2013 թվականն աննախադեպ տարի էր արաքին պարտքի համար՝ 861 մլն դոլար, այն դեպքում, երբ 2012-ին եղել է 139 մլն, 2011-ին՝ 101։
«Միանգամից այսպես կտրուկ աճ, որը բյուջեի 33 տոկոսն է կազմում, ինչքանո՞վ է նպատակահարմար նման պիկը, չարժի՞ բանակցել պարտքի սպասարկման հարցում, որ ավելի սահուն լինի»,-դիմելով ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին նշեց Փաշինյանը:
Արթուր Ջավադյանը նշեց, որ 2009թ.-ին ռուսական 500 մլն դոլար վարկը վերցնելուց հետո ընդունվել է քաղաքական որոշում՝ ռուսական վարկը մարել 10 տարում։
«500 մլն-ով ավելացավ վարկերի սպասարկումը, մեծ տատանումը կապված է սպառման հետ։ 2019-20թթ.-ին, իհարկե, որոշակի պիկ ունենք, բայց մեր արտաքին ռեզերվների կառուցվածքը, արտաքին պահուստների կառուցվածքը համահունչ են պարտքի կառուցվածքին թե՛ արտարժույթի տեսակարար կշիռներում, թե՛ ժամկետների հարցում։ Դրանք հաշվի են առնվել և բոլոր տիպի պիկերը հաշվի ենք առնում»,-նշեց Ջավադյանը։
Փաշինյանն արձագանքեց, թե պատասխանն իրեն հիշեցրեց Պարույր Սևակի «Առաջադրանք բոլոր հաշվիչ մեքենաներին» բանաստեղծությունը։
«Փաստորեն, պարոն Ջավադյանի պատասխանն ավելի հասկանալի էր։ Հասկացանք, որ կայացվել է քաղաքական որոշում, և արտաքին պարտքի սպասարկման բարդությունները քցվել են 2020թ.-ի վրա։ Ասաց, որ եթե այսպես չանեինք, պիկը կլիներ 14, 15 թթ-ը։ Եթե ճիշտ հասկացա, պետությունն առաջնորդվում է «ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ» սկզբունքով։ Չեմ կարծում, որ այսօրվա իշխանությունները կլինեն իշխանության 2020թ.-ին, և սրանով որոշվել է պարտքը հեռացնել, որ բարդություն չլինի»,-նշեց Փաշինյանը։