«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը կարծում է, որ համամասնական ընտրակարգի գաղափարի շուրջ քաղաքական ուժերի համախմբումը կնպաստի քաղաքական դաշտում ստեղծված դիսբալանսը շտկելուն: «Անգամ եթե այս փորձը մատնվի անհաջողության, տասնյակ այլ փորձեր կլինեն, որոնք, ի վերջո, բերելու են բալանսների վերականգնման»,-«Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում ասաց նա:
-Համամասնական ընտրակարգի գաղափարի շուրջ աննախադեպ համախմբում է տեղի ունեցել` ե՛ւ խորհրդարանական, ե՛ւ արտախորհրդարանական ընդդիմությունը, ե՛ւ անգամ կոալիցիոն ԲՀԿ-ն ու մյուս ուժերը կողմնակից են այդ համակարգին: Ինքներդ ինչպե՞ս կմեկնաբանեք ստեղծված իրավիճակը:
-Մեր ժողովուրդը մշտապես սովոր է եղել ապրել չափի ու ձեւի մեջ, բայց վերջին տարիներին մեզանում տեղի է ունեցել հավասարակշռության լուրջ խախտում: Այս տարիների ընթացքում խախտվել է ամեն ինչ, անգամ այն, ինչ անհնար է թվացել խախտելը: Արդյունքում առաջացել է լուրջ անհավասարակշռություն: Ու հիմա, անկախ նրանից` որքանով է ստեղծված գործընթացը բնական կամ արհեստածին, այնուամենայնիվ, դա նպաստում է Հայաստանում հավասարակշռության վերականգնմանը: Եւ այժմ այդ գործընթացում տեսնում եմ որոշ հույսեր:
-Ձեր կարծիքով, որքանո՞վ կհաջողվի այդ ուժերին վերականգնել հավասարակշռությունը:
-Կոնկրետ այս դեպքում դժվար է ասել: Մենք մտել ենք այդ շրջանը: Այսպես, թե այնպես վերականգնելու ենք հավասարակշռությունը: Անգամ եթե այս փորձը մատնվի անհաջողության, տասնյակ այլ փորձեր կլինեն, որոնք, ի վերջո, բերելու են արդյունքի:
-Այս գործընթացում իշխող ՀՀԿ-ն կարծես մենակ է մնացել. անգամ կոալիցիոն գործընկերը` ԲՀԿ-ն է կողմ համամասնական ընտրակարգին անցնելուն: Ձեր կարծիքով, սա ի՞նչ է նշանակում: ԲՀԿ-ն ե՞ւս փորձում է վերականգնել բալանսը, թե՞ այս ամենի մեջ իր սեփական խնդիրներն է փորձում լուծել:
-Կյանքն ամենատարբեր անհեթեթություններ է ստեղծում եւ նշանակում դրա պահապանների: Պետական համակարգի իշխող ուժին է այսօր վերապահված անհեթեթությունը պահպանելու գործառույթը: Իսկ մյուս ուժերը, որոնք հաճախ ոչնչով չեն տարբերվում իշխող հիմնական ուժից, հիմա փորձում են ուղղել անհավասարակշռությունը: Գուցե դա անում են իրենց սեփական կարգավիճակը փոխելու ցանկությամբ կամ այլ նպատակով, բայց միեւնույն է, նրանք քայլեր են անում այդ ուղղությամբ: Ես սա շատ կարեւոր եմ համարում:
-Համամասնական ընտրակարգի գաղափարի շուրջ արդյո՞ք կհաջողվի ընդդիմադիր դաշտի լայն համախմբում, ԲՀԿ-ն կմիանա՞ այդ ճակատին, թե՞ ոչ:
-Ես իմ պատասխանների մեջ միտումնավոր չմտա այդ նկարագրությունների մեջ, որովհետեւ այսօրվա քաղաքական դաշտը խիստ հեղհեղուկ է, իր մեջ բուն քաղաքական բնույթ չի կրում: Ամեն ինչ այսօր մեզանում աղավաղված է, այդ թվում` քաղաքական դաշտը: Այնպես, թե ով ում հետ կմիանա, այնքան էլ չեմ կարեւորում, քանի որ ամենաչնչին երեւույթն անգամ կարող է ազդել այդ գործընթացի վրա: Քաղաքական դաշտը դասական իմաստով մեզանում ամենեւին էլ քաղաքական չէ: Այն իր առաջ երկրի ցանկալի պատկերը ստեղծելու ճանապարհ չունեի: Ու դա ոչ թե այն պատճառով, որ քաղաքական ուժերն են վատը, այլ որ ժամանակներն են այդպիսին, կյանքի փիլիսոփայությունն է այդպիսին: Կրկնում եմ` մեզ մոտ ամեն ինչ խախտված, աղավաղված է: Այնպես որ, հավասարակշռության վերականգնմանն ուղղված ցանկացած միասնություն պետք է ողջունել, դիտել դրական երեւույթ:
-Ձեր ասած անհավասարակշռությունը շտկելու քայլերի մեջ տեսնո՞ւմ եք արդյոք արտաքին միջամտություն, թե՞ այդ ամենը թելադրված է ներսից:
-Հայաստանում դժվար է գտնել մի երեւույթ, որը կատարվի առանց արտաքին միջամտության: Երբ կորցնում ես ուրույն, սեփական առանցքը, արտաքին աշխարհի համար դառնում ես հեղհեղուկ մի բան, որի վրա կարող է ազդել, աղավաղել ու փոխել ամեն մի ուժ: Եւ աշխարհն էլ հիմա միշտ ցանկություն ունի միջամտել` մի բան պոկելու համար:
ԻՇԽՈՂ ՈՒԺԸ ՊԱՀՊԱՆՈՒՄ Է ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ