«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին հետաձգեց իշխանափոխության իր ծրագիրը: Այս անգամ էլ Հովհաննիսյանը վերջնաժամկետ հայտարարեց մայիսի կեսը` սպասելով կառավարության նոր ծրագրի քվեարկությանը:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի պնդմամբ՝ ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն» կուսակցությունների քառյակ գոյություն չունի: Այս մասին Հովհաննիսյանը հայտարարեց երեկ հրավիրած ասուլիսում` նշելով, որ ինքը «քառյակ» եզրույթը չի օգտագործում. «Ակնհայտ է, որ գործ ունենք ինքնուրույն չորս ուժերի հետ, եւ միասնական օրակարգն այդ չորս ուժերի գլոբալ օրակարգից տակավին բացակայում է: Ես հույս ունեի, որ ապրիլ ամսում կունենայինք այդ միացյալ հրապարակը, որի մասին խոսել ենք, բայց հասկանալով, որ իմ ժամացույցը մեկ-մեկ աշխատում է ավելի արագ, քան մյուսներինը, ես սիրով կսպասեմ մինչեւ մայիսի կեսերը, երբ խորհրդարանում պետք է ներկայացվի կառավարության ծրագիրը: Իսկ եթե կառավարության ծրագրի շուրջ չլինի միասնական, ամբողջական դիրքորոշում թե՛ խորհրդարանում, թե՛ հրապարակներում, այն ժամանակ ես կտամ իմ ավարտական գնահատականը»: Ասպիսով` Հովհաննիսյանը քննադատության է ենթարկում Քառյակի գործունեությունը, միեւնույն ժամանակ սպասելով վերջինիս հետագա ակտիվացմանը: Ինչը միանգամայն բնական է, քանզի Աժ-ում նոր կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ դե ֆակտո երկու պատգամավոր ունեցող «Ժառանգություն»-ը որեւէ բան չի կարողանա անել` առանց Քառյակի աջակցության:
Այս համատեքստում արժե վերհիշել, թե նախկինում ինչ էր ասում «Ժառանգության» առաջնորդը: Մասնավորապես 2013-ի մարտի 2-ին, Ազատության հրապարակում նա հայտարարում էր, որ ունի իր ծրագիրն ու առաջնորդվում է դրանով. «Թող հստակ լինի` ես ունեմ մի ծրագիր, մի ռազմավարություն, մի հստակ անելիք, եւ դա այն է, որ ՀՀ քաղաքացիների եւ ողջ հայ ժողովրդի մասնակցային տիրությամբ պաշտպանելու ենք ժողովրդի իրավունքը եւ ի կատար ենք ածելու մեր պահանջը, ուրիշ ծրագիր չկա, մեր պահանջն է, եւ իրենք կատարելու են մեր պահանջը»,- հայտարարում էր նա` նկատի ունենալով իշխանություններին, մինչդեռ այսօր արդեն ոչ իշխանական ուժերին է վերջնաժամկետ հայտարարում:
Թեեւ Հովհաննիսյանի վերջնաժամկետներին, թերեւս, արդեն լուրջ չեն վերաբերվում ո՛չ իշխանական, ո՛չ էլ ընդդիմադիր ճամբարում: Հիշենք, որ նախորդ անգամ նա իշխանություններին վերջնաժամկետ էր տվել ապրիլ ամիսը, ինչը, փաստորեն, հիմա տեղափոխեց մայիսի կեսեր, որից հետո կասի իր վերջին` «տղամարդկային» խոսքը:
Պատասխանելով այն հարցին, թե մտավախություն չունի՞, որ ԲՀԿ-ն ինչպես ԱԺ նախագահի քվեարկությանը ապահովեց «կողմ» ձայներ, այնպես էլ «կողմ» կքվեարկի նաեւ կառավարության նոր ծրագրին` «Ժառանգության» առաջնորդն ասաց. «Երեկվա քվեարկությունը շատ հստակ ահազանգ էր, եւ եթե քվեարկությունը կրկնվի, ուրեմն սա արդեն կծնի քաղաքական նոր իրավիճակ: Սա այն դեպքում, եթե երեկվա (ապրիլի 29-ի, Տ.Մ.) քվեարկությունը կրկնվի շաբաթներ անց` արդեն կառավարության ծրագրի համար»: Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը ԲՀԿ-ին մեղադրում էր ընտրակաշառք բաժանելու մեջ, ապա Քառյակի շրջանակներում փորձեց համագործակցել, հիմա էլ կասկած է հայտնում ԲՀԿ-ի հուսալիության կապակցությամբ:
Ինչ վերաբերում է նոր կառավարությունից ունեցած սպասելիքներին, ապա Հովհաննիսյանն այդպիսիք պարզապես չունի, քանի որ կարծում է` իշխանության բոլոր գործիչներն էլ միմյանցից կախված են եւ չեն կարող ինքնուրույն գործել: Նույնն էլ Հովիկ Աբրահամյանի դեպքում է, եւ լավագույնը, որ Հովհաննիսյանը կարող է ակնկալել նոր վարչապետից` կոսմետիկ փոփոխություններն են:
Անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի` ԱԺ նախագահի թեկնածու առաջադրվելուն` Հովհաննիսյանն ասաց. «Այո, մենք ունեինք նպատակ. երբ իմացանք, որ 4 ուժերը համատեղ հանդես չեն գալու միասնական օրակարգով, այսինքն` միասին չեն բոյկոտելու, մենք միտք ունեինք ներկայացնել այլընտրանքային թեկնածու: Նման պայմանական որոշում կար: Այո, իմ իմացությամբ է տեղի ունեցել, հետո ինքն ինքնաբացարկ է հայտնել եւ եղավ այն, ինչ եղավ»:
Այս ամենից հետո հետաքրքրականն այն է, թե ինչ է ասելու եւ հերթական անգամ որքան ժամանակով է հետաձգելու իշխանափոխության իր ծրագիրը Րաֆֆի Հովհաննիսյանը, քանզի ԲՀԿ-ն դժվար թե դեմ քվեարկի կառավարության ծրագրին` հաշվի առնելով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խնամիական հարաբերությունները:
ՏԻՐԱՅՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ