ՀԱՐՑ. Իրանական, թուրքական, տեղական հեռուստաալիքները գովազդում են Երեւանի Հյուսիսային պողոտայի դատարկ բնակարանները, հորդորում են ձեռք բերել, որովհետեւ գները մատչելի են: Ինչպե՞ս եք գնահատում այդ երեւույթը: Արդյո՞ք չարժե դադարեցնել էլիտար բարձրահարկերի կառուցումը, մինչեւ եղածները լիովին իրացվեն: Դրանց տեղը կարելի է երիտասարդ ընտանիքների եւ բնակչության անապահով խավերի բնակարանային խնդիրների լուծման նպատակով սոցիալական բնակարանաշինություն իրականացնել, խորհրդային ժամանակաշրջանի բազմահարկ, անդուր շենքերի ճարտարապետական տեսքի, ֆիզիկական եւ որակական առողջացման, ամրացման ծրագիր մշակել եւ իրականացնել:
ՊԱՏԱՍԽԱՆ. Հյուսիսային պողոտայի բնակարանները կառուցվել են մասնավոր կազմակերպությունների կողմից, որոնք ձեռք են բերել հողատարածքներ եւ բնակարաններ կառուցել: Պետական բնակարանաշինությունը մեկ այլ բան է, իսկ օրինակ` Հյուսիսային պողոտայի բնակարանաշինությունը` մեկ այլ, դա մասնավոր բիզնես ծրագիր է եւ քաղաքաշինության նախարարության հետ որեւէ կապ չունի: Իսկ ինչ վերաբերում է երիտասարդ ընտանիքների համար նախատեսված բնակարանաշինությանը, ապա նշեմ, որ դա իրականացվում է ոչ թե քաղաքաշինության նախարարության, այլ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից: Այս պահին պետական բնակարանաշինություն իրականացվում է միայն աղետի գոտում: Հենց հիմա Գյումրիում, Սպիտակում արդեն 60 բազմաբնակարան շենք գրեթե պատրաստ է, իրականացվում են դրանց արտաքին ենթակառուցվածքների աշխատանքները, եւ ըստ ամենայնի, գարնանն այդ բնակարանները կհանձնվեն իրենց տերերին: Վերջերս` կառավարության նիստերից մեկի ժամանակ, վարչապետ Տիգրան Սարգսյանը խոսում էր սոցիալական բնակֆոնդի, շինարարական ծրագրերի մասին, բայց քանի որ Հայաստանը գտնվում է ֆինանսատնտեսական ճգնաժամում, նման տիպի ծրագրեր Երեւանում առայժմ չեն իրականացվի:
խոսնակ Բաղդասար Մհերյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իրողությունն այն է, որ Հյուսիսային պողոտայի բնակարանների մի մասի համար այդպես էլ տեղում գնորդներ չեն գտնվում, ուստի դրանց տերերը ստիպված են անգամ հարեւան երկրների հեռուստաալիքներին ապավինել` գնորդներ գտնելու հույսով: