ՍՏԻՊՎԱԾ ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ժողովրդական արտիստուհի, սիրված երգչուհի Ռաիսա Մկրտչյանը, ով 17 տարեկանից ռադիոյի եւ հեռուստատեսության էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի մեներգչուհիներից է, շարունակում է երգել։ «Մեր նվագախումբը շատ երիտասարդացած է, նախկին մեներգիչները կա՛մ Հայաստանում չեն, կա՛մ կյանքից հեռացել են։ Իմ` քիչ ելույթներ ունենալը պայմանավորված է այն հանգամանքով, որ եթե նախկինում պարտավոր էինք ամեն ամիս որեւէ կոմպոզիտորի նոր երգ ձայնագրել, ներկայացնել ռադիոյով եւ հեռուստատեսությամբ, ապա հիմա նման բան չկա։ Իսկ կառավարական, հոբելյանական համերգների, ստեղծագործական երեկոների, տարբեր միջոցառումների ժամանակ, որոնց հրավիրվում է նաեւ մեր նվագախումբը, մասնակցում կամ չեմ մասնակցում. դա կախված է պատվիրողի ցանկությունից»։

Ձայնագրություններ էլ չի անում. մեծ գումար է անհրաժեշտ։ Եթե խորհրդային տարիներին գեղարվեստական խորհուրդը ընդունում էր կոմպոզիտորի երգը, կատարվում էր ձայնագրությունը, եւ դրա համար որեւէ վճարում չէր կատարվում, ապա այսօր ամեն ինչի համար հարկավոր է վճարել։ «Ոչ միայն չէինք վճարում, այլեւ աշխատավարձ էինք ստանում մեր կատարած աշխատանքի դիմաց։ Իսկ տարբեր ոճ, մոտեցումներ ունեցող կոմպոզիտորների հետ աշխատելն անչափ հետաքրքիր էր ու նաեւ ուսանելի: Նոր երգի ձայնագրությունը, նրան կենդանություն տալը իմ ստեղծագործական կյանքի ամենաերջանիկ պահն է եղել։ Մեր նվագախումբը չի շրջագայել, հյուրախաղերով հանդես չի եկել ԽՍՀՄ եւ աշխարհի այլ երկրներում, ինչպես, օրինակ, Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած պետական էստրադային նվագախմբի դեպքում էր (դա առանձին խոսակցության թեմա է)։ Երգեր ենք ձայնագրել եւ պրոպագանդել դրանք»։
Սիրված երգչուհին դասավանդում է Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական քոլեջում եւ կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնում։ Իր աշխատանքը նա համարում է շատ հետաքրքիր. «Ցավալի է, որ շատերն ավարտում են այդ բաժինը, որը նախկինում չկար կոնսերվատորիայում եւ ուսումնարանում, բայց գումար վաստակելու համար ստիպված ռեստորաններում են աշխատում։ Եթե նախկինում դա ամոթ էր, հիմա դարձել է շատ «պրիստիժնի», ընդունված, եւ հաճախ նույնիսկ լավ երգիչներին էլ աշխատանքի չեն ընդունում. ամենուր տեղերն զբաղված են»։
Ըստ երգչուհու՝ այսօրվա երիտասարդ կոմպոզիտորների մեծ մասը ինքնուս է, ու եթե առաջ երգի խոսքերի հեղինակը պետք է լիներ հայտնի պոետներից մեկը, երաժշտության հեղինակը՝ կոմպոզիտորների միության անդամ, ապա հիմա ով ասես՝ գրում է։ «Հազվադեպ էր լինում, երբ որեւէ շատ վառ անհատականություն միության անդամ չէր լինում, բայց ընդունվում էր բոլորի կողմից։ Օրինակ՝ Լենինականից շատ տաղանդավոր Արամ Աղաբաբյանը, որից հաճույքով 11 երգ եմ ձայնագրել։ Նա պրոֆեսիոնալ ջութակահար էր, բայց հրաշալի դաշնամուր էր նվագում, երգում ու նաեւ եկեղեցուն կից երգչախումբ ղեկավարում։ Երբ Վազգեն Առաջինն այդ երգչախմբի կատարմամբ լսել էր Եկմալյանի պատարագը, հիացել եւ նրան ժամացույց էր նվիրել։ Երկրաշարժից հետո Սպիտակի երաժշտական դպրոցում մի փոքրիկ անկյուն էին տվել, որ կարողանա աշխատել, ապրել։ Ուներ փոքր տղա, կին։ Երբ Միքայել Նալբանդյանի բառերով գրեց «Մաքուր ջուր» երգը, եւ այն իմ կատարմամբ հնչեց հեռուստատեսությամբ, Էդուարդ Միրզոյանը զանգահարեց եւ ասաց, որ Արամին անմիջապես գտնեմ. նա արժանի է Կոմպոզիտորների միության անդամ լինելուն։ Երբ Արամին ասացի այդ մասին, պատասխանեց՝ Երեւան գալու գումար չունեմ։ Ստիպված մեկնեց ԱՄՆ եւ հիմա եկեղեցուն կից երգեհոն է նվագում։ Մեր ժամանակի կոմպոզիտորները շատ ավելի հայկական մտածելակերպ, ուրույն ոճ ունեին, իսկ հիմա լսում ես երգեր, որոնք հիմնականում շատ պարզունակ մեղեդային գիծ ու նաեւ բառեր ունեն, կրկնվող են, «շարմանկայի» տիպի։ Դրանք թիթեռի կյանք են ունենում»։
Ե՛վ քոլեջում, ե՛ւ կոնսերվատորիայում ուսանողները պարտադիր անցնում են մեր զրուցակցի, Բելլա Դարբինյանի, Արտաշես Ավետյանի, Գեորգի Մինասյանի երգերը, որոնք արդեն դասական են համարվում։ «Երբեմն ուսանողները ժամանակակից կոմպոզիտորների երգեր են բերում, ու եթե դրանք որակով, էմոցիոնալ զարգացածությամբ, հագեցվածությամբ համահունչ են մեր ծրագրերին, կիրթ են, հայկական շնչով գրված, ապա երգում ենք։ Դրանք մտնում են մեր ծրագրերի մեջ։ Սկզբում պարտադիր պետք է ներկայացնեն հայ կոմպոզիտորի ստեղծագործություն, ապա նոր միայն ջազային հիթ, ինչպես ասում են՝ ջազային ստանդարտ»։

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս