«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ-ն երեկ 78 «կողմ», 21 «դեմ» եւ 3 «ձեռնպահ» ձայնով երկրորդ ընթերցմամբ ընդունեց ՀՀ քննչական կոմիտեի մասին օրենքի նախագիծը եւ համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթը։
Առավել ուշագրավ էր օրինագծի քվեարկությունը. ՀԱԿ-ը կողմ է քվեարկել նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի ղեկավարելիք քննչական այս մարմնի ստեղծմանը երկրորդ ընթերցմամբ, առաջին ընթերցմամբ ՀԱԿ-ը ձեռնպահ է եղել (ՀԱԿ-ից դեմ են եղել միայն Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը), երկրորդ ընթերցման ժամանակ Փաշինյանը չի մասնակցել քվեարկությանը, Հրանտ Բագրատյանը ձեռնպահէ քվեարկել։ Փոխարենը նախագծին կողմ են քվեարկել Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Լյուդմիլա Սարգսյանն ու Գագիկ Ջհանգիրյանը։
Ուշագրավ է, որ ԲՀԿ-ն այս անգամ դեմ է քվեարկել Քննչական կոմիտեի մասին օրինագծին, մինչդեռ առաջին ընթերցմամբ ձեռնպահ է եղել։ ՀՅԴ-ն առաջին ընթերցմամբ քվեարկության ժամանակ ձեռնպահ է եղել, հետո կողմ է քվեարկել, «Ժառանգությունը»՝ նույնպես։
Իսկ ընդդիմադիր ՕԵԿ-ը թերեւս իներցիայով շարունակում է կրկնել ՀՀԿ-ի քվեարկությունը։
Ուշագրավ է նաեւ հետեւյալ լրացումը, որն արվել է օրինագծում. Չնայած այն հանգամանքին, որ Քննչական կոմիտեի ղեկավարին նշանակում է նախագահը, նախագծի 7-րդ հոդվածը հռչակում է, որ ՔԿ-ն ինքնուրույն է եւ «Քննչական կոմիտեի ծառայողն իր լիազորությունները իրականացնելիս անկախ է եւ ենթարկվում է միայն օրենքին»:
Օրինագծի նախնական տարբերակում ՔԿ նախագահի եւ նրա տեղակալների համար առավելագույն տարիքը 65 էր։ ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանն առաջարկում է նախագահին ընձեռել հնարավորություն՝ եւս երկու տարով երկարացնել ՔԿ ղեկավարի պաշտոնավարումը։
Աղվան Հովսեփյանը 61 տարեկան է, 4 տարի հետո նա պետք է թողնի պաշտոնը, եթե նախագահը սեփական հայեցողությամբ չերկարաձգի նրա պաշտոնավարման ժամկետը։ Իսկ սա նշանակում է, որ օրենքով անկախ հռչակված Քննչական կոմիտեի ղեկավարը պետք է փորձի ամեն կերպ նախագահի սրտով գնալ»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: