Հովիկ Աբրահամյանի կառավարությունը փորձում է ամեն գնով ներդնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, միայն թե՝ քողարկված: Սա նշանակում է, որ կառավարությունը ոչ թե գնում է խնդիրը լուծելու, այլ՝ հասարակությանը խաբելու ճանապարհով: Ի դեպ, երեկ, Սերժ Սարգսյանը կենսաթոշակային բարեփոխումների շուրջ քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենի հետ:
Կառավարության հեղինակած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների մասին նախագծում նշված է, որ կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգում ընդգրկվելուց հրաժարվելու համար քաղաքացին ինքը պետք է դիմի գործատուին: Այս ձեւակերպումն ինքնին անտրամաբանական է, քանի որ, սովորաբար, քաղաքացին ինքը պիտի դիմի իրեն այս կամ այն համակարգում ներառելու համար, այլ ոչ թե մարդուն, հակառակ իր կամքի, ընդգրկեն որեւէ համակարգում, ու նա ստիպված լինի դիմել այնտեղից «դուրս գալու» խնդրանքով:
Այս հարցում իշխանությունների հաշվարկը պարզ է. ոչ բոլորը կհամարձակվեն գործատուին նման դիմում ներկայացնել: Ավելին՝ պետական համակարգի կամ իշխանավորներին պատկանող ընկերությունների աշխատակիցներին «ներքին կարգով» կզգուշացնեն զերծ մնալ այդ քայլին դիմելուց՝ հակառակ դեպքում սպառնալով աշխատանքից ազատել: Արդյունքում՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգից հրաժարվողները շատ փոքր թիվ կկազմեն: Ու կստացվի այնպես, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը դե յուրե չկա, բայց դե ֆակտո այլ անվան տակ կշարունակի գործել:
Եվս մեկ կարեւոր հանգամանք. ՍԴ-ն «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վիճարկվող դրույթները հակասահմանադրական ճանաչելուց հետո, իր որոշման մեջ նաեւ ամրագրել է՝ պետք է վերահաշավարկ իրականացվի ու քաղաքացիներին վերադարձվի մինչ այդ վճարած գումարները: Սակայն իշխանությունները համառորեն չեն գնում այդ քայլին ու չեն վերադարձնում գումարները. իսկ թե ինչու, դժվար չէ կռահել: Այս ողջ համակարգը ներդրվեց քաղաքացիներից շատ արագ հավելյալ գումարներ հավաքելու համար, մանավանդ որ պետական բյուջեի հավաքագրման հարցում լուրջ խնդիրներ կան, եւ հիմա իշխանությունները պարզապես ի զորու չեն վերադարձնել այդ գումարները. բյուջեում փող չկա:
Հակասություններ Քառյակում
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն ԱԺ երեկվա արտահերթ նիստում բավականին թեժ քննարկումների պատճառ դարձավ, այս նախագծի շուրջ տարաձայնություններ են առաջացել նաեւ «հրաշալի քառյակ»-ի ներսում: Բանն այն է, որ ՀՅԴ-ն կողմ է կառավարության ներկայացրած նախագծին: Արծվիկ Մինասյանը երեկ հայտարարեց, որ նախագծից հանված է պարտադիր բաղադրիչն ու առաջարկվում է հաշվի առնել քաղաքացիների կամարտահայտությունը, նաեւ՝ այս տարվա հունվարի 1-ից հետո այդ վճարումները չկատարած անձինք ազատվում են պատասխանատվությունից: «Պարտադիր բաղադրիչն այլեւս չկա»,-ասաց Մինասյանը:ՀՅԴ-ի այս դիրքորոշմանը, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ նախորդել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի այցը ՀՀԿ խմբակցություն: Նա այնտեղ հանդիպում է ունեցել Աղվան Վարդանյանի եւ Արմեն Ռուստամյանի հետ, իսկ դրան արդեն հաջորդել է Արծվիկ Մինասյանի ելույթը: Սակայն այս դիրքորոշման հետ համաձայն չէր ՀԱԿ խմբակցությունը, եւ Լեւոն Զուրաբյանն իր երեկվա ելույթում բավականին կտրուկ գնահատականներ հնչեցրեց: «Առաջարկված օրինագիծը ընդամենը խաբեություն է: Իրականում կառավարությունը փորձում է այս առաջարկով ստանալ քաղաքական ուժերի համաձայնությունը եւ հետո ներկայացնել այն որպես ազգային համաձայնության մի լուծում: Կարծում եք՝ ինչո՞ւ է Հովիկ Աբրահամյանն այցելել Քառյակի նիստին եւ փորձել ստանալ քաղաքական ուժերի համաձայնությունը: Փորձում են ժողովրդի թիկունքում քաղաքական ուժերի հետ կնքել սեպարատ գործարք եւ ստանալ մի գործիք, որը թույլ կտա ժամանակ շահել եւ թուլացնել «Դեմ եմ»-ի, քաղաքացիական ուժերի ճնշումները: Մենք հայտարարում ենք՝ Կոնգրեսը չի կիսի պատասխանատվություն այս խաբեության համար: Մենք սեպարատ գործարքի չենք գնա… Կառավարության պահվածքը ցույց է տալիս, որ կառավարության փոփոխությունից ոչինչ չի փոխվել: Սա Սերժ Սարգսյանի ծրագիրն է եւ իրագործվելու է մինչեւ վերջ: Եվ միակ ձեւը դիմադրելն է, որը թույլ կտա վիժեցնել այս թալանչիական ծրագիրը: Կոնգրեսը դեմ է քվեարկելու այս կիսամիջոցներին»,- ասաց Զուրաբյանը: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա նրանք այս հարցում դեռեւս կոնկրետ տեսակետ չունեն. ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը խմբակցության անունից իր ելույթում նշեց, թե իրենք իշխանություններից այս համակարգի հետ կապված կոնկրետ գնահատական են պահանջում, եւ օրենսդրական փոփոխությունները պետք է կրեն ոչ թե տեխնիկական բնույթ, այլ՝ «ենթադրեն քաղաքական կուրսի փոփոխություն»: «ԲՀԿ-ի քվեարկությունն էլ պայմանավորված կլինի իմ հարցադրումների նկատմամբ ձեր մոտեցումներով, հատկապես քաղաքական գնահատականով՝ գնում եք հե՞տ, առա՞ջ, թե՞ տեղում եք մնում»,- ասաց նա: «Ժառանգություն»-ը եւս չի հստակեցրել իր դիրքորոշումը:
Ի դեպ, այսքանից հետո անհայտ է մնում նաեւ Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխությունների՝ «հրաշալի քառյակ»-ի հեղինակած նախագծի ճակատագիրը, որը նրանք ուզում էին խորհրդարանում արտահերթ քննարկման ներկայացնել: Քառյակն առաջարկում է՝ կուտակային կենսաթոշակային համակարգից օգտվելու ցանկության դեպքում քաղաքացին ինքը համապատասխան դիմում ներկայացնի: Երեկվա դրությամբ չորս ուժերը դեռ չէին որոշել՝ արտահերթ քննարկման կներկայացնե՞ն իրենց նախագիծը, թե՞ ոչ:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ