստաընկերությունը, որն իմ կատարումները հաճախ է ցուցադրում, «Կենտրոն»-ն է։ Երբ կար իրոք հանրային, ես կասեի՝ ժողովրդական հեռուստաընկերություն, ինձ հաճախ էին ցուցադրում։ Ի դեպ, արդեն երեք տարի է՝ չեմ կարողանում հեռուստացույց դիտել. հեռուստատեսությունը փչացել, աղտոտվել է։ Հեռուստաընկերությունները սեփականաշնորհված են, ամեն մեկը մի օլիգարխի է պատկանում, այդ թվում եւ` Հանրայինը, որն արդեն անցել է ռուսականացման ու մի բան էլ ավելի։ Օրերս ինտերնետով դիտում էի «Հայաստանի ձայնը», ու մի հրեա երգեց, հետո օրհներգն էլ երգացրին։ Եվ նման այլ հաղորդումներ… Իսկ հեռուստատեսությունն այն համապարփակ տարածում ունեցող միջոցն է, որ ժողովրդի մեջ կարող է ճաշակ, հիասթափություն, սեր, ատելություն, ամեն ինչ ձեւավորել, որովհետեւ դա են տեսնում։
-Իսկ այս ընթացքում ինչո՞վ եք զբաղված:
-Ես հենց հիմա մյուզիքլ եմ գրում կոմպոզիտոր Թաթոս Հակոբյանի հետ, նա Էդուարդ Միրզոյանի աշակերտն է եղել, բարձրակարգ երաժիշտ է ու նաեւ գործիքավորումն է կատարում։ Նա մի քանի երգ գործիքավորեց, որոնցից անչափ գոհ եմ, մի երգն էլ հիմա իմ էջում դրված է՝ «Սիրո ռեքվիեմ», որը դրական արձագանքներ ստացավ։ Ուզում եմ այն ուղարկել միջազգային մրցույթի. բարձրորակ գործ է ստացվել, երեքուկես օկտավայի ձայնով եմ երգում, իսկ իմ ձայնածավալը երբեք այդքան չեմ բարձրացրել, միշտ հանգիստ, հանդարտ երգեր եմ երգել։ Սա հատված է մյուզիքլից։
-Ձեր երգերը շատ մեղեդային են, ինչո՞ւ ուրիշ կատարողների համար էլ երգեր չեք գրում։
-Երգերս իմ կյանքի մի մասն են, բացի այդ՝ իմ երգը ես եմ զգում, ես պիտի երգեմ։ Բայց եթե ցանկացողներ լինեն, կնվիրեմ, միգուցե նաեւ վաճառեմ… Չգիտեմ… Ինչպես նկարիչը մի բան նվիրելիս սիրտը հետը տալիս է, այնպես էլ երգի դեպքում է, որի մեջ հոգի է դրվում։
-Չնայած մշակույթի նախարարի որոշմամբ ֆոնոգրամայով երգելը շատ դահլիճներում արգելված է, բայց այդ «ավանդույթը» շարունակվում է։ Այս դեպքում թերեւս ավելորդ է խոսել երգի մեջ հոգի դնելու մասին…
-Անցյալ տարի՝ մի միջոցառման նախապատրաստական աշխատանքների ժամանակ, նախօրոք ուզեցին բոլոր ֆոնոգրամաները՝ մինուսները, բայց կային երգչուհիներ, որոնք վերջին վայրկյանին իրենց պլյուսները բերեցին, ասացին՝ վա՜յ, հո խայտառակ չե՞նք լինի. ձայնը, հնչողությունը լավը չէ… Միշտ այդպես շրջանցում են։ Իսկ ժողովուրդը շատ լավ ականջ ունի, զգում է՝ ով է կենդանի երգում, ով է իսկական երգչուհին։ Օֆելյա Համբարձումյանը, Գոհար Գասպարյանն իրոք երգչուհի էին… Ժողովրդական արտիստ, երգչուհի է նա, ով գիտի խոսքերը, նորմալ երգում է եւ կարող է իր կենդանի կատարմամբ հուզել, այլ ոչ թե «զարմացնել» համակարգչի վրա սարքած, հղկված երաժշտությամբ։ Քչացել են կենդանի համերգները, մի 10-15 աստղ հավաքվում, ամեն մեկը հազիվ մի երգով միացյալ համերգ են անում:
-«Ֆեյսբուք»-ում ակտիվ եք։ Ժողովրդի վիճակն ինչպե՞ս կբնորոշեք։
-Իմ խոսքը «Ֆեյսբուք»-ով եմ ուղղում ժողովրդին, իմ ծանոթ մարդկանց։ Զգում եմ, որ սիրված եմ, ինչն ինձ շատ-շատ է ոգեւորում։ Ինձ միշտ լավ բաներ են գրում, որովհետեւ ես ժողովրդի ծոցից եմ, եւ նրա հուզումներն ինձ ուղիղ համեմատական են։ Իսկ միջամտում եմ այն հարցերին, որոնցից քիչ թե շատ հասկանում եմ, զգում եմ հասարակության մեջ բացասական կամ դրական փոփոխությունները ջերմաստիճանի փոփոխության նման։ Կարծես բոլոր մարդիկ մի տեսակ չարացած են, դեմքներին մտահոգություն, հուզմունք կա, վատ հատկանիշներն են բարձրացել ջրի երես։ Նախկինում գուցե դա թաքցնում էին, բայց հիմա, անկախ իրենցից, արտահայտում են։ Ասում են, որ դա սոցիալական ծանր վիճակից է։ Հասկացանք, բայց այլ երկրներում էլ կա նույն ճգնաժամը, բա ինչո՞ւ են մեզ մոտ այդքան չարացած։
-Կեցությունն է որոշում գիտակցությունը։
-Այո՛, բայց երբեմն էլ գիտակցությունն է որոշում կեցությունը։ Հիմա այդպես է. ամեն ինչը խառնվել է, դա էլ է խառնվել։ Եթե իշխանությունները չեն մտածում ժողովրդի մասին, ժողովուրդը հիասթափվում է, մի փոքր հույս որ լինի, շատ բան կարող է փոխվել:
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ