ԴԱՀԿ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՃՆՇՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահ Ս.Սարգսյանին, ՍԴ նախագահ Գ.Հարությունյանին, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Ա.Գրիգորյանին, ՀՀ արդարադատության նախարար Հ.Թովմասյանին, ՀՀ ոստիկանապետ Վ.Գասպարյանին, ՄԻՊ Կ.Անդրեասյանին:
Դեռեւս 2007թ-ից իմ հարսի «թեթեւ ձեռքով» դատական քաշքշուկների մեջ ենք գտնվում, մանրամասն չանդրադառնալով դատական նիստերին, վճիռների հիմնավոր կամ անհիմն լինելուն` նշեմ, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ իմ թոռներ Մանե եւ Միհրան Աբրահամյանների խնամքն ու դաստիարակությունը թողնվել էր հորը՝ Ազատ Աբրահամյանին: Սակայն այդ պահից գործի մեջ են մտնում «Երեխաների պաշտպանության հիմնադրամ» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Անտոնյանը եւ ոմն Արամ Եղիշի Անանյան:
Վերջիններս ինչ-ինչ ճանապարհներով կարողացան հասնել այն բանին, որ գործը հետ ուղարկվեց ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Հետագայում որոշում ընդունվեց երեխաների խնամքն ու դաստիարակությունը հանձնել նրանց մայր Նարա Դարբինյանին: Դատական վճիռը կատարելու նպատակով ԴԱՀԿ ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնի Մարտունի-Վարդենիս բաժանմունքում հարուցված կատարողական վարույթով սկսվեց երեխաների ծանր փորձության փուլը: Մի շարք հանդիպումներ կազմակերպելուց հետո հարկադիր կատարողները հասկացան, որ Մանեն եւ Միհրանը շատ ծանր են տանում հանդիպումները եւ չեն ցանկանում տեսնել իրենց մորը: Այնուհետեւ գործն իր հսկողության  տակ վերցրեց ՀՀ ԱՆ ԴԱՀԿ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Սամվել Եգանյանը: 2011թ. հուլիսին Երեւան քաղաքում նշանակված հանդիպմանը ներկա էին Կարինե Անտոնյանն ու Արամ Անանյանը: Չնայած երեխաների ծանր վիճակին` ԴԱՀԿ աշխատակիցները նրանց ներս տարան՝ մոր հետ շփվելու համար: Այդ օրը երեխաների վիճակն այնքան վատացավ, որ մենք երկու անգամ շտապօգնություն ենք կանչել ԴԱՀԿ շենքի մոտ, հետո տանը: 2011թ. օգոստոսի 9-ին ես առանձնազրույց ունեցա Ս.Եգանյանի հետ, որի ժամանակ փորձեցի ներկայացնել Կ.Անտոնյան եւ Ա.Անանյան տանդեմի դերն այս ամբողջ պատմության մեջ: Լսելով Կ.Անտոնյանի անունը` Եգանյանը բավականին կոշտ ձեւով հայտարարեց. «Մեր գործողություններին խոչընդոտելու համար քեզ սկզբից կտուգանեմ 400.000 դրամով, մեկ ամիս հետո էլ քրեական գործ կհարուցեմ»:
Այժմ պարոն Եգանյանը ԴԱՀԿ ծառայության Երեւան քաղաքի ալիմենտի բռնագանձման բաժնի ավագ հարկադիր կատարող Հ.Մովսեսյանի «թեթեւ» ձեռքով որդուս՝ Ազատ Աբրահամյանի նկատմամբ հետախուզում է հայտարարել` իբր նրա գտնվելու վայրը պարզելու նպատակով: Եւ դա այն բանից հետո, երբ որդիս ինքն է Միհրանին դպրոց,  երեխաներին հոգեբանի մոտ տարել: Երեխաներն առ այսօր բուժվում են սթրեսային վիճակից դուրս գալու համար: Այս ամենը ես դեռ բավականին հակիրճ ձեւով եմ ներկայացնում: Այդ իսկ պատճառով ես ունեմ մի քանի հարցեր, որոնց պատասխաններն ակնկալում եմ ստանալ Ձեզանից.
1. Ո՞վ է «Երեխաների պաշտպանության հիմնադրամ» ՀԿ-ի նախագահ Կարինե Անտոնյանը, որ կարող է մասնակցել երեխաների հանձնելու գործողություններին ու նույնիսկ հանդես գալ հանրապետությունում հայտնի եւ հարգված մարդկանց անուններից, սպառնալ մեզ:
2. Ինչո՞ւ  երեխաներին հանձնելու գործողություններին չեն հրավիրում երեխայի իրավունքների պաշտպանության պետական օղակների:
3. Ինչո՞ւ են արհամարհվում 1989թ. նոյեմբերի 20-ին ընդունված ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 3-րդ 6-րդ, 8-րդ, 12-րդ, 14-րդ, 16-րդ հոդվածները:
4. Ո՞վ է պատասխան տալու իմ թոռներին բարոյական վնաս պատճառելու եւ հատկապես վերջին մեկ տարում անընդհատ սթրեսային  վիճակում գտնվելու համար:
Եւ վերջապես, հարցս ուղղում եմ բոլոր այն պետական պաշտոնյաներին,  որոնց ես եւ իմ ընտանիքի անդամները դիմել էինք սույն գործով. «Մի՞թե ոչ մեկիդ չի հետաքրքրում երկու հայ մանուկների հետագա ճակատագիրը, որ ոչ մեկդ չփորձեց անգամ ճշտել, թե որտեղ, երբ եւ ինչ պայմաններում են Կարինե Անտոնյանը եւ Արամ Անանյանը չարաշահել Ձեր անունները»:

ՎԼԱԴԻՄԻՐ ՍԵՐԳԵՅԻ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
56 տարեկան, ք. Վարդենիս,
Լեռնագործների 30, բն. 13




Լրահոս