Համերգ՝ միայն իշխանական վերնախավի և հարուստների համար. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Մարզահամերգային համալիրում կայացավ Շառլ Ազնավուրի մենահամերգը: Մայիսի 22-ին 90-ամյա հոբելյանը նշող Մեծ երաժիշտը, չնայած ոչ այնքան լավ ինքնազգացողությանը, հերթական անգամ իր առինքնող տաղանդով գերեց ունկնդիրների սիրտը, որոնց շարքում էին նաև Սերժ Սարգսյանն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Ազնավուրհ այն եզակի հայն է, ում սիրում են բոլոր հայերը` անկախ քաղաքական և սոցիալական դիրքերից: Եվ վստահաբար` Շառլի համերգին կուզենային մասնակցել շատ ավելի մեծ թվով մարդիկ, քան երեկ: Սակայն, ավաղ, մարզահամերգայինի տեղերը սահմանփակ էին, իսկ տոմսերն էլ` բավականին թանկ`մինչև 50 հազար դրամ:
Մինչդեռ հիշեցնենք, որ 2006-ին, երբ Հայաստան այցելեց Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը, Շառլ Ազնավուրն անմոռանալի բացօթյա համերգ տվեց Հանրապետության հրապարակում, որին մասնակցում էր ավելի քան 250 հազար մարդ:

Այդ համերգին ևս ներկա էին Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները` Ռոբերտ Քոչարյանը և ժակ Շիրակը, որոնք, ի տարբերություն Շառլի արվեստը երկուսուկես ժամ հոտընկայս ըմբոշխնող հազարավոր մարդկանց, համերգին հետևում էին իշխանական էլիտայի համար դրված հարմարավետ աթոռներին բազմած: Ու թեև այն ժամանակ դա քննադատության տեղիք տվեց, երեկվա համերգից հետո դժվար է համեմատականներ չտանել ու չնշել, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք կազմակերպված համերգը նախ և առաջ` ժողովրդի համար էր, և վերածվեց իսկական տոնի, իսկ երեկվանը` ընդամենը իշխանական վերնախավի և տոմս գնելու հնարավորություն ունեցողների:

Հարց է ծագում. ինչու Սերժ Սարգսյանի իշխանությունը մեր` առանց այդ էլ տխուր ազգին Ազնավուրին տեսնելու եզակի ուրախությունից զրկեց: Մի՞թե հնարավոր չէր այդ համերգն էլ, նախորդի նման, բացօթյա անել, որպեսզի յուրաքանչյուր ոք կարողանար դրան մասնակցել:

Չնայած` հազիվ թե այս իշխանության համար հաճելի լիներ Շառլ Ազնավուրի հանդեպ համազգային սիրո ևս մեկ դրսևորումը, քանզի, ինչպես հիշում ենք, հենց Սերժ Սարգսյանի շրջապատին Ազնավուրն անվանեց մաֆիոզներ, որոնք հոշոտում են երկիրը:
Եվ եթե ոմանք կարող են հարցնել` այդ դեպքում ինչու առհասարակ կազմակերպվեց այդ համերգը, եթե Ս. Սարգսյանի համար Ազնավուրի քննադատությունն այդքան անտանելի էր, ապա պետք է ասել, որ հայ- ֆրանսիական նման մակարդակի շփումներում Ս. Սարգսյանն առանց Ազվանուրի պարզապես չէր կարող ՙյոլա գնալ՚: Էլ չասած, որ այս տարի Մեծ շանսոնյեի 90-ամյակը նշում է ողջ աշխարհը, և ամոթ կլիներ, եթե Հայաստանում ոչինչ չարվեր:
Հ. Գ. Իսկ Կասկադում նույն Քոչարյանի օրոք կառուցված (թեև Ս. Սարգսյանի օրոք բացված) Ազնավուրի տուն-թանգարանն այդպես էլ չի գործում: Ս. Սարգսյանի կնոջ սիրելի մշակույթի նախարարը մատը մատին չի տալիս այդ թանգարանը կյանքի կոչելու համար:

 




Լրահոս