ՀԷՑ-ը տուգանվեց 20 մլն դրամով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում հայտարարվեց, որ ՀԷՑ-ը տուգանվեց 20 մլն դրամով. ընկերության կամայական գործողությունների արդյունքում բնակիչները զրկվել են էլեկտրամատակարարումից:

Հարցը ՏՄՊՊ հանձնաժողովում զեկուցեց ՏՄՊՊՀ վերլուծության վարչության մասնագետ Դավիթ Փինաչյանը:

Մայրաքաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 շենքի բնակիչները դիմել են ՏՄՊՊՀ-ին` տեղեկացնելով, որ վերոնշյալ հասցեում գտնվող նորակառույց շենքի շինարարական աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են դեռևս 4 տարի առաջ և շենքը հանձնվել է շահագործման:

Սակայն էլեկտրաէներգիա չունենալու պատճառով չեն կարողանում բնակություն հաստատել իրենց սեփական բնակարաններում: Նրանք դիմել են ՀԷՑ-ին, սակայն ընկերության կողմից խնդրի լուծման ուղղությամբ կոնկրետ քայլեր չեն ձեռնարկել:

ՏՄՊՊՀ դիտարկմամբ` ՀԷՑ-ի գործողություններն անօրինական են:

Հանձնաժողովը հանգել է այն եզրահանգման, որ ՀԷՑ-ի գործողությունները չեն բխում օրենքի չափանիշներից:

Եթե անգամ շենքը կառուցող ընկերությունը թերացել է որոշակի պարտականությունների կատարման մեջ, դա ոչ մի առնչություն չունի բնակարանների սեփականատերերի հետ. նման բան իրավական որևէ ակտով ամրագրված չէ:

Զեկուցողը հարկ համարեց նշել, որ 2010-ին «Միլլար» ՍՊԸ-ի և ՀԷՑ-ի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ շենքի էլեկտրամատակարարումը պետք է  ավարտվեր դեռևս 2011 թվականին, ինչը փաստացի չի կատարվել:

Բնակիչ Վարազդատ Հարությունյանը ելույթ ունեցավ և հայտնեց, որ բազմիցս դիմել են ՀԷՑ-ին, սակայն արդեն քանի տարի է` էլեկտրաէներգիա չի մատակարարվել:

Իսկ բնակիչ Արթուր Գալստյանը հայտնեց, որ հոսանքի չլինելու պատճառով չեն կարողանում տեղափոխվել իրենց բնակարան և անելանելի վիճակում են: «4 տարի է փորձում ենք լուծում տալ, սակայն չկա որևէ քայլ»,- իր խոսքում ասաց բնակիչը:

Փաստորեն 4 տարի է` հարցը չի լուծվում, իսկ ՀԷՑ-ն ասում է « Հարցը դուք լուծեք»:

ՀԷՑ-ի ներկայացուցիչն իր ելույթում ասաց. «Հարուցված վարչական վարույթի շրջանակներում բազմիցս նշել ենք մեր տեսակետը և հայտնել ենք, որ ՀԷՑ-ը իր անելիքները պատշաճ կատարել է: Բնակիչներին առաջարկվել է, որ կառուցապատողի փոխարեն իրենք վճարեին: Այսինքն` ՀԷՑ-ն իրավասու չի եղել որևէ դիրքորոշում հայտնել»:

Տեղեկացնենք, որ ՀԷՑ-ը պարտավոր է 7-օրյա ժամկետում կատարել ՏՄՊՊՀ-ի որոշման պահանջը:

Հանձնաժողովի որոշմամբ` ՀԷՑ-ը պարտավոր է բնակիչների հետ կնքել էներգամատակարարման պայմանագրեր: Որոշման արդյունքում կկարգավորի ոչ միայն այս խնդիրը, այլև կլուծվի ողջ շենքի ջրամատակարարման, ինչպես նաև վերելակների խնդիրը:

ՏՄՊՊՀ-ն ՀԷՑ-ի քայլերը որակել է` որպես մենաշնորհային քայլ:




Լրահոս