Մեր համայնքապետերից շատերը վախենում են իրենց կենսագրությունները հրապարակել, ներկայացնել հանրությանը: Երեւի վախենալու կամ ամաչելու բան շատ կա այդ կենսագրություններում: Իր կենսագրությունը Ջերմուկի քաղաքապետարանի կայքում համառորեն չի ներկայացնում նաեւ առողջարանային քաղաքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանը: Ընդամենը նշված է, որ ծնվել է 1962 թվականին, բնակվում է այսինչ փողոցի այսինչ տանը եւ Հանրապետական կուսակցության անդամ է:
Դե, երեւի ՀՀԿ անդամությունը բարձր է ամեն ինչից. այն ե՛ւ կրթություն է, ե՛ւ աշխատանքային գործունեություն, ե՛ւ ընտանիք ու երեխաներ… Մեծ դժվարությամբ կարողացանք գտնել նրա կենսագրությունը եւ տեղեկացանք, որ այո՛, ծնվել է 1962-ին, ջերմուկցի է: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երեւանի ֆինանսատնտեսագիտական տեխնիկումը, ավարտել 1980-ին, ապա աշխատանքի անցել Ջերմուկի կուրորտվարչությունում որպես հաշվապահ: Մեկ տարի անց մեկնել է խորհրդային բանակ, վերադարձել 1983-ին եւ շարունակել հաշվապահի համեստ պարտականությունները: 1985-ից 1987թ. սովորել է Մոսկվայի կուրորտվարչությունների տնօրենների եւ փոխտնօրենների բարձրագույն դպրոցում` ինչպես նշված է կենսագրության մեջ: Այս դպրոցն, իհարկե, բարձրագույն կրթություն չէր ապահովում եւ վերապատրաստման դասընթացներ իրականացնող կառույց էր:
1996թ-ին նշանակվել է Ջերմուկի «Երազ» առողջարանի տնօրեն: Մեկ տարի այստեղ մնալուց հետո` 1997-ից էլ, աշխատել է որպես «Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ» Ջերմուկի մասնաճյուղի տնօրեն: Թե ինչպես մասնագիտական բարձրագույն կրթություն չունեցող մարդուն նշանակեցին այդ պաշտոնում, ոչ ոք չի կարող ասել: Սակայն նա այստեղ աշխատեց մոտ տասը տարի` բարելավելով իր դիրքերն ու սոցիալական վիճակը: 2006-ին էլ ընտրվեց քաղաքապետ ու մինչեւ օրս պաշտոնավարում է` այսպես կամենալով հասնել մեր «ռեկորդակիր» քաղաքապետերին:
Ջերմուկցիները, համեմատություն անցկացնելով նախկին քաղաքապետ Ֆերդինանդ Ղազարյանի եւ Վարդան Հովհաննիսյանի միջեւ, առաջնությունը տալիս են ՀՀ ԳԽ նախկին պատգամավոր քաղաքապետին, սակայն այս քաղաքապետի մասին էլ ասում են, որ շատ մեծ շրջապատ ունի, ֆինանսական մեծ միջոցներ, կարողանում է իր հարցերն այնպես լուծել, որ իշխանությունները չուզենան նրա պաշտոնանկությունը: Դե, ո՞վ չի ուզենա նման քաղաքապետ ունենալ, ո՞վ կարող է քաղաքի շահերը շատ հանգիստ ստորադասել որոշ հատվածական շահերի: Այս առումով ամենաաղմկալին ու առեղծվածայինը քաղաքային այգու պատմությունն էր: Անցած տարվա ընտրություններից առաջ Վարդան Հովհաննիսյանը «Առավոտ» թերթի թղթակցին ասել էր, թե Ջերմուկի այգում հոթել-սպա է կառուցում մոսկվայաբնակ մեծահարուստ Սամվել Սարգսյանը: Եւ նա դա համարել էր քաղաքի կարեւոր ձեռքբերումներից մեկը: Հանուն այս Սամվել Սարգսյանի էլ` Ջերմուկի քաղաքապետը հրահանգել էր հատել այգու ծառերը: «Էկոլուր»-ը տարածել էր հետեւյալ հայտարարությունը. «Ջերմուկի քաղաքային այգու տարածքում իրականացված ստուգումները ցույց են տվել, որ հատումների մեծ մասը կատարվել է քաղաքապետի հրամանով: 2010թ-ի հունվարին առատ ձյան պատճառով վնասվել է 108 ծառ, ինչի մասին, բնապահպանական պետական տեսչության պնդմամբ, համապատասխան արձանագրություն է կազմվել: Ստուգումը ցույց է տվել, որ իրականում հատվել է ոչ թե 108, այլ 124 ծառ: Բնապահպանական պետական տեսչությունն ակտ է կազմել: Վնասի չափը` 16 բարդի ապօրինաբար հատելու համար, կազմել է 370.500 դրամ: Ի դեպ, եթե տուգանքի չափը գերազանցում է 400.000 դրամը, ապա քրեական գործ է հարուցվում:
Այս այգին բնապահպանական շատ մեծ նշանակություն ուներ եւ համարվում էր իր տեսակի մեջ բացառիկ, որովհետեւ հիմնվել էր 2100 մետր բարձրության վրա եւ քաղաքն ապահովում էր մաքուր օդով: Չհամաձայնելով բնապահպանության նախարարության կազմած տեղեկանքի հետ, այն համարելով ստահոդ` ջերմուկցիները երկրի ղեկավարին գրել էին. «Քաղաքապետարանի պնդումները, մեղմ ասած, սուտ են: Ջերմուկում ուժեղ քամուց վնասվել է միայն երկու-երեք բարդի, ոչ թե` 16: Ո՞վ է տեսել այդ ընկած բարդիները: Եւ ինչո՞ւ «աղետի» հետեւանքներն ակտավորելիս ներկա չի եղել բնապահպանության նախարարության կամ բնապահպանական հասարակական կազմակերպության որեւէ ներկայացուցիչ: Եւ ինչո՞ւ որեւէ մեկը հաշիվ չի պահանջում, թե ուր է գնացել այդքան բնափայտը: Ինչ վերաբերում է 370 հազար դրամ տուգանքին, ապա այն համարժեք չէ գործած հանցանքին: Պարզապես մոգոնել են այնպիսի մի թիվ, որը չգերազանցի 400 հազար դրամը` քրեական գործ չհարուցելու համար: Ավելի լավ է, որ քաղաքապետը բացատրություն տա, թե ինչու առնվազն 17 հեկտար զբոսայգուց մնացել է ընդամենը 12 հեկտարը»:
Հետաքրքիրն այն է, որ «Օլիմպիա» առողջարանի հարեւանությամբ գտնվող այգու ծառահատումից հետո այստեղ առաջացած տարածքը` 29,547 քմ մակերեսով, իբրեւ թե աճուրդով օտարվել է, իսկ մրցույթում էլ հաղթող է ճանաչվել «Ջերմուկի նոր կյանք» ՍՊԸ-ն: Իսկ տեղաբնակներն այս ՍՊԸ-ն անմիջականորեն կապակցում են Վարդան Հովհաննիսյանի անվան հետ: Ջերմուկի քաղաքապետի մասին ասում են, որ չափազանց «ամուր թիկունք» ունի, որ նրան հովանավորում են ոչ միայն հարազատ հանրապետականները, այլեւ մի շարք գործարարներ, որոնցից ամենահայտնին Ջերմուկի 2-րդ հանքային ջրերի գործարանի սեփականատեր Հենրիկ Խաչատրյանն է` միլիոնչիկ Հենոն:
«ԱՆԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ