«Եկեք 10 աշխատանքային օր անցկացրեք հարկային, մաքսային մարմիններում, ֆինանսների նախարարությունում եւ ինքներդ զգացեք՝ քանի թիկնապահ ունեմ, թիկնապահները հարվածում են աշխատողներին, գումար պահանջում, չեն պահանջում»:
Գագիկ Խաչատրյան 1in.am
Երկրի ամենահարուստ մարդկանց տասնյակում հայտնված պաշտոնյան, ով հիմա նաեւ «սուպերնախարար» է դարձել, սկսել է իր ախորժակն ու ամբիցիաներն էլ բարձրացնել՝ այն համապատասխանեցնելով ոչ թե նախարարի, այլ «սուպերնախարարի» ամբիցիաների հետ: Եվ ձեռքի հետ կարծես թե ուզում է հասկացնել, թե թիկնապահ չունի, սակայն չի բացառում նաեւ, որ իրականում դեմ չէ թիկնապահներ ունենալուն եւ իր ենթականերին հարվածելուն: Սա տիպիկ օլիգարխային ցանկություն է: Իսկ ինչո՞վ է «սուպերնախարարը» պակաս օլիգարխից, այն էլ այդպիսի հարուստ նախարարը, ով հիմա բյուջեից կրկնակին «քերելու» հնարավորություն է ստացել:
«Ուրեմն ընդդիմությունը լավ չի կարդացել իմ հայտարարությունը: Իմ հայտարարությունը ժողովրդավարական է, պարզ է եւ ավելացնելու բան չունեմ»:
Էդուարդ Շարմազանով
Այս մարդիկ կարծես թե ամեն ինչ խառնել են իրար, մեկ ազգային բանակում ծառայած չլինելով՝ իրենց նժդեհական են հռչակում, հետո գովաբանում կապիտալիստական հասարակարգը, խոսում ժողովրդավարական արժեքներից, բազմակուսակցությունից, առողջ ընդդիմության անհրաժեշտությունից, իսկ այնուհետեւ արտահայտում բոլշեւիկներին հատուկ մտքեր՝ միակուսակցական համակարգի մասին: Եվ հերիք չէ՝ ՀՀԿ խոսնակն այդ միտքն արտահայտել էր, դեռ մի հատ էլ համարում է ժողովրդավարական: Այսինքն՝ միակուսակցական համակարգը եւ ՀՀԿ-ի մոնոպոլիա՞ն է ժողովրդավարությունը: Ստացվում է, որ ըստ Շարմազանովի՝ ամենաժողովրդական պետությունը ԽՍՀՄ-ն է եղել:
«Այդ մարդն ասել է, չէ՞, հաջորդը մենք ենք հաղթելու նախագահական ընտրություններին, մենք էլ ասում ենք, որ հաղթանակը համենայնդեպս, մենք ակնկալում ենք, որ պետք է լինի ՀՀԿ-ինը»:
Վարդան Այվազյան Haynews.am
ՀՀԿ-ական պատգամավորները, ինչպես եւ Խորհրդային ժամանակներում Կոմկուսի կենտկոմի անդամները, հստակորեն համոզված են, որ իրենք կան եւ ապագայում էլ միայն ու միայն իրենք են լինելու: Այլ տարբերակ չի կարող լինել, ճիշտ այնպես, ինչպես միակուսակցական համակարգ ունեցող բոլոր երկրներում: Ու թքած, թե ՀՀ Սահմանադրությունն այդ առնչությամբ լիովին այլ բան է ասում: Չէ՞ որ դրանք ընդամենը ձեւականություններ են, կարեւորը իրենք են՝ «ազգիս ընտրյալները»: Իսկ «ընտրյալներն» իրենց դեմ այլընտրանք չեն տեսնում, էլ ուր մնաց՝ հակառակորդ տեսնեն: Իրենք ամեն ինչ արդեն որոշել են: Կարեւորը իրենց ցանկությունն է` «ոնց ուզեն, այնպես էլ կլինի»:
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ