Եվ այսպես, այսօր երկար սպասված «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքն» ընդունվեց 68՝ կողմ, 12՝ դեմ և 36՝ ձեռնպահ ձայներով: Ու հենց այս քվեարկությամբ էլ սկիզբ դրվեց ոչ իշխանական 4 ուժերից բաղկացած «հրաշալի քառյակի» տրոհումը:
4 ուժերից երկուսը՝ Հայ հեղափոխական դաշնակցություն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները «ձեռնպահ» քվեարկեցին օրինագծին՝ այն համարելով «կես քայլ առաջ արված քայլ, որը որոշակի ժամանակահատվածում մեղմում է լարվածությունը» և բխում է աշխատող քաղաքացիների շահերից: Նրանք որոշեցին Կառավարությանը դրական քայլեր կատարելու համար ժամանակ տալ:
Իսկ ահա Հայ ազգային կոնգրեսն ու «Ժառանգություն» կուսակցությունները դեմ քվեարկեցին նորաթուխ վարչապետ ՀովիկԱբրահամյանի ներկայացրած նախագծին՝ հայտարարելով, որ այն հավատ չի ներշնչում և խաբեություն է:
Այսպիսով, պետք է արձանագրել, որ «հրաշալի քառյակ»-ում արշալույսները խաղաղ չեն և նույնիսկ ամենասկզբունքային հարցերում այնտեղ միասնական տեսակետ փնտրելն այլևս անիմաստ զբաղմունք է:
Տպավորություն է, որ 4 ուժերի գերագույն նպատակը Տիգրան Սարգսյանին գահընկեց անելն էր՝ ՀովիկԱբրահամյանի վաղեմի երազանքը կատարելու անհուն փափագով: Դրա համար էլ չեն ընդդիմանում գործադիրի իրականացրած քայլերին:
Իհարկե, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու վարչապետ Հովիկ Աբրահամյանը փորձում են ի լուր աշխարհի հայտարարել, թե իրենց խնամիական փոխհարաբերությունները քաղաքական գործընթացների վրա ազդեցություն չեն ունենա:
Իհարկե, խոսել միշտ կարելի է, սակայն խոսքի արժեքը պահպանելը միանգամայն այլ ու դժվարին աշխատանք է: Լսեցի՞ք, Ծառուկյանն ասաց, թե խնամիական հարաբերությունները չեն խանգարում քաղաքական սկզբունքայնությանը, սակայն իրականում այսօրվա քվեարկության ժամանակ հաղթեց խնամիական կապը:
Եվ իզուր էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը դրական մակդիրներով բնորոշում քառյակին:
Այս խոսքերից 3 օր անց ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն որոշեցին կողմ քաշվել քառյակից երկակի վերածված ՀԱԿ-ից, «Ժառանգություն»-ից: Նրանք ոչ թե դեմ քվեարկեցին քառյակի համար սկզբունքային նշանակություն ունեցող օրինագծին, այլ ձեռնպահ՝ ընդունելով կրավորական կեցվածք:
Թե ինչ քաղաքական դիվիդենտ ձեռք կբերեն «ձեռնպահ» քվեարկած ուժերը, դժվար չէ կռահել՝ հաշվի առնելով դաշնակցականներ դիվանագիտական աշխատանքի անցնելու հակումները և ԲՀԿ-ի իշխանության հետ «սիլիբիլիները»:
Ամեն դեպքում, հետաքրքիր զարգացումներ են:
Թամարա Միքայելյան