«Նախընտրական կրակոցներ»` այսպես կարելի է բնութագրել Շիրակի մարզի Արթիկ քաղաքում օրերս տեղի ունեցած դեպքը, երբ Գետափ գյուղի բնակիչ ոմն Անուշավան Բաղդասարյան ծեծի էր ենթարկել ոստիկանի, վերջինս էլ իրեն ամրակցված զենքով կրակ էր արձակել նախ օդ, ապա իրեն ծեծողների ուղղությամբ:
Թաղային հեղինակություն համարվող Անուշավան Բաղդասարյանը, ով այս դեպքի պարագլուխն է համարվում, ոտքին ստացած հրազենային վնասվածքով տեղափոխվեց հիվանդանոց: Խմբի մյուս անդամները եւս ձերբակալվեցին: Թվում է` այս պատմության մեջ քաղաքական որեւէ ենթատեքստ չկա: Սակայն մամուլն անմիջապես հիշեց ԲՀԿ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի անունը: Բանն այն է, որ Անուշավան Բաղդասարյանը եղել է նրա հորեղբոր` Սերոբ Գրիգորյանի թիկնապահը: ԲՀԿ տեղի գրասենյակից անմիջապես հերքեցին լուրերը. «Սերոբի թիկնապահն է եղել, բայց մեզ հետ կապ չունի 2007 թվականից»: Մարտուն Գրիգորյանն ինքը չհերքեց, որ ճանաչում է այդ անձնավորությանը, բայց փոխանցեց, որ թիկնապահներ չունի, եւ որ կատարվածը քաղաքական պատվեր է: ԲՀԿ տեղի գրասենյակի պատասխանատուները հստակ հասկացրին, որ տեղի ունեցածը սերտ առնչություն ունի առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ:ԲՀԿ ներկայացուցիչ Մարտուն Գրիգորյանն արդեն հայտարարել է, որ մասնակցելու է ընտրություններին (մեծամասնական ընտրակարգով): Թիվ 34 ընտրատարածքում այս անգամ իր թեկնածությունն է դնելու նաեւ «Շիրակ» ֆուտբոլային թիմի նախագահ Արման Սահակյանը: Արդեն վստահ կարելի է ասել, որ այս ընտրատարածքում թեժ պայքար է լինելու, պայքար, կարելի է ասել, ՀՀԿ եւ ԲՀԿ կուսակցությունների միջեւ: Գաղտնիք չէ, Արման Սահակյանը, ով այդքան էլ հայտնի չէ գյումրեցիների շրջանում, վայելում է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի համակրանքը, նրա մերձավոր շրջապատից է: Չի բացառվում, որ իշխանական շրջանակները, ինչպես նաեւ տեղական ու մարզային իշխանությունները կնպաստեն, որպեսզի Արման Սահակյանն անցնցում կարողանա հասնել խորհրդարան, սակայն եթե հաշվի առնենք, որ ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանն իր թիմով վճռական է տրամադրված, կարելի է համոզված նշել` այս ընտրատարածքում իրադարձությունները հետաքրքիր զարգացում են ունենալու: Վառ ապացույցն ընտրություններից մի քանի ամիս առաջ մեկնարկած միմյանց «փչացնելու» գործընթացն է:
Վերադառնանք կրակոցներին: Մարտուն Գրիգորյանը հայտարարում է, որ դրանք պատվեր են եւ հատուկ են արվում իրեն վարկաբեկելու համար: Սա նշանակում է, որ պատգամավորն ուղղակի ձեռնոց է նետում իշխանություններին` հասկացնելով, որ ինքը գլխի է ընկել, թե ինչու են իր անունը կապում ոստիկանին ծեծի ենթարկելու պատմության հետ: Իշխանական կողմից, իհարկե, որեւէ արձագանք չեղավ:
Ինչ վերաբերում է Արման Սահակյանին, նրա նախընտրական քարոզարշավը սկսվեց այն ժամանակ, երբ նրան շնորհվեց Գյումրու «Տարվա մարդ» կոչումը: Հետո քաղաքի կենտրոնական փողոցները մի քանի ամիս շարունակ «զարդարեցին» նրա լուսանկարները: Այնուհետեւ նա հրավիրեց մամուլի ասուլիս, որի ժամանակ հայտարարեց, որ պատրաստվում է զբաղվել քաղաքականությամբ: Դրան հաջորդեցին Շիրակ թիմի ֆուտբոլիստների այցերը մանկատներ, դպրոցականների եւ մանկատան սաների հետ ֆուտբոլային հանդիպումները: Եղան այցեր նաեւ մանկապարտեզներ, եւ «ֆուտբոլիստ ձմեռ պապերը» դարձյալ դատարկաձեռն չէին: Ինչեւէ, Գյումրիում նախընտրական մեկնարկը տրված է, եւ արդեն իսկ ակնհայտ է, որ պայքարը թեժ է լինելու:
Գյումրի