ՀԵՏՏՈՆԱԿԱՆ ՀԱՐՑՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավարտվեց Ճագարի տարին եւ  սկսվեց նոր` Ջրային վիշապի տարին, որը խոստանում է լինել էներգետիկայով հզոր: Վիշապն այնքան էլ խաղաղասեր չէ, որքան փափլիկ Ճագարը, այնպես որ 2012-ին  պատրա՛ստ եղեք պայքարելու եւ նոր բարձունքներ նվաճելու: Ի դեպ, Վիշապը կհովանավորի միայն ազնիվ, աշխատասեր ու նպատակասլաց մարդկանց: Քանի որ 2012-ի խորհրդանիշերը Ջուրն ու Կրակն են, ապա պատրա՛ստ եղեք անցնել պայթյունավտանգ իրավիճակների միջով: Մի կարեւոր բան էլ կա: Տարին լի է լինելու սիրով նրանց համար, ովքեր պատրաստ են սիրել: Եթե հետեւենք աստղագուշակին, ապա շատերն այս տարի կգտնեն իրենց կյանքի երկրորդ կեսին: Ինչպես հասկացանք, տարին խոստումնալից է լինելու, ակնկալիքներն ու ցանկություններն էլ քիչ չեն:
Տոնական եռուզեռից հոգնած` անցնում ենք բուռն աշխատանքային գործունեության` սպասումներով, որ այս տարին շատ ավելի հաջողակ կլինի, քան անցածը:
Դեռ 2011-ի վերջին մեր թերթը ներկայացրեց իր ընթերցողին, թե ինչպես են Նոր տարուն պատրաստվում հայտնի մարդիկ, ուր են գնալու, ինչ նվերներ են ակնկալում Ձմեռ պապիկից, որտեղ են լինելու Ամանորի գիշերը… Հարցման արդյունքում ակնհայտ էր, որ նրանք, ովքեր գումար եւ հնարավորություն ունեն, նախընտրում են իրենց տոնն անցկացնել դրսում` ազատվելով օրեր շարունակ սեղան փռել-հավաքելուց, հյուր ընդունելուց ու գնալուց…
2012 թվականն արտասահմանում դիմավորեց Արմինկան` մոր, քրոջ եւ որդու հետ, Շուշան Պետրոսյանը որդիների հետ մեկնեց Ավստրալիա, Արթուր Իսպիրյանն ընտանիքով գնաց ԱՄՆ, Սիլվա Հակոբյանն ընտանիքով մեկնեց Իրան, Աշոտ Ղազարյանը տիկնոջ հետ գնաց Իտալիա, Հրատ Թոխատյանն ու Լուիզա Ներսիսյանը` Եգիպտոս… Մի քիչ ավելի համեստները գնացին Ծաղկաձոր` Սյուզի Մելիքյանն իր ընտանիքի հետ, Արսեն Սաֆարյանն` իր… Մենք ուրիշի փողերը չենք հաշվում, բայց վստահաբար կարող ենք ասել, որ Ամանորը տանից դուրս անցկացնելն այդքան էլ էժան հաճույք չէ: Եղան ընտանիքներ, որ Նոր տարին նշեցին ռեստորաններում, ի դեպ, տոնական սեղանների գներն էլ բարձրացան: Եթե ոչ տոն օրերին պատվիրված մեկ աթոռի համար վճարում էին 10-15 հազար դրամ, ապա տոնական օրերին շատերը մի աթոռի համար վճարեցին 20 հազարից ոչ պակաս:  
Իսկ թե ինչպես են պատրաստվել ու դիմավորել 2012 թվականը ՀՀ շատ քաղաքացիներ, կիմանաք հիմա` մեր  կատարած փոքրիկ հարցման շնորհիվ:
Սուպերմարկետներից մեկի վաճառողուհի Արփինե Առաքելյանի պնդմամբ` դեկտեմբերի 20-ից սկսած` իրենց մարկետում անտանելի հերթեր էին գոյանում. «Երբ տեսնում էի, թե մարդիկ ինչ տեսակի գնումներ են անում, մնում էի, մեղմ ասած, զարմացած: Տոնական գնումների այդ միջին զամբյուղը գերազանցում էր 150 հազար դրամը, բայց առանց խմիչքի ու ավանդական խոզի բդի: Էնպես էին կրում ուտելիքը, կարծես աշխարհի վերջը լիներ: Հստակ չեմ կարող ասել` ինչքան կծախսի միջին հայ ընտանիքը Նոր տարվա տոնական գնումների վրա, բայց որ դա ընտանեկան բյուջեին մեծ հարված է, դրանում խոսք չկա»:
Տնային տնտեսուհի տիկին Ռոզան էլ հավաստիացրեց, որ իրենք Նոր տարվա գնումների վրա ծախսել են մոտավորապես 400 հազար դրամ. «Իհարկե, հեշտ չենք աշխատում այդ գումարը, բայց դե տոն է, բա ի՞նչ պիտի անենք: Մեր ընտանիքը բաղկացած է 6 անդամից` 2 թոռնիկ ունենք տանը, էրեխեքի համար ենք ավելի շատ անում: Հետո էլ տարբեր հյուրեր ենք ունենում, հո չե՞նք կարող դեսերտով ճանապարհել: Մեզ մոտ էդ կուլտուրան ընդունված չէ, որ հյուրիդ քաղցր բանով խաբես, անպայման սուփրա-սեղան ենք գցում: Հայ օջախի կարգն ա: Կարող եմ ձեզ ներկայացնել Նոր տարուց առաջ կազմած իմ ցուցակը: Ամենից թանկ բանը գոճին էր` 30 հազար դրամ, ու խմիչքը` 80 հազար դրամ: Աղցաններն ու խմորեղենը մենք պատրաստեցինք, որովհետեւ խանութից առնելու դեպքում շատ թանկ կնստեր: Մի բան էլ չասացի, թոռնիկներիս համար տղաս Ձմեռ պապիկ ու Ձյունանուշ էր հրավիրել հունվարի 2-ին: Ուզում էինք` դեկտեմբերի 31-ի գիշերը գային, բայց շատ թանկ էր` 30 հազար դրամ, իսկ մյուս օրն արդեն 20 հազար դրամ վճարեցինք: Էս ամեն ինչը մի կողմ, դե հիմա արդեն ծախսել ենք, ասա գոնե տարին լավը լինի»:
Հոգեբանների պնդմամբ` տոները միշտ չէ, որ նպաստում են մարդկանց դրական ինքնազգացողությանը: Օրինակ` հենց այն մարդկանց համար, որոնք ստիպված են եղել  պարտք անել Նոր տարվա սեղանի համար: Այստեղից հետեւություն` հետտոնական սթրեսից նրանք ապահովագրված չեն: Բայց արժե՞ր մի քանի օրվա համար այդքան ծախս անել, ո՞ւմ ենք ուզում զարմացնել: Մանավանդ, որ տոներից հետո սկսելու ենք հաշվել, թե ինչքան փող  է մնացել մինչ աշխատավարձ ստանալը:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս