ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՍԱՆԻԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երաժշտական-մշակութային շրջանակներում այս օրերին արդյունավետորեն քննարկվում է Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նոր տնօրենի նշանակման հարցը: Հայտնի է, որ այս թատրոնն արդեն տեւական ժամանակ տնօրեն չունի, տասը տարուց ավելի թատրոնը ղեկավարած Կամո Հովհաննիսյանը 65 տարին լրանալու պատճառով ազատվել է տնօրենի պաշտոնից, դարձել պաշտոնակատար, իսկ մշակույթի նախարարությունն էլ արդեն երկար ժամանակ չի մտածում տնօրենի թափուր տեղի համար մրցույթ հայտարարել:
Նախարարական «հապաղումը», ինչպես պարզվեց, իր պատճառներն ունի: Օրերս հայտնի դարձավ, որ երկրի գլխավոր թատրոնի տնօրենի պաշտոնի միակ թեկնածու է դիտարկվում Արման Ծատուրյանը` հանրությանը ոչինչ չասող մի անուն, որին, ինչպես արդեն ընդունված է մշակույթի կառավարման համակարգում, առանց պաշտոնական մրցույթի, կնշանակեն տնօրենի պաշտոնում… Այդպես արդեն առանց մրցույթի նշանակումներ եղել են, իսկ ամենավերջինն էլ Ե.Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրենի նշանակումն էր, երբ «անաղմուկ ու անձայն» պաշտոնակատար նշանակվեց ժողովրդական ստեղծագործության վարչության պետի տեղակալ Կարո Վարդանյանը… Արման Ծատուրյանը հայտնի է միայն շատ նեղ երաժշտական շրջանակներին. ՀԵԱԽ-ի, ասել է թե` Հանրապետականի կազմի մեջ մտնող «Ալթուն» հասարակական կազմակերպության նախագահն է, կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրենը: Նաեւ արվեստագիտության թեկնածու է: Այս երիտասարդը 2011-ի փետրվարին նշանակվեց կառավարության, իմա` Հասմիկ Պողոսյանի կողմից ստեղծված կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն: Իսկ կենտրոնում ընդգրկված են Սոնա Հովհաննիսյանի, Ռոբերտ Մլքեյանի, Հարություն Թոփիկյանի ղեկավարած կամերային երգչախմբերը, «Տաղարան» եւ «Մենակատարների» կամերային անսամբլները եւ Վահան Մարտիրոսյանի գլխավորությամբ գործող կամերային անսամբլը: Այսինքն` ստեղծվեց մի նոր ֆիլհարմոնիկ կառույց, որի տնօրենի անձը նախօրոք որոշված էր: «Բնականաբար», այդ տնօրենը պիտի լիներ Արման Ծատուրյանը: Նրա նշանակման ժամանակ ոչ ոք հաշվի չառավ այն հանգամանքը, որ կամերային երաժշտական անսամբլների ու երգչախմբերի միասնական կառավարիչ է նշանակվում… կերպարվեստագետը, ով պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Դիմանկարը հայ կերպարվեստում. 1960-1980 թվականներ» թեմայով: Կարեւորն այն էր, որ հենց նա նշանակվեր մի արհեստածին կառույցի տնօրեն, որն արդեն տեւական ժամանակ խարխափումների մեջ է, չի կարողանում ապահովել երաժշտական կոլեկտիվների աշխատանքները, նրանց զրկել է արտաբյուջետային միջոցներից` մարդկանց թողնելով 40 հազար դրամ աշխատավարձի հույսին:
Վերը հիշատակված կոլեկտիվների ղեկավարները դժգոհում են, որ պակասել է համերգների թիվը, փորձերի կազմակերպման համար հնարավորությունները չափազանց սահմանափակ են դարձել, բայց դա որեւէ մեկին չի հետաքրքրում, որովհետեւ Արման Ծատուրյանը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի սանիկն է: Եւ հենց իր սանիկին էլ քավորը ցանկանում է տեսնել օպերայի եւ բալետի թատրոնի տնօրենի պաշտոնում: Բնականաբար, այս նշանակումը կլինի առանց մրցույթի, միանձնյա որոշմամբ, իսկ այսօր իշխանություններին օդ ու ջրի պես անհրաժեշտ է այս թատրոնի տնօրենի պաշտոնում ունենալ յուրայինի` թեկուզեւ կերպարվեստագետի: Այս թատրոնի միջոցով են «լվացվում» մշակութային հատկացվող որոշ ֆինանսական միջոցներ, այստեղ են տեղի ունենում երկրի գլխավոր քաղաքական ու մշակութային հանդիսությունները, իսկ ընտրությունների նախօրյակին կարող են նաեւ կուսակցություններն այստեղ իրենց «բարեգործական-քաղաքական» ակցիաներն իրականացնել… Ուրեմն այդ ամենը վերահսկել է պետք, «կանոնակարգել» է պետք, իսկ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի սանիկին էլ լավ ապրել է պետք, չէ՞ որ Կամերային երաժշտության տունը չի ապահովում բավարար ֆինանսական միջոցներ: Ժամանակ առաջ Արման Ծատուրյանը մեր հանրությանը զարմացրեց մի «հանճարեղ» մտքով. «Երիտասարդը հեծանվի վրա նստած էլ կարող է Կոմիտաս լսել»: Դե հիմա էլ, երբ նա նշանակվի Օպերայի եւ բալետի թատրոնի տնօրեն, նույն երիտասարդին խորհուրդ կտա Վերդի լսել սաունայում կամ որեւէ սուպերմարկետում…

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս