«Ժամանակ» թերթը զրուցել է 1991-1997թթ. Հայաստանի նախագահ Լեւոն Տեր -Պետրոսյանի խորհրդական, հատուկ հանձնարարություններով դեսպան, պատմաբան, պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանի հետ: Հատված հարցազրույցից.
Պարոն Լիպարիտյան, ԼՂ հակամարտության ողջ ընթացքում առաջին անգամ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ներկայացրեց ԱՄՆ քաղաքականությունը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ` ներկայացնելով կարգավորման մաս կազմող վեց տարրեր, որոնք ԱՄՆ-ն է անհրաժեշտ համարում: Ըստ Ձեզ՝ ո՞րն էր այս մասին բաց տեքստով խոսելու նպատակը, թեեւ դրանում նոր մոտեցումներ, ըստ էության, կարծես թե չկան:
Դեսպան Ուորլիքը այդ դասախոսության սկզբում նշել է, որ իր ասելիքները վերաբերում են ԱՄՆ քաղաքականությանը: Նա այդ վեց կետերը ներկայացրել է որպես եռանախագահողների մոտեցում, որին իրենց սկզբունքային համաձայնությունն են տվել բանակցող երկու կողմերը՝ Ադրբեջանն ու Հայաստանը։ Որքանով ես հասկացա, այդ տեքստի նպատակն ամերիկյան քաղաքականության ակտիվացումն էր: Թե ժամանակին այդ տեքստի պատրաստության ընթացքում ԱՄՆ-ն ինչ գործունեություն է ունեցել՝ չգիտեմ, բայց գիտեմ, որ մի քանի տարբերակներ կային՝ սկսած Մադրիդյան սկզբունքներից: Ես այդ փաստաթուղթը կամ փաստաթղթերը չեմ տեսել: Ինքը կետերն է ներկայացնում: Եվ արդյոք դրանք բոլո՞ր կետերն են, թե՞ ոչ՝ դա էլ չգիտենք, քանի որ նա ասում է՝ վեցը սրանք են: Օրինակ՝ փաստաթղթի նախորդող տարբերակներում կար կետ այն մասին, որ Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման համար պետք է անցկացվի հանրաքվե, որը հետագայում փոփոխեցին՝ ձեւակերպելով ժողովրդի կամարտահայտության անհրաժեշտություն: Այդ վեց կետերում չկար այս մասին: Սա երեւի թե վերջին տարբերակն է։
Ինձ հետաքրքրում է նաեւ այն, որ այս վեց կետերի մասին ուրիշները չեն խոսում: Վերջերս մեր արտգործնախարարը հանդիպեց Ռուսաստանի արտգործնախարարին, եւ այնտեղ կամ լուրջ քննարկում չի եղել, կամ էլ չեն ցանկացել հրապարակայնորեն խոսել այդ մասին։ Եվ այն, ինչ չկա, որ պետք էր լիներ՝ ինձ հետաքրքրում է: Թերեւս եւ ռուսները, եւ ֆրանսիացիները համաձայն են, բայց Ուորլիքի ասածն այն է, թե կողմերը սկզբունքային համաձայնություն ունեն այս վեց կետերի շուրջ։ Մյուս կողմից՝ գիտենք, որ Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը հայտարարեց, որ իրենք համաձայն չեն այս կետերին: Հիմա, թե դա ինչ է նշանակում՝ չգիտեմ։
Պարոն Լիպարիտյան, երկար ժամանակ խոսվել է խաղաղապահ ուժերի տեղակայման մասին: Եթե դրա անհրաժեշտությունն առաջանա, կամ այս մասին խոսակցություններն ավելի իրատեսական դառնան, ո՞վ խաղաղապահ ուժեր կտեղակայի ԼՂ-ում:
Ես պատկերացնում եմ, որ եթե այնտեղ որեւէ փոփոխություն լինի, պիտի ինչ-որ ուժեր մտնեն: Ժամանակին ասել են, որ երեք համանախագահող երկրներից ոչ մեկը չի գա, բայց ես չեմ հավատում դրան: Ամերիկան չի գա, Ֆրանսիան չի գա, Ռուսաստանը սիրով կգա: Եվ չգիտեմ, թե որ երկիրը պետք է այնտեղ զինվոր ուղարկի՝ որպես խաղաղապահ ուժ, բայց եթե նույնիսկ խորհրդանշական, այսինքն՝ մոտ 1000-2000, ապա մեծ մասը պետք է լինի ռուսական: Այդ կապակցությամբ կռիվներ եղել են 1990-ական թվականներին, ԵԱՀԿ-ն ուներ խումբ, որը զբաղվում էր այդ հարցով: Այդ կետն ունի իր անցյալը, որը լուծվեց ի վերջո այն ճանապարհով, որ իբր թե միջնորդները համաձայնեցին, որ իրենք չեն գալու, բայց միջնորդ երկրները այնքան բանի են համաձայնել տարբեր խնդիրների կապակցությամբ, հետո յուրաքանչյուրն իր անելիքն է արել անկախաբար՝ առանց մտածելու, թե դա ինչ հետեւանքներ կունենա փոխվստահության կարեւոր բնագավառում: Իմ կարծիքը չի փոխվել, ընդհակառակը՝ շատ ավելի համոզված եմ հիմա այն բանում, որ տասը-տասնհինգ տարի առաջ էլ ասում էի: Եթե մենք ուղղակի բանակցություններով չլուծենք այս հարցերը, ապա ուրիշն է լուծելու, եւ այդ ուրիշը շատ ավելի հավանական է, որ լինի Ռուսաստանը, իսկ Ռուսաստանը միշտ էլ ի նպաստ Ադրբեջանի է լուծել»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում