«Վիկիլիքս»-ի հանրայնացրած հերթական փաստաթուղթը պատմում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի ու ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցիչների միջեւ կայացած հանդիպման մասին: Ամերիկացիների պատվիրակությունը գլխավորել է Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան, իսկ զրույցի շուրջ համապարփակ զեկուցագիր է կազմել ՀՀ-ում ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը: Հանդիպումը կայացել է 2009թ. մարտի 2-ին, որի ընթացքում կողմերը քննարկել են ԼՂ հիմնախնդիրը եւ ծավալուն անդրադարձ կատարել Վրաստանում գտնվող հայոց եկեղեցիների խնդրին:
Զրույցի սկզբում Գարեգին 2-րդն արտահայտել է իր մեծ հույսերը` կապված ԼՂ հակամարտության շուտափույթ լուծման հետ: Հայոց կաթողիկոսը տեղեկացրել է, որ ինքը փորձել է անձնական նախաձեռնություններով հասնել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը՝ մատնանշելով Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի հետ իր հանդիպումները: Կաթողիկոսը հավելել է, որ դրանց մասնակցել են նաեւ վրաց եւ ռուս եկեղեցիների առաջնորդները: Նա նկատել է, որ փոխադարձ ըմբռնմամբ լիովին հնարավոր է հասնել ԼՂ խնդրի կարգավորմանը:
Զեկուցագրում դեսպան Յովանովիչը նկատել է, որ ի տարբերություն ԼՂ խնդրի՝ կաթողիկոսը նվազ լավատես է եղել Վրաց եկեղեցու հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ: Գարեգին Բ-ն դժգոհել է, որ իր՝ տարիներ ի վեր գործադրած ջանքերին հակառակ՝ վրացական եկեղեցու հետ հարաբերությունները շարունակում են մնալ լարված: Նրա բողոքի հիմնական թիրախը եղել է այն, որ Վրաստանում բացի ազգային եկեղեցուց, մնացյալ բոլոր հոգեւոր թեւերը ստիպված են գրանցվել ոչ թե որպես կրոնական հաստատություններ, այլ՝ լոկ որպես ոչ կառավարական կազմակերպություններ: «Դրա հետեւանքներից մեկն էլ այն է, որ հայկական եկեղեցին ստիպված է լինում վճարել ավելացված արժեքի հարկը, երբ փորձում է այդ երկրում նորարարական նախագծեր իրականացնել հայկական եկեղեցիների շուրջ»: Հայոց կաթողիկոսը մասնավորեցրել է, որ «օրինական կարգավիճակ չստանալն առաջին հերթին նպաստում է այն բանին, որ վրացական եկեղեցին իր տիրապետության տակ է վերցնում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները, քանզի այլ եկեղեցու գործունեություն չի թույլատրվում»:
Այնուհետեւ կաթողիկոսն ամերիկացիներին պատմել է, որ տարիներ առաջ ինքն այցելել էր Ջավախք ու վերադարձին երկրի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանին հայտնել, որ այնտեղ մարդիկ շատ ավելի վատ պայմաններում են ապրում, քան երբեւէ ապրել են Ղարաբաղում: Կաթողիկոսին անհանգստացրել է այն հանգամանքը, որ ընդգծված հակահայկական քարոզչություն է գնում Վրաստանով մեկ, որը խաթարում է երկրների ու եկեղեցիների միջեւ խաղաղ ու սերտ հարաբերություններ հաստատելու գործընթացը: Նա նկատել է, որ վրացի պաշտոնյաները կարող էին ավելին անել հասարակական ագրեսիվ հռետորաբանությունը նվազեցնելու եւ ջավախահայերի անջատողականության մասին կեղծ բամբասանքներին տեղիք չտալու համար:
Գարեգին Բ-ն ընդգծել է, որ Հայաստանն անկախությունից ի վեր հանդուրժող է եղել կրոնական փոքրամասնությունների հանդեպ, իսկ հայոց եկեղեցին երբեք ագրեսիվ չի տրամադրվել այլ եկեղեցիների նկատմամբ: Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Վրաստանը մարդու իրավունքների ու կրոնական ազատությունների մասին զեկույցներում մշտապես դասվում է զարգացող երկրների շարքին, մինչդեռ իրականում այլ եկեղեցիների ու կրոնական փոքրամասնությունների հանդեպ բնավ էլ հանդուրժող չէ: Հայոց կաթողիկոսը պնդել է, որ ԽՍՀՄ անկումից 20 տարի անց ԱՊՀ երկրներից Վրաստանը միակն է, որը կրոնական ազատությունների հարցում նահանջ ունի: «Վրաստանում գտնվող մի շարք եկեղեցիներ, որոնք պահպանվել են սովետական ռեժիմի տարիներից, այժմ ենթարկվում են ինքնության վերափոխման, եւ սովետական աթեիզմի տարիները իրականում եղել են ավելի բարենպաստ այս եկեղեցիների համար, քան ներկայումս»:
Շարունակելով ներկայացնել հայ-վրացական եկեղեցիների հարաբերությունները՝ կաթողիկոսը նշել է, որ Հայաստանը սպասում է 6 եկեղեցու վերադարձին՝ Թբիլիսիում եւ Ջավախքում: Նա նաեւ նկատել է, որ Մայր Աթոռն իրականում դեմ չէ, որ վրացիները օգտագործեն հայկական շինությունները, բայց անթույլատրելի է համարում դրանց ինքնության փոփոխությունն ու հայկական արմատների վերացումը: Գարեգին Բ-ն նաեւ արտահայտել է իր թերահավատությունը վրաց կառավարության ստեղծած հանձնաժողովի գործունեության հանդեպ, որը պիտի քններ Թբիլիսիի Նորաշեն եկեղեցու խնդիրը. «Քանի որ սովետական ռեժիմի օրոք 70 տարի փակ մնալուց առաջ, այն 400 տարի եղել է հայկական»:
Ի պատասխան վրաց եկեղեցուն ուղղված Ամենայն հայոց կաթողիկոսի քննադատություններին՝ Բրայզան ընդգծել է, որ երկու եկեղեցիների միջեւ անհրաժեշտ է ձեւավորել հարգալից մթնոլորտ. «Այն կարող է բանալի հանդիսանալ նաեւ երկու երկրների բարիդրացիական հարաբերությունների համար»,- նշել է ամերիկացի դիվանագետը: Մտահոգիչ է, որ դարերի պատմություն ունեցող միջեկեղեցական հարաբերություններն այնքան լարված վիճակում են, որ դրանց միջամտում են օտարերկրյա դիվանագետները: Ու թեեւ նշված հանդիպումից հետո որոշակի դրական փոփոխություններ են արվել` մասնավորապես Վիրահայոց թեմի կարգավիճակի հետ կապված, այդուհանդերձ` խորքային առումով հայ-վրացական հոգեւոր իշխանությունների հարաբերությունները շարունակում են սառը մնալ:
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ