ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻՆ ՉԵՆ ՎՍՏԱՀՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ում ՀՀ իրավական ու դատական բարեփոխումների 2012-16թթ. ծրագրի լսումների ժամանակ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտարարեց, որ պետք է ապահովել դատարանի հանդեպ վստահության աճ, եթե այսօր դատարանի նկատմամբ կա ընդամենը 15-20 տոկոս վստահություն, այն պետք է հասցնել 70-80-ի:

ՀԱՐՑ. Ի՞նչ է անհրաժեշտ դատարանների նկատմամբ նախարարի ակնկալած վստահության տոկոսը ձեռք բերելու համար:

ՊԱՏԱՍԽԱՆ.  Մենք գիտենք, որ դատական համակարգում մեր ընդգրկվելը բավականին ամոթալի մի տեխնոլոգիայով է տեղի ունենում, եւ ես կցանկանայի, որ հասկանայինք, թե ինչն է փոխվելու, քանի որ սուբյեկտիվ տարրն այնտեղ բավականին մեծ է: Թե ինչպես է դա տեղի ունենալու, ես կցանկանայի, որ նախարարը, որի անկեղծությանը ես չեմ կասկածում տվյալ դեպքում, ասեր` այդ ինչ փոփոխություն են մտցնելու մեխանիզմների մեջ, որոնցով պետք է դատավորներ նշանակվեն: Եւ պետք է հստակեցնենք, որ դատական համակարգի կայացումն իր մեջ պարունակում է քաղաքական տարր: Եւ այդ առումով ես ուզում եմ հասկանալ, թե այդ ինչ քաղաքականություն, այդ ինչ հզոր փոփոխություն է տեղի ունենալու, որի հետեւանքով դատաիրավական համակարգը դառնալու է այդքան վստահելի: Եւ վերջապես, ի՞նչ չափանիշներով եւ ո՞վ է գնահատելու այդ փոփոխությունը, որը եւս մի կարեւոր գործոն է այսպիսի հարցերում: Ցավոք սրտի, այնտեղ նշվում է չորս տարի, որ չորս տարվա մեջ է դա տեղի ունենալու: Բայց այսօր քաղաքական մեծամասնության բառապաշարը, ինքնահավանությունն արդեն իսկ վստահություն չեն ներշնչում, որ հավատանք` նրանք ընդունակ են խնդիրներ լուծել:

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Հայաստանում մարդու իրավունքների նախկին պաշտպան
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ


ՊԱՏԱՍԽԱՆ. Դա տոկոսներով չի չափվում, դա պետք է լինի հարյուր տոկոսանոց վստահություն կամ չպետք է լինի: Այսինքն` խոսել վստահության ինչ-որ տոկոսի մասին, կարծում եմ` թյուրիմացություն է: Դատարանները պետք է լինեն անկախ, դատարաններում պետք է կայացվի արդարադատություն. այս դեպքում հնարավոր կլինի խոսել ե՛ւ վստահության մասին, ե՛ւ դատարանների անկախության մասին: Մի բան, որ Հայաստանի դատարաններում գոյություն չունի: Հայաստանի դատարանները կատարում են իշխանությունների եւ իշխանավորների պատվերները: Այս պարագայում երեւի թե Հրայր Թովմասյանը ճիշտ է անում, որ տոկոսներով է խոսում, որովհետեւ ինքն այդ համակարգից է պատկերացնում իրեն: Ես հրաժարվում եմ տոկոսներով խոսել, բայց ես հարյուր տոկոսանոց արդարություն եմ ուզում:

ՎԱՐԴԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
իրավապաշտպան

ՊԱՏԱՍԽԱՆ. Արդար դատավարություն. արդար դատավարության արդյունքում բնականաբար կգրանցվի վստահության աճ:

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ
Պատրաստեց ՆԱԻՐԱ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ




Լրահոս