Արմավիրում վաճառվում են միայն տղամարդու ներքնաշորերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմավիր քաղաքի հագուստի վաճառքով զբաղվող առեւտրականները դժգոհում են գնորդների բացակայությունից: Ըստ նրանց՝ պատճառը երկրից բնակչության արտահոսքն է: Վաճառականների խոսքերով՝ այս ամիսներին Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի մեկնող տղամարդիկ են միայն գնումներ կատարում, այն էլ` գնում են առավելապես 800-1000 դրամանոց մեծ չափի պայուսակներ եւ տղամարդու ներքնաշորեր:

Տիկին Արմենուհին, ով տասը տարուց ավելի է, ինչ հագուստ է վաճառում, տեսնելով «Ժողովուրդ»-ի թղթակցին սկսեց դժգոհել. «Յոլա ենք գնում: Մարդ չկա, իսկ նրանք, ովքեր էլ որ Հայաստանում են` ձեռքներին փող չկա: Մի կերպ կարողանում ենք վարկի տոկոսները մարել ու համապատասխան հարկերը վճարել: Ահա ամբողջ օրը նստած ենք, մարդ չկա, որ մտնի գոնե նայի հագուստն ու արագ հեռանա: Հաշված մարդիկ են մոտեցել մեզ՚:
Տիկին Արմենուհու խոսքով՝ բացի գնորդների բացակայությունից, թանկացել են նաեւ մաքսային ծառայությունները, ինչի պատճառով էլ վաճառականները պարզապես չեն կարողանում հագուստ ներկրել Թուրքիայից, Չինաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից: «Չենք կարողանում ներկրել, իսկ գնորդն էլ պահանջկոտ է. գալիս է ու նորաձեւ հագուստ փնտրում: Մենք էլ չենք կարողանում անընդհատ թարմացնել: Հրազդանի կիրճի հագուստի վաճառքի կետից ենք առեւտուր անում, բերում ենք, բայց սնկի պես աճած խանութները խոչընդոտում են», – նկատեց տիկին Արմենուհու հարեւանությամբ հագուստ վաճառող տիկինը:

Արմավիրցի վաճառական կանայք մտահոգված են նաեւ ՄՄ-ին անդամակցելու հեռանկարից, քանի որ այլեւս չեն կարողանալու կանացի սինթետիկ ներքնաշորեր վաճառել:

Տիկին Սաթենիկը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նաեւ շեշտեց, որ «նիսյայով» վաճառքը վերջին մեկ տարում ավելացել է, կան մարդիկ, ովքեր նույնիսկ ամիսներով չեն կարողանում մարել կուտակած պարտքերը:«Ի՞նչ անեն մարդիկ, ստիպված են: Կարելի է ասել, որ մենք էլ վնասով ենք աշխատում: Օրինակ` այսօր եկան ու մոտ 40 հազար դրամի չափով «նիսյա»- ով ներքնաշորեր վերցրեցին` զինվորին ուղարկելու համար: Ո՞նց չտաս»,- բողոքեց մեկ այլ վաճառական`44-ամյա Լալան:

Իսկ ահա 73-ամյա Ժենիկը, ով յոթ տարի է, ինչ ունի իր սեփական, փոքր չափի տնտեսական խանութը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում բողոքեց, որ խոշոր չափի սուպերմարկետները խոչընդոտում են իր խանութի գործունեությանը: Չնայած այն բանին, որ իրեն պատկանող խանութում մաքրող միջոցներն ավելի էժան են, քան սուպերմարկետներում, միեւնույն է՝ մարդիկ գնումներ կատարում են սուպերմարկետներից:

35-ամյա Լուսինեն էլ ներկայացրեց իրենց հոգսերը. «Հինգ-վեց տարի առաջ ավելի լավ էր մեզ համար, քան հիմա: Մարդ չկա: Մենք դեռեւս յոթ տարի առաջ Կրասնոդարից Հայաստան եկանք, հիմնեցինք հագուստի խանութ, բայց հիմա վաճառքի ենք դրել այն, որովհետեւ չենք կարողանում պահել: Պարտքեր, վարկեր ունենք կուտակած: Նորից ուզում ենք հետ գնալ. տարիներ առաջ մեր գործող իշխանությունը խոստացավ, որ լավ է լինելու, բայց գնալով ավելի վատացավ վիճակը: Արի ու տես, որ հիմա մեր հիմնական գնորդները տղամարդիկ են, որոնք կամ իրենց համար ներքնաշորեր են գնում կամ էլ` 800-1000 դրամանոց մեծ չափի պայուսակներ: Ու ճամփա են ընկնում»:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս