Տարածքային կառավարման նախարարության աշխատակիցներն առաջիկայում լայնածավալ հանդիպումների շարք են սկսելու՝ Հայաստանում բնակչությանը համոզելու և ներկայացնելու համայնքների խոշորացման առավելությունները: Փորձագետների խումբը սակայն, չի շտապում:
Այսօր Աղվերանում մեկնարկած երկօրյա հանդիպման ժամանակ Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը հայտարարեց, թե իրենք Վրաստանի օրինակով ռեֆորմը մեկ օրում չեն իրականացնելու, թեև բանախոսը հավատացած էր, որ շատ բարեփոխումներ արագ է պետք կազմակերպել, թողնելով որ հասարակությունը գործնականում հետևի փոփոխություններին:
Հայաստանում համայնքների խոշորացումը անխուսափելի է համարվում: Հանրապետության համայնքների կեսում բնակչության թիվը 500-ի էլ չի հասնում: Փորձագետ Վ. Մովսիսյանը նշեց, որ այս թիվը ընդամենը պաշտոնական է, և իրականում բնակչության թիվն ավելի քիչ է:
Առավել փոքր համայնքներում գյուղապետարանները ոչ մի ծառայություն չեն մատուցում: Այդպիսիք 20-ն են, 36-ում՝ միակ ծառայությունը գրադարանավարի հաստինք է:
Մինչև 100 բնակիչ ունեցող գյուղերում բյուջեի 88 տոկոսը ծախսվում է համայնքապետարանի աշխատակիցներին աշխատավարձ վճարելու վրա: 100-300 բնակիչ ունեցող համայնքներում նույն նպատակի վրա ծախսվում է տեղական բյուջեի 84 տոկոսը և ստացվում է, որ նման կառույցների գոյության նպատակը միայն պետական և համայնքային միջոցների հաշվին գյուղապետարանի աշխատակազմ պահելն է:
Ի դեպ, միջազգային հանդիպումներից մեկի ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչները խնդրել են հայ փորձագետներին, գյուղերի խոշորացման հայկական տեսությունը փոխանցել իրենց՝ Ադրբեջանի հանրապետությունում նույնպես կիրառելու համար: