Հաշվապահական հաշվառման մասին օրենքի քննարկումը, ինչպես հայտնի է, ընդդիմադիր պատգամավորների մտահոգությունն առաջացրեց: Օրենքի համաձայն, որն ընդունվեց ձայների մեծամասնությամբ, հանվել է խոշոր ընկերություններում պարտադիր աուդիտի անցկացումը: Ընդդիմադիր պատգամավորների մտահոգությունն այն էր, որ պարտադիր աուդիտը հանելով խրախուսվում է ստվերը:
Armlur.am-ի հետ զրույցում տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, խոսելով պարտադիր աուդիտի հանման մասին, ասաց, որ այստեղ կոռուպցիոն լուրջ ռիսկեր կան:
«Հարկ վճարողների շերտավորում է տեղի ունենում, գործարարներ, որոնք կարող են գումար վճարել, դրան զուգահեռ հարկային մարմինները կգան կստուգեն և դրանով կավարտվի գործարարների հարաբերությունները հարկային մարմինների հետ: Այսինքն` հարկային ծառայությունները մեզ մոտ վճարովի դարձվեցին: Այսինքն` հարկային մարմինը դարձավ մասնավոր կառույց»,- պարզաբանում է Վահագն Խաչատրյանը` հավելելով. «Պարտադիր աուդիտի հանելը խրախուսում է ստվերը»:
Տնտեսագետը կարծում է` պարտադիր աուդիտի հետ մեկտեղ նախկինում պետք է պատասխանատվության հարց էլ բարձրացվեր նույն աուդիտ իրականացնող կազմակերպության կողմից. «Անընդունելի է, երբ պետական պարտականությունները դրվում են մասնավոր կառույցի վրա: Օրենքի այս փոփոխությունը կարմիր գծերի նման մի բան է»:
Պարտադիր աուդիտը ներդրվել էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք, իսկ նոր կառավարությունը ի դեմս Հովիկ Աբրահամյանի, հրաժարվեց պարտադիր աուդիտի ինստիտուտից:
Փաստորեն, նախկին և ներկա կառավարությունների առաջին և հրապարակավ հակասությանն ենք ականատես լինում: Տնտեսագետը համաձայնեց հարցադրմանը, ասելով, որ նախկին և ներկա վարչապետներն այս առումով իրականացնում են տարբեր քաղաքականություն:
Սոնա Դավթյան
Լուսանկարը՝ panarmenian.net-ի: