«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ ՀՊՃՀ-ն եւ ԵՃՇՊՀ-ն կմիավորվեն այս տարվա սեպտեմբերին: Այս երկու բուհերի ռեկտորները վերջերս հանդիպել են ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին` քննարկելու միավորման գործընթացի հետ կապված խնդիրները:
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը մարտի 24-ին հրավիրած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի եւ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանների միավորմանը, հանձնարարել էր ձեւավորել աշխատանքային խումբ` բուհերի միավորման գործընթացը նախապատրաստելու նպատակով:
«Միացման հետ կապված միայն դեռ ուսումնասիրություններ են գնում, որեւէ ասելու բան չունեմ»,- «ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը, ով այդ աշխատանքային խմբի անդամ է:
Հարցին, թե ե՞րբ են ավարտվելու միավորման աշխատանքները՝ Հովհաննես Թոքմաջյանը պատասխանեց. «Դեռեւս հայտնի չէ, այնտեղ ծանր աշխատանքներ են կատարվում, ահագին հարցեր կան: Որեւէ բան ասել չեմ կարող, ընդամենն ուսումնասիրություններ են գնում»: Ռեկտորը չցանկացավ ասել, թե աշխատանքային խմբում ինչ առաջարկներ է արել եւ չպատասխանեց մեր այն հարցին, թե ինչ են քննարկել ԿԳ նախարարի հետ ունեցած վերջին հանդիպման ընթացքում:
«Ժողովուրդ»-ը, սակայն, պարզեց, որ աշխատանքային խումբն իր գործունեությունը կամփոփի ամռանը եւ արդեն սեպտեմբերին տեղի կունենա համալսարանների միավորումը:
Հարկ է հիշեցնել, որ այս համալսարանները նախկինում` ԽՍՀՄ-ի ժամանակ, մեկ միասնական բուհի կազմում էին, որը կոչվում էր Պոլիտեխնիկական ինստիտուտ: Այն երկու բուհերի է բաժանվել 1989 թվականին:
Անկախ նրանից, թե երբ տեղի կունենա համալսարանների միավորումը, ակնհայտ է, որ այն բացասական հետեւանքներ կունենա, որոնցից մեկն էլ դասախոսական կազմի անխուսափելի կրճատումն է: Միեւնույն ժամանակ բազմաթիվ մասնագիտություններ, որոնց «դարն անցել է», կհանվեն դասապրոցեսից, քանի որ ներկայում կան մասնագիտություններ, որոնց պահանջարկը եղել է ԽՍՀՄ-ի տարիներին եւ Խորհրդային միության համար, իսկ այսօր Հայաստանին նման մասնագիտություններ անհրաժեշտ չեն:
Բացի այս, տեղեկություններ կան, որ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանը պոլիտեխնիկին միավորվելու հետ կապված որոշակի պլաններ ունի նաեւ ՀՀ քաղաքաշինության նորանշանակ նախարար Նարեկ Սարգսյանը, ով նեղ մասնագիտացված կրթության կողմնակից է, եւ զուտ ճարտարապետություն ուսուցանելու նպատակով ցանկանում է առաջիկայում նոր ուսումնական հաստատություն կամ ամբիոն ստեղծել: Մեր տեղեկություններով՝ նա այդ հարցի շուրջ բանակցություններ է վարում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ:
ՏԻՐԱՅՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ