ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին Հայաստանի ազգային գրադարանում իրականացվող հիմնանորոգման աշխատանքները համակարգող պատասխանատու ստորաբաժանման ղեկավար Գոռ Քամալյանն այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով և նույն հոդվածի 2-րդ մասով:
Օրենքի չափանիշների համաձայն` Քամալյանը, չարաշահելով պաշտոնական լիազորությունները, անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Քամալյանը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման և 2 տարի ժամկետով զրկվեց պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:
Armlur.am-ի հետ զրույցում Քամալյանի իրավապաշտպան Ալեքսանդր Սիրունյանը հայտնեց, որ իրենք միանշանակ առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկելու են ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան:
«Գործը քննվել է խախտումներով, արհեստական ձգձգումներով: Ամեն ինչ միտված էր նրան, որ Գոռ Քամալյանին կալանքի տակ պահելով դրդեն, որ ինքը ինքնախոստովանի»,- ասաց փաստաբան Սիրունյանը` միաժամանակ նշելով, որ Քամալյանն ինքնախոստովանելու բան չունի, որովհետև անմեղ է:
Նշենք նաև, որ այսօրվա կայացած վճռում մյուս ամբաստանյալներ ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական ծրագրերի իրականացման բաժնի գլխավոր ճարտարագետ Գևորգ Սոսյանը և «Ճաննախագիծ» ինստիտուտ ՍՊ ընկերության տեխնիկական հսկիչ Աշոտ Մամիկոնյանը ևս մեղավոր ճանաչվեցին, համապատասխանաբար 2,5 և 3,5 տարվա ազատազրկման:
Սոսյանը նաև, ըստ դատավճռի, զրկվեց պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ 2 տարի ժամկետով:
Ինչպես տեղեկանում ենք մեղադրական եզրակացությունից, Գոռ Քամալյանը դրական եզրակացություններ է տվել՝ 28.385.280 ՀՀ դրամի ծավալային հավելագրումներով կազմված կատարողական ակտերի՝ կապալառուի և տեխնիկական հսկողություն իրականացրած հսկիչների կողմից իրենց աշխատանքներն ամբողջությամբ և պատշաճ կատարելու վերաբերյալ:
Դրա հետևանքով, ըստ մեղադրական եզրակացության, «Հիդրոշինարար-5» ԲԲ ընկերության տնօրեն Հարություն Անդրեասյանի կողմից յուրացվել են պետբյուջեից հատկացված առանձնապես խոշոր չափերի գումարներ։
Ըստ Գևորգ Սոսյանին առաջադրված մեղադրանքի՝ նա Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքի «Մեծ Մանթաշի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում, կատարողական ակտերում նշված աշխատանքների ծավալները հավելագրելու միջոցով յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 11.010.020 դրամ գումար հափշտակելու պայմաններում, աշխատանքներն ամբողջությամբ և պատշաճ կատարված լինելու մասին տվել է դրական եզրակացություններ, ինչի հետևանքով անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ:
Իսկ Աշոտ Մամիկոնյանը մեղադրվում է այն բանում, որ տեխնիկական հսկողություն իրականացնելով Շիրակի մարզի «Մեծ Մանթաշի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում նախատեսված և իրականացված հիմնանորոգման աշխատանքների նկատմամբ, իր լիազորություններն ի օգուտ «Ն. Մ. Օհանյան» ՍՊ ընկերության փաստացի տնօրեն Հայկազ Էլոյանի օգտագործելով, առանց կատարողական ակտերի ծավալները կատարված լինելը ստուգելու՝ 2011-2012 թվականների ընթացքում ստորագրել է աշխատանքների լրիվ կատարված լինելու մասին թվով 13 կատարողական ակտեր, որոնց հիման վրա «Ն. Մ. Օհանյան» ՍՊ ընկերության փաստացի տնօրեն Հայկազ Էլոյանին հնարավորություն է ընձեռել ՀՀ պետական բյուջեից ստանալ փաստացի չկատարված 11.010.020 ՀՀ դրամ ծավալով աշխատանքների համար վարձատրություն, ինչի հետևանքով առաջացել են ծանր հետևանքներ, այն է՝ յուրացվել են պետբյուջեից հատկացված առանձնապես խոշոր չափերի գումարները։
Տաթև Հարությունյան